Ժամը 03:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի եկեղեցու մոտ ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետի տեղակալ Գուրգեն Գյոզալյանի գլխավորությամբ, տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Մարատ Դուրյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:
Օպերատիվ քննչական խումբը նշված գյուղի եկեղեցու հարևանությամբ գտնվող գերեզմանացում հայտնաբերել է Nissan March մակնիշի 34 LV 358 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին վնասված:
Արագածոտնի մարզային վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի և Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 21 հրշեջ փրկարարական խումբը, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով, վթարված ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 33-ամյա Տիգրան Ստեփանյանի դին: Պարզվել է, որ Nissan March-ը վարել է վերջինս և Փարպի գյուղ մտնելու ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե և երկաթե արգելապատնեշներին և շրջվելով հայտնվել գյուղի գերեզմանոցում:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը աշխատում էր Եվրոպա ռեստորանային համալիրում որպես խոհարար․ ամուսնացած էր ուներ 3 մանկահասակ երեխաներ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի