«Փոխնակ մայրությունը թե’ հետերոսեքսուալ, թե’ նույնասեռական զույգերի համար թույլատրելի է Հայաստանում»,- գրված է փոխնակ մայրության և սերմնաբջիջների դոնորության հարցերով զբաղվող Find Surrogate Mother կազմակերպության կայքում: Կան նաև ֆորումներ, որտեղ նույնասեռական տղաները հարցուփորձ են անում, թե ինչպես այստեղ փոխնակ մայր գտնել:


Պարզվում է, որ Հայաստանն այս առումով գայթակղիչ է մի քանի պատճառով:  Surrogacy Clinics կայքից տեղեկանում ենք, որ նախ, ի տարբերություն այլ երկրների, այստեղ փոխնակ մոր ծառայությունից օգտվելը մի քանի անգամ էժան է. «Հայաստանում փոխնակության արժեքը բավականին ցածր է, եթե համեմատում ենք ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հետ: Սակայն ցածր գները չեն նշանակում առաջարկվող ծառայությունների վատ որակ»:


Նշվում է նաև, թե, ի տարբերություն ՀՀ-ի, այլ երկրներում հաճախ կլինիկաները մերժում են միասեռականների դիմումներն այն հիմքով, որ միասեռական տղամարդիկ չեն կարող ապահովել երեխայի ընդհանուր զարգացման համար անհրաժեշտ պայմանները:


«Սիրունյան» փաստաբանական գրասենյակը 2009 թվականից զբաղվում է փոխնակ մայրերի և պատվիրատու զույգերի միջև պայմանագրեր կազմելու հարցերով: Հարցին` որքանո՞վ է իրական վերոնշյալը, գրասենյակի ղեկավար, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Yerkir.am հետ զրույցում պատասխանեց. «Կարող է նույնիսկ չիմանաս էլ, որ միասեռական է: Տղամարդը պատվիրում է այդ ծառայությունը, ծնված երեխայի նկատմամբ գրանցվում որպես միայնակ հայր, իսկ հետո արդեն ինքը գիտի…»:


Սակայն վերոնշյալ աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանը հրապուրիչ է ոչ միայն նույնասեռական, այլև, առհասարակ, անպտղության խնդիր ունեցող զույգերի համար: Բացի այն բանից, որ այստեղ գները ցածր են, և կա լիբերալ օրենսդրություն, ի տարբերություն եվրոպական շատ երկրների, որտեղ կոմերցիոն փոխնակությունը քրեորեն պատժելի արարք է համարվում, կարևորվում է նաև փոխնակ կանանց պատասխանատու մոտեցումը հղիությանն ու ծննդաբերությանը:


Անպտուղ զույգերի համար սերմնաբջիջների դոնորներ, փոխնակ մայրեր գտնելու հարցերով զբաղվող «Առողջ միտք» ՍՊԸ-ի նախագահ Դավիթ Մխիթարյանը, սակայն, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արտերկրում ապրող պատվիրատուների թիվը գնալով նվազում է: «Մեզ մոտ շատ էին գալիս, նախ` գների ցածր լինելու պատճառով, երկրորդ` տեղի կանայք չունեն վատ սովորություններ` չեն խմում, չեն ծխում և այլն: Նախընտրում էին մեզ մոտ գալ, հիմա կրկնակի նվազել են տեմպերը»,- ասաց նա:


Պատճառը թերևս այն է, որ 2012 թվականին խորհրադարանական քննարկումներ եղան, որոնց ժամանակ բավական կոշտ տեսակետներ էին հնչում, որ պետք է արգելվի արտերկյա քաղաքացիներին, որ ՀՀ-ում հայ փոխնակ մայրերի ծառայություններից օգտվեն: Սակայն դեռևս արգելք չկա, կա միայն սահմանափակում:  


«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է հետևյալը. «Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա և կիրառվում է այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում կապված է մարդու վերարտադրողականության հետ»:


Այսինքն` արգելքը վերաբերում է միայն ՀՀ-ից դուրս բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, իսկ այն հարցին, թե ի՞նչ է նշանակում ՀՀ-ում բնակվող` արդյո՞ք, օրինակ, մեկ ամիս ՀՀ-ում ապրելը բավարար է փոխնակ մայր վարձելու համար, փաստաբան Ա. Սիրունյանը պատասխանեց. «Ահա այստեղ կազուս կա»: Նշենք, որ խորհրդարանական քննարկումների ժամանակ առաջ է քաշվել օտարերկրյա քաղաքացիների` մինչև երեք տարի ՀՀ-ում բնակվելու պայմանը: Սակայն օրենսդրական որևէ փոփոխություն դեռևս չի արվել:


Դիտարկմանը, որ եթե օրենքում փոփոխություններ լինեն, ապա արդեն իսկ առկա` պատվիրատուների նվազումը, ի վերջո, հանգեցնելու է շուկայի անկմանը, Դ. Մխիթարյանը պատասխանեց. «Օրենքն ընդունողները հիմքեր են ունեցել` հարցին նման լուծումներ տալու համար: Չեմ ուզում գնահատական տալ, քանի որ ինձ իրավունք չեմ վերապահում քննարկել այդ օրենքը`անկախ նրանից` ձեռնտո՞ւ է ինձ, թե՞ ոչ: Կլինեն ավելի շատ խստացումներ, էլի կաշխատենք օրենքի սահմաններում»:


Սակայն նա նշեց նաև, որ իրենց կազմակերպությունն օտարազգի պատվիրատուներ գրեթե չի ունեցել, միայն 3-4 զույգի դեպքում ամուսինն այլազգի է եղել: Պատվիրատու արտերկյա քաղաքացիները հիմնականում հայեր են:


Հետագայում օրենսդրական փոփոխություններ կատարելու դեպքում պետք է հաշվի առնվեն այս հանգամանքները:


Հ.Գ. Թե որքանո՞վ է ընդունելի միասեռական ընտանիքում երեխաների առկայությունը, փորձեցինք պարզել նաև ԼԳԲՏ անձանց իրավապաշտպանությամբ զբաղվող «Փինք Արմենիա» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանից, սակայն նա հրաժարվեց խոսել մեզ հետ:


Ա.Կ.


Աղբյուր՝ www.yerkir.am