Երեւանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երեւանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500 հազարական դրամի ֆինանսական աջակցություն: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի փոխանցմամբ, որոշվել է կրճատել մասնավորապես «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ կիրականացվի դրամական աջակցությունը ընտանիքներին:

«Ի դեպ արդեն իսկ ամփոփվում են զոհված երեւանաբնակ զինծառայողների`վարձով ապրող, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների ուսումնասիրման արդյունքները: Առաջիկա օրերին հստակ կունենանք ցանկը եւ կնախապատրաստենք ավագանու համապատասխան որոշումների նախագծեր, ինչը, համոզված եմ, ավագանու հաջորդ նիստում կհաստատենք եւ տվյալ ընտանիքներին կապահովենք բնակարաններով»,– ընդգծել է Տարոն Մարգարյանը:

news.am