Հայաստանի ազգային հավաքականի եւ Կարագանդայի «Շախտյորի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը դադարեցնում է իր ելույթները Հայաստանի ազգային հավաքականում։ Այդ մասին նա հայտնել է NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում։

Ռոբերտ, վերջերս կրկին վերադարձար Ղազախստան: Ինչպե՞ս են գործերդ: Ե՞րբ է լինելու քո նորամուտը:

Ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է: Պատրաստվում եմ մարտի 12-ին «Աստանայի» հետ խաղին: Այդ օրն է կլինի նորամուտս: Այժմ «Շախտյորում» ձեւավորվել է շատ լավ թիմ: Ունենք շատ լավ մարզիչ:

Ո՞րն է թիմի առջեւ դրված առաջնային նպատակը այս խաղաշրջանում:

Առաջնային նպատակը վեցնյակ մտնել է, որը մեզ հնարավորություն կտա պայքարել մրցանակային տեղերի համար:

«Ակտոբեի» երկրպագուները չե՞ն դժգոհում, որ գնացիր մրցակից թիմ:

Շատերը գրում էին, որ վերադառնամ «Ակտոբե», կամ ինչո՞ւ ընտրեցի «Շախտյորը»: Բայց հիմա ես «Շախտյորի» ֆուտբոլիստ եմ եւ շատ ուրախ եմ դրա համար:

Ռոբերտ, անցել է մի քանի ամիս, ինչ Հայաստանի ազգային հավաքականի ինը ֆուտբոլիստներ նամակով հանդես եկան, որտեղ հայտնեցին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից հնչեցված բոլոր մեղադրանքները իրենց հասցեին չեն համապատասխանում իրականությանը: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Միանալո՞ւ ես հավաքականի առաջիկա խաղին:

Ես շատ եմ մտածել եւ որոշել եմ ավարտել ելույթներս ազգային հավաքականում: Ես չէի ցանկանա այս թեմայի շուրջ շատ խոսել, բայց նշեմ, որ հաշվի առնելով իմ և խաղընկերներիս հասցեին հնչած անհիմն մեղադրանքները, այդ թվում եւ Ֆրանսիայի արտագնա խաղից իբր թե հրաժարվելը, ես դադարեցնում եմ հավաքականում ելույթ ունենալը: Շնորհակալություն եմ հայտնում անխտիր բոլոր երկրպագուներին: Իմ անցկացրած 11 տարիների, 74 խաղերի ընթացքում միշտ զգացել եմ ձեր անմնացորդ աջակցությունը մեզ:

news.am