Ռուսական Տյումեն քաղաքի ոստիկանության քննիչները բացահայտել են երեք օր առաջ քաղաքը ցնցած դաժան սպանության մանրամասները: Ապրիլի 21-ին սեփական բնակարանում սպանվել էր 26-ամյա Նունե Սարգսյանը. ծննդյան տարեդարձի օրը նա դանակի շուրջ 40 հարված էր ստացել:
Իրավապահները «սպանություն» հոդվածով քրեական գործ էին հարուցել: Գրեթե անմիջապես աղջկա հարազատները եւ ծանոթները սոցցանցերում տեղեկություն էին տարածել, որ այդ օրը նա ծննդյան տարեդարձն էր նշում, եւ որ պատվիրված պիցցային է սպասելիս եղել: Պարզվել է, որ հենց պիցցայի ցրողն է սպանել դժբախտին:
22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը պիցցայի առաքման ծառայությունում էր աշխատում եւ այդ օրը Նունեի պատվերն առաքելու հրահանգ էր ստացել:
«Նունե Սարգսյանի բնակարան մուտք գործելով, նա որոշել է տիրանալ աղջկա ունեցվածքին»,- տեղեկացրել են գործով զբաղվող հետաքննչական խմբից: Մեղադրյալը հեռացել է, ապա մի փոքր անց կրկին վերադարձել` պատվերի գումարը վերստուգելու պատրվակով: Տանտիրուհին համաձայնել է ներս թողնել նրան: Այնուհետեւ Կովրիգինը դանակ է հանել եւ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել, որ աղջիկը իրեն հանձնի ձեռքի տակ եղած ողջ գումարն ու արժեքավոր իրերը: Ստանալով պահանջվածը` ոսկե մատանիներ եւ գումար, չարագործը, մտավախությամբ, որ տուժողը տեղի ունեցածի մասին կհայտնի իրավապահ մարմիններին, նրան դանակի առնվազն 40 հարված է հասցրել:
«ВКонтакте» սոցցանցի հարյուրավոր օգտատերեր ցավակցություն են հայտնել վանաձորցի Նունե Սարգսյանի հարազատներին: Նունեն երեք երեխա է թողել, որոնց ամենափոքրն ընդամենը 3 ամսական է: