Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» (1:1) հանդիպման ընդմիջման ժամանակ դաշտի տերերի պաշտպան Արման Հովհաննիսյանը հանդերձարան գնալու կես-ճանապարհից արագ վերադարձել է խաղադաշտ:

«Ֆուտբոլ 365»-ը գրում է. «Հետաքրքիր է, որ հանդերձարան մարզաշապիկով իջնող ֆուտբոլիստը խաղադաշտ ներխուժեց առանց մարզաշապիկի և մեջքին’ կարմիր հետքեր: Պարզ էր, որ այնտեղ նրան հարվածել են: Փոխարինողների կազմի խաղացողները մոտեցան ֆուտբոլիստին: Որքան թույլ տվեց հեռավորությունը, կարելի էր ենթադրել, որ ֆուտբոլիստները հանգստացնում էին իրենց խաղընկերոջը»:

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշել է, որ միջադեպի վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, քանի որ ոչինչ չի տեսել: Իսկ ֆուտբոլիստին փոխարինելու որոշման մասին Սարգիս Հովսեփյանն ասել է, որ դա պայմանավորված է եղել պարզապես Հովհաննիսյանի հոգնածությամբ:

Հավելենք` ըստ կանոնակարգի, հանդերձարան տանող ճանապարհին կարող են լինել միայն ոստիկանները և խաղին հայտավորված ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը:

allsport.am