Ռուսաստանի Դաշնության կողմից միգրացիոն օրենսդրության փոփոխությունները բավական անհարմար վիճակում են դրել այս ամիսներին Ռուսաստան մեկնող հայազգի քաղաքացիներին: Թեև փոփոխություններից հետո Ռուսաստանի դեսպանատունը և տարբեր գերատեսչություններ հայտարարեցին, թե Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները Դաշնային միգրացիոն ծառայության կայքում նախապես պետք է ստուգեն և պարզեն, թե իրենց անձի հետ կապված երկիր մուտքի արգելքի հիմքեր կա՞ն, թե՞ ոչ, սակայն նույնիսկ այդ պարագայում բազմաթիվ քաղաքացիների սահմանից հետ են ուղարկում: Այսինքն՝ նշված կայքում ստուգում են, պարզվում է՝ որևէ խոչընդոտ չկա իրենց հետ կապված, սակայն սահմանը հատելուց իրենց տեղեկացնում են, որ ինչ-որ խախտման պատճառով չեն կարող մուտք գործել ՌԴ տարածք:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն այս տարվա 4 ամիսներին մոտ 30 հազար ՀՀ քաղաքացի է մերժվել:

20 օր առաջ ավտոբուսով Ռուսաստան մեկնել ցանկացող Վահան Զոհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նախապես կայքում ստուգել էր, պարզել, որ ամեն ինչ «մաքուր» է, և տոմս էր գնել, սակայն Լարսի անցակետում իրեն տեղեկացրել էին, որ ինքը անցած տարի խախտել է Ռուսաստանում գտնվելու ժամկետը:

«Ինձ հետ ուղարկեցին ու ասացին, որ ես նախորդ անգամ 4 օր ավելի եմ մնացել, այսինքն՝ խախտել եմ ժամկետը, բայց գնալուց առաջ ես ստուգել էի, ու ամեն ինչ մաքուր էր ցույց տալիս»,- ասաց Վահանը:

Վերջինիս խոսքով՝ այդ օրը միայն ինքը հետ չի ուղարկվել: Ավտոբուսում եղած 24 հոգուց միայն 2-ն են հատել սահմանը, իսկ մնացած 22-ը մերժվել են:

«Ահավոր վիճակ էր, բացի մեր ավտոբուսից՝ էլի ավտոբուսներ կային, երթուղայիններ, ու բոլորին էլ հետ էին ուղարկում, շատ քիչ մարդու էին թողնում: Բայց հետաքրքիրն էն ա, որ բոլորն էլ ասում էին, թե նայել են կայքում, և ամեն ինչ մաքուր է եղել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հայաստանից Ռուսաստան ավտոբուսներով ուղևորափոխադրումներ իրականացնող «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ընկերության դեպքում այդպիսի վիճակ չի եղել: Իրենք՝ ընկերությունը, նախապես է ստուգում իրենց դիմած քաղաքացիների տվյալները, պարզում՝ խախտումներ ունի, թե ոչ, և հետո նոր իրականացնում ուղևորափոխադրումը:

«Այս պահին այդ խնդիրը մեղմացել է: Մի պահ էդ խնդիրը առաջացավ, տևեց 2-3 ամիս, բայց հիմա, կարելի է ասել, մի քիչ մեղմացել է վիճակը: Բացի այդ, մենք նախապես Ռուսաստանի միգրացիոն ծառայության ծրագրով պարզում ենք, թե տվյալ ուղևորը խնդիր ունեցե՞լ է Ռուսաստանում, թե՞ ոչ: Եթե ունեցել է, ապա չի կարող մեկնել: Մենք տեղում ուղևորին ասում ենք՝ ինքը կարո՞ղ է մեկնել Ռուսաստան, թե՞ ոչ: Մեր դեպքում չի եղել դեպք, որ ուղևորը մեկնի, բայց ճանապարհի կեսին կամ սահմանին պարզվի, որ ինքը չի կարող մեկնել»,- ասաց ընկերության տնօրենը:

«Քինգ դե լյուքս»-ից Հայաստանից շաբաթական 12 ավտոբուս է մեկնում Ռուսաստան, յուրաքանչյուրում՝ 50-60 մարդ: Այսինքն՝ մեկ շաբաթվա մեջ Հայաստանից Ռուսաստան միայն մեկ ընկերության միջոցով մեկնում է նվազագույնը 600 մարդ: Իսկ ուշագրավն այն է, որ տոմսերը բավական էժան արժեն: Այս պահին վերը նշված ընկերությունում Երևան-Մոսկվա տոմսն արժե 28 հազար դրամ, իսկ մի քանի ամիս առաջ՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, նույն ուղղությունը նույն ավտոբուսներով արժեր 15 հազար դրամ: Դեպի Կրասնոդար և այլ ուղղություններ տոմսերի գինը սկսվում է 11 հազար դրամից:

Արթուր Դալլաքյանը չցանկացավ ասել, թե ինչով է պայմանավորված տոմսերի մատչելիությունը: «Որ մատչելի ա՝ վատ ա՞: Մատչելիությունը կարող է ամեն ինչի հետ էլ կապ ունենալ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մարդիկ էժանացման պատճառով կարող են ավելի շատ մեկնել Հայաստանից, ապա ասեմ, որ չկա նման բան: Եթե մարդու մտքին լինի արտագաղթել, ապա 1000 դոլար էլ լինի տոմսը, մարդը կգտնի էդ փողը ու կարտագաղթի»,- ասաց նա՝ հավելելով, որ միայն Հայաստանից չեն մեկնում, իրենց ավտոբուսները գրեթե նույնքան մարդ էլ հետ են բերում Հայաստան:

Դալլաքյանը նաև ընդգծեց, որ վերջին փոփոխությունների ֆոնին մարդկային հոսքը դեպի Ռուսաստան չի մեծացել: Վիճակն այնպիսին է, ինչպիսին նախորդ տարի էր: Սակայն առայժմ դժվար է ասել՝ առաջիկայում մարդկանց հոսքը Ռուսաստան կմեծանա՞, թե՞ ոչ: «Էս պահին դժվար է կանխատեսում անել, քանի որ կարող է ճիշտ հակառակ վիճակը լինել, քանի որ շատ-շատ հարցեր կան, որոնք կարող են ծագել՝ կապված Մաքսային միության հետ, և մարդիկ կարող են հետ գալ և այստեղ աշխատանք գտնել»:

1in.am