Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ» լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը համաձայնվել է մասնակցել Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղին: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին հայտնեցին միջոցառման կազմակերպիչները:
80-90-ակնների աշխարհի և ԽՍՀՄ աստղերի միջև հանդիպումը տեղի է ունենալու մարտի 28-ին Երևանի Հանրապետական ստադիոնում:
Հիշեցնենք, որ Ռոբերտո Կարլոսը 2002-ին Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն: «Ռեալի» կազմում նա երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը (1998, 2000, 2002 թթ):
Այժմ 41-ամյա բրազիլացին գլխավորում է Թուրքիայի Առաջին լիգայում հանդես եկող «Ակհիսեր «Բելեդիեսպորը»: Նա Թուրքիայի լավագույն մարզիչ էր ճանաչվել 2014-ին, երբ աշխատում էր «Սիվասպորում»:
Մինչ այդ NEWS.am-ն արդեն հայտնել էր, որ խաղին մասնակցելու իրենց համաձայնությունն են տվել 2006-ի աշխարհի իտալացի չեմպիոններ Ջենարո Գատուզոն և Մարկո Մատերացցին, ինչպես նաև Բուլղարիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը, 1998-ի աշխարհի և 2000-ի Եվրոպայի չեմպիոն Ֆրանսիացի Վենսան Կանդելան, ֆիննական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստ Յարի Լիտմանենը, 1994-ի աշխարհի չեմպիոն բրազիլացի Ալդաիրը, ինչպես նաև «Բորուսսիա» Դորտմունդի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Պատրկ Բերգերը:
Գերմանացի Ռուդի Ֆյոլերն ու լեհ Զբինգև Բոնեկը չեն կարողանա ժամանալ, քանի- որ այդ օրերին այլ ծրագրեր ունեն, սակայն խնդրել են փոխանցել հոբելյարին առողջություն և ամենայն բարիք: Մոտ օրերս կհաստատվի աշխարհի հավաքականի ամբողաջական ցուցակը:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ հավաքականն ունի հետևյալ կազմը.
Խ. Հովհաննիսյան, Ս. Չերչեսով, Օ. Գաբելիա, Վ. Խիդյատուլին, Յ. Գավրիլով, Ս. Շավլո, Վ. Շմարով, Գ. Յարցեւ, Օ. Ռոմանցեւ, Լ. Բուրյակ, Ա. Միխաիլիչենկո, Վ. Բեսոնով, Ա. Դեմյանենկո, Ի. Բելանով, Ա. Սարգսյան, Ա. Չիվաձե, Տ. Սուլակվելիձե, Վ. Գուցաեւ, Վ.Գազաեւ, Ա. Ցվեյբա, Վ. Կեչինով, Դ. Խլեստով, Ա. Տարխանով, Ս. Գորլուկովիչ. գլխ. մարզիչ՝ Ա. Բիշովեց, մարզիչ՝ Ե. Լովչեւ: