ՌԴ-ում հունվարի 31-ին հայերի մասնակցությամբ տեղի ունեցած փոխհրաձգության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Ինչպես հաղորդում է տեղական 47News լրատվամիջոցը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները, փոխհրաձգության պատճառը եղել է 60 հազար ռուբլու (մոտ 360 հազար ՀՀ դրամ) համար ծագած վեճը:
Պարզվել է, որ վեճն առաջացել է ավտոտեխսպասարկման սրահի սեփականատերերի միջեւ, երբ նրանցից մեկը՝ ոմն Արթուր, ներդրել է 60 հազար ռուբլի: Վերջինս էլ մի խումբ երիտասարդների ուղարկել էր սրահ՝ հարցը լուծելու եւ իր գումարը հետ ստանալու պահանջով: Զինված երիտասարդները, սակայն, հանդիպել են սրահի աշխատակիցների դիմադրությանը, ինչից հետո կրակոցներ են հնչել:
«Հայտնի է, որ կրակել է միայն մեկ կողմը: Խառնաշփոթի մեջ նրանք հրազենային վնասվածքներ են հասցրել նաեւ իրենց ընկերներին»,- պատմել է իրավապահ մարմինների աշխատակիցը:
Նշենք, որ արդեն հայտնի են փոխհրաձգությանը մասնակցած բոլոր անձանց տվյալները, ինչպես նաեւ հայտնաբերվել է Արթուրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հունվարի 31-ին երեկոյան ավտոսերվիսի հարեւանությամբ գտնվող ավտոտնակներին է մոտեցել սեւ Mercedes՝ 444 համարանիշով, որից էլ կրակ է բացվել ավտոսերվիսում գտնվողների ուղղությամբ:
Ականատեսի պատմելով՝ սրահում գտնվողները եւս զինված են եղել:
Պարզվել է, որ հրաձգության հետեւանքով սպանվել են 60-ամյա Հրայր Վարդանյանը եւ 45-ամյա Արմեն Խուրշուդյանը: Հիվանդանոցում են գտնվում 26-ամյա Վախթանգ Սարգսյանը եւ 50-ամյա տղամարդ, որի ինքնությունը դեռեւս հայտնի չէ:Սպանվածներից Հրայր Վարդանյանը Լոռու մարզի Կաթնաջուր համայնքից է: