Երբ չկա բարձրագույն իշխանության կողմից որեւէ դիրքորոշում որեւէ միջադեպի կապակցությամբ` ԶԼՄ-ներն առաջնորդվում են կայսերապաշտական մղումներով` մրոտել թեկուզ դաշնակից, բարեկամական երկրներին, միայն թե պաշտպանեն, իրենց իսկ որակումներով` ռուս հանցագործի:
Իրավիճակը փոխվում է, երբ ՌԴ նախագահը ուշացումով արձագանքում է միջադեպին: Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Ռուսաստանի նախագահը եւս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին եւ ամբողջ հայ ժողովրդին։
Թե «եւս մեկ անգամ» ինչ է նշանակում, ոչ մեկին պարզ չէ, որովհետեւ, եթե դա արդեն երկրորդ անգամն է, ապա առաջին անգամվա ցավակցականի մասին հայտնի չէ որեւէ մեկին, քանի որ չի եղել նման տեղեկատվություն ոչ ռուսական, ոչ էլ մեր տեղեկատվական աղբյուրներով:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ կիրականացվի համակողմանի արդյունավետ քննություն, եւ մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ակտիվորեն շարունակելու են դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները: Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները կարեւորել են այս հարցում երկու երկրների իրավապահ մարմինների առավելագույն սերտ համագործակցությունը:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հայ եւ ռուս լավագույն բժիշկների ջանքերի արդյունքում Ավետիսյանների ընտանիքից ողջ մնացած միակ անդամը՝ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանը, կապաքինվի։ Վլադիմիր Պուտինը նաեւ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան հատուկ բժշկական ինքնաթիռ ուղարկելու՝ երեխայի հետագա բուժումը շարունակելու նպատակով նրան Մոսկվա տեղափոխելու համար։
Սերժ Սարգսյանն ու Պուտինը քննարկել են նաեւ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Եւ այս զանգից հետո ռուսական մարդասիրությունը հանկարծակի դրսեւորվեց առանձնակի շուքով:
Նախ` երեկ հայտնի դարձավ, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի կայազորային եկեղեցում հունվարի 15-ին հոգեհանգստի արարողություն է անցկացվել՝ ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Համայն Ռուսիո եւ Մոսկովյան պատրիարքության ներկայացուցչության կայքում տեղադրված հաղորդագրությունից, եկեղեցում հավաքված ռազմաբազայի զինծառայողներին ուղղված խոսքում վանահայր Անդրեյն իր խորը ցավակցությունն է հայտնել անմեղ զոհերի ընտանիքին եւ ընդգծել. «Չարը ոչ ազգություն, ոչ քաղաքացիություն ունի, որովհետեւ չարի հայրը սատանան է՝ Աստծո եւ մարդու թշնամին… Ոչ ոք ավելի լավ չգիտի մարդկային կյանքի գինը, որքան զինծառայողը»: Հոգեհանգստի արարողություններ են մատուցվել նաեւ ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի բանակային վանքերի մեծամասնությունում: «Սա բանակային հոգեւորականության հոգեւոր միասնության վկայությունն էր, որը կիսում է եղբայրական հայ ժողովրդի ցավը»,- ասված է հաղորդագրությունում:
Այնուհետեւ ռուսական մեդիան ողողվեց հայերից ներողություն խնդրելու ակցիաներ: Նախ` հաղորդավար Անդրեյ Մալախովը երեկ Երեւանում այցելեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկին՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին, որի առողջության համար պայքարում են հայ եւ ռուս բժիշկները:
Ապա Մալախովը այցելել է Գյումրի` ցավակցել ու ներողություն է խնդրել: Մալախովը ցավակցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ ու ներողություն խնդրել իր «Пусть говорят» հաղորդման ժամանակ հայերի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտությունների համար:
Նույն Մալախովը, երբ ողջ Գյումրին ու հայ ժողովուրդը սգում էր անմեղ ընտանիքի գնդակահարությունը, իր հաղորդման մեջ քննարկում էր Կրասնոդարի երկրամասում ապրող 3 հայ տղամարդկանց ռուս կնոջ համար իրար ծեծելու պատմությունը՝ հայ ժողովրդին սեւացնելով:
Ըստ «Առավոտ»-ի տեղեկությունների` Անդրեյ Մալախովը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվել է նաեւ հայ-ռուսական հարաբերություններով: Գյումրու քաղաքապետը նրան փոխանցել է, որ կոնկրետ Գյումրիում դրանք դարավոր պատմություն ունեն, ակնարկել է, որ հյուրասեր գյումրեցիները ռուս զինվորի հանդեպ միշտ հարգալից, հոգատար վերաբերմունք են ունեցել: Սամվել Բալասանյանը, Լիլիթ Մակարյանի փոխանցմամբ, նաեւ վստահություն է հայտնել, որ մի հանցագործի պատճառով սեպ չի խրվի հայ-ռուսական հարաբերություններում: Մալախովը եղել է նաեւ Գյումրու Մյասնիկյան փողոցում, որտեղ տեղի է ունեցել սպանդը, զրուցել Ավետիսյանների հարեւանների հետ ու առաջարկել է նրանցից ոմանց 3 օրով իր հեռուստաալիքի ֆինանսավորմամբ տանել Մոսկվա՝ այս սպանության մասին պատրաստվող հատուկ թողարկմանը մասնակից դարձնելու:
Ռուսաստանի պետական հեռուստաընկերության РОССИЯ 1 ալիքի կիրակնоրյա ծրագիրը, որը վարում է «Ռուսաստանն այսօր» գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովն, նույնպես անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը: Կիսելյովը մասնավորապես նշել է, որ այն ինչ տեղի է ունեցել Գյումրիում հնարավոր չէր անգամ պատկերացնել: «Այս վայրի հանցագործությունը հակասում է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ոգուն»,- ասել է մեկնաբանը, ով հավելել է, որ Ռուսաստանը գիտակցում է հայ ժողովրդի վերապրած մղձավանջի խորությունը: Սա ընդհանուր ցավ է, որը պետք է ավելի մոտեցնի հայ եւ ռուս ժողովուրդներին, քանզի երկու ազգերը միշտ միասին են եղել փորձության պահերին, ամփոփել է Կիսելյովը:
«Россия 1» հեռուստաալիքի «Воскресный вечер» հաղորդման ընթացքում ուղիղ եթերում Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ՌԴ քաղաքական գործիչներ, Պետդումայի ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ այլոք: Ռուսաստանցի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը քննարկումից հետո, հաղորդման ավարտին իր պարտքն է համարել Գյումրիում տեղի ունեցած դաժան ոճրագործության կապակցությամբ ցավակցել եղբայրական հայ մեծ ժողովրդին՝ նշելով, որ հանցագործներ կան բոլոր ազգությունների եւ ժողովուրդների մեջ:
Ուշացած ցավակցականները կարելի է բացատրել նրանով, որ ռուսները գիտակցեցին, որ իրենց պահվածքով հենց իրենք էլ հայ-ռուսական հարաբերություններում լարում մտցնում եւ քաղաքականացնում հարցը: Բայց հիմա, երբ պարզ է, որ ռուսական կողմը չի ցանկանում հայ իրավապահներին հանձնել հանցագործին` այլ հարց է առաջ գալիս` ի՞նչ են ցանկանում թաքցնել ռուսները ու ինչո՞ւ են այդ բացը փորձում ծածկել քարոզչական հնարքներով` հանկարծակի հոգատարություն ցուցադրելով…

hayeli.am