«Ալեքս Գրիգ» ընկերությունը սկսել է վիսկի արտադրել եւ արտահանել իրաքյան Քուրդիստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: «Իմացեք, ընկերությունը ես չեմ ղեկավարում, ես հիմա պատգամավոր եմ: Բայց ընկերությունն իսկապես վիսկի է արտադրում եւ արտահանում, արդեն մեկ տարուց ավելի»,-հայտարարել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ վիսկիի համար արդեն առանձին արտադրամաս է կառուցվել:

Ալեքսանյանի խոսքով՝ միայն հունվարին Իրաք է ուղարկվել 10 ֆուր ալկոհոլ (մոտ 200 հազար լիտր-խմբ): Թեեւ երկիրը մահմեդական է, բայց բեռների ձեւակերպման հարցում խոչընդոտներ չեն եղել, հավելել է Ալեքսանյանը:

Վիսկին հայկական բրենդ չունի, այն իրենց ընտրությամբ դնում են իրաքյան պատվիրատուները: «Բայց շշի վրա երեւում է, որ այն արտադրվել է Հայաստանում»,-հայտարարել է Սամվել Ալեքսանյանը: Նա վստահեցրել է, որ ինքը արտասահմանում արտադրված վիսկի չի շշալցնում:

Նշենք, որ «Ալեքս Գրիգ»-ը, ի թիվս այլոց, Հայաստանում հայտնի է նաեւ որպես օղի արտադրող, որի որակը շատ հաճախ բացասական գնահատական է արժանանում:

«Ալեքս Գրիգը» խոշոր ներկրող ընկերություն է եւ «Երեւան Սիթի» սւոպերմարկետների ցանցի սեփականատերը: 2013-ին ընկերությունը Հայաստանի հարկ վճարողների ցուցակում 4-րդ տեղն է զբաղեցրել:

Նշենք, որ 2013-ին Հայաստանը կտրուկ ավելացրել է ծխախոտի եւ ալկոհոլի արտահանումն Իրաք: Ալկոհոլի արտահանումը 600 հազար դոլարից հասել է 1,03 մլն դոլարի:


Աղբյուր՝ news.am