Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հրաժարվում է մեկնաբանել ՀՀԿ խորհրդի նստի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քննադատությանը:
NEWS.am-ի թղթակիցը փետրվարի 14-ին ՀՀԿ 12-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչի մեկնարկից առաջ ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում Ծառուկյանի հասցեին հնչեցված քննադատությանը:
«Էսօր եկել ենք ֆուտբոլի, ֆուտբոլից խոսացեք, էսօր ֆուտբոլի օր ա»,- ասաց գործարարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։