Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 18-ին, ՕԵԿ խմբակցության 20 րոպե ընդմիջման ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանի միջեւ:
ԱԺ միջանցքում Սեյրան Սարոյանը Փոստանջյանին հորդորեց «Սուրիկին ամեն ինչ ասել, սակայն ընտանիքին չկպնել»:
«Լսի, աղջիկ ջան, դու ընտանիքի հետ ի՞նչ գործ ունես: Սուրիկին ինչ ուզում ես, ասա, քաղաքական գործիչ ես, ճիշտ ես անում, բայց ընտանիքի հետ ի՞նչ գործ ունես: Ի՞նչ գիտես, որ էդ տղան հանցագործություն ա արել»,- բորբոքված ասաց գեներալ Սեյրան Սարոյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց, թե Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, այժմ մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ, իսկ նախկինում մշտապես խուսափել է դատաքննությունից եւ նախաքննությունից: Մինչդեռ, Սեյրան Սարոյանը հորդորեց չվարկաբեկել Տիգրան Խաչատրյանին՝ նշելով, որ «ընտանիքներին երբեք չպետք է կպնել»:
«Իրա ընտանիքը շատ բարոյական ա, ավել-պակաս մի խոսա, եթե իր ընտանիքին, կնոջը չես ճանաչում, մի խոսա»,- ասաց գեներալը, ինչին ի պատասխան Զարուհի Փոստանջյանն ասաց. «Տիգրանը նարկաման ա, Բուդաղյանների գործում դա ապացուցված է փորձագիտական եզրակացությամբ»:
Փոստանջյանի խոսքից հետո Սեյրան Սարոյանը բարկացավ՝ պատգամավորի «մարդուն ու երեխեքին անվանելով նարկամաններ»:
«Տղայա, կռվարար ա, բայց նարկաման չի»,- խոսքը եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նշենք, որ ԱԺ նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմեց Գալուստ Սահակյանին՝ պահանջելով շրջանառության մեջ դնել իր ԱԺ հայտարարության նախագիծը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ վերջինիս որդու մասին: Հենց սա էլ բարկացրել էր Սեյրան Սարոյանին: