Այս օրերին, երբ ամենանողկալի ու ծիծաղաշարժ <փաստարկներով> հող են նախապատրաստում, որպեսզի ԲՀԿ-ական մանդատավոր Յուվեցի Կարոյի փեսային ջրից դուրս բերեն, ով օրը ցերեկով առաջնորդվելով իր նմաններին բնորոշ բնազդով՝ կրակահերթ էր բացել հանրային վայրում ու հինգը հոգու վիրավորել, հայաստանյան արդարադատության ատյաններում շարունակում են նույնկերպ բռնաբարել արդարությունը սիրված դերասան Վարդան Պետրոսյանի գործի դեպքում։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով հունիսի վեցին շարունակվել է դատական հերթական նիստը,որի ընթացքում սակայն աղաղակող փաստեր են բացահայտվել՝ հօգուտ Վարդան Պետրոսյանի։Եւ ահա, պարզվել է, որ նոյեմբերի 5-ին արդեն Վարդան Պետրոսյանի կենսագրական տվյալների վրա արգելանք է դրվել եւ նա չէր կարող հատել ՀՀ սահմանը՝ անկախ նրանից, թե ինչ անձնագիր կլիներ նրա մոտ: Սա այն դեպքում, երբ նոյեմբերի 5-ին Վարդան Պետրոսյանը կասկածյալ չի էլ եղել:Վերջինի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն դատարանի ուշադրությունը հրավիրեց քրեական գործի նյութերում առկա քննիչի ծանուցմանը` թվագրված նոյեմբերի 4-ով, որով Վարդան Պետրոսյանին քննիչ Հայկարամ Հակոբյանը նոյեմբերի 7-ին, վկայի կարգավիճակով հրավիրում է ոստիկանության բաժի: Իսկ ծանուցումը Վարդան Պետրոսյանն ստացել է նոյեմբերի 6-ին:Նոյեմբերի 5-ին էլ որոշում է կայացվել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին:
Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն փաստաթղթերի այս հակասությունները բացատրել է նրանով, որ նոյեմբերի 4-ին ծանուցագիր է դուրս գրվել՝ Վարդան Պետրոսյանին՝ որպես վկա հրավիրելու մասին, սակայն նույն օրը ոստիկանության բաժնից քննիչին տեղեկացրել են, որ նոյեմբերի 3-ին Վ.Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից և գնացել է տուն, ինչը քննիչի մոտ կասկած է առաջացրել, որ Վարդան Պետրոսյանը «կարող է խուսափել»: Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն էլ կարծիքը հայտնել․«Քննիչը մի պահ կորցրել է Վարդան Պետրոսյանին իր տեսադաշտից։ Հնարավոր էր 2-րդ անձնագրով Վարդան Պետրոսյանը հեռանար հանրապետությունից, դա է եղել պատճառը, որ նա ձերբակալման որոշում է կայացրել»:
«Ի՞նչ է նշանակում՝ մի պահ կորցնել Վարդան Պետրոսյանին տեսադաշտից: Սա բացառվում է: Հիվանդանոցում գտնվելու 3-րդ օրվանից ինձ համար բոլոր սահմանները փակ են եղել: Նախ այն մարդը չէի, որ սողեսող փախչեի, այդ մասին բոլորը գիտեն: Քննիչն էլ գիտի, ես էլ փախչող մարդ չեմ»,-արձագանքել է Վարդան Պետրոսյանը:
Քննիչ Հակոբյանի կազմած մեկ այլ արձանագրության համաձայն էլ ինքը Վարդան Պետրոսյանի` հիվանդանոցից դուրս գրվելու կապակցությամբ զանգահարել է նրա քրոջը` Աշխեն Պետրոսյանին, ով հայտնել է, որ եղբայրը գտնվում է իր տանը, որի հասցեն արձանագրության մեջ նշված է:
Ըստ փաստաթղթի՝ քննիչն առաջարկել է գնալ և հարցաքննել նրան, քանի որ քույրն ասել էր, որ Վարդան Պետրոսյանը, առողջական վիճակից ելնելով, չի կարող ներկայանալ ոստիկանություն, բայց Աշխեն Պետրոսյանը հայտարարել է, թե քննիչին թույլ չի տա տուն մտնել:
«Այստեղ փորձառու քննիչը մեծ սխալ է թույլ տվել. զանգահարել է քրոջս բոլորովին այլ հեռախոսահամարով, ու քրոջս հետ խոսելուց հետո պարզել, որ քույրս նրան իր տուն չի թողնի, ապշեցուցիչ բան է»,- պարզաբանել է Վարդան Պետրոսյանը` հայտարարելով, որ արձանագրության մեջ քննիչի նշած հեռախոսահամարը Աշխեն Պետրոսյանինը չէ եւ իրենց ընտանիքում էլ մարդկանց հետ շփվելու նման մշակույթ չկա, որ տուն չթողնեն։ Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ հայտարարել է, որ քննիչ Հակոբյանն այդ օրերին իր հետ պարբերաբար կապի մեջ է եղել և հրաշալի իմացել է, որ Վարդան Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ու գտնվում է քրոջ տանը:
Ավելին` համաձայնել է՝ապաքինվելուց հետո Վարդան Պետրոսյանը պետք է հնարավորություն ունենա այցելել տուժողներին ու փորձել նրանց հետ հաշտության եզրեր գտնել: Սակայն Վարդան Պետրոսյանին ձերբակալելով՝ նախաքննական մարմինը, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, զրկել է իր պաշտպանյալին նման հնարավորությունից: Թե ում է դա անհրաժեշտ եղել, թերեւս կբացահայտվի առաջիկա նիստերի ընթացքում։
Աղբյուր՝ hayeli.am