Դեղերի ներմուծումն ու <<Նատալի ֆարմ>> դեղատների ցանցն արդեն լավ արդյունքներ ապահովել է Ալեքսանյանի համար, իսկ տարիներ առաջ նա հասցրել էր գնել <<Մալաթիա>> հիվանդանոցը: Բայց այսքանով Ալեքսանյանը բուժական բիզնեսի ոլորտում իր գլխավոր խոսքը դեռ չի ասել. նա այժմ ձեռնամուխ է եղել Նորք Նորք վարչական շրջանում՝ նախկին շուկայի տարածքում նոր գերհզոր բուժկենտրոնի կառուցմանը: Ըստ որոշ լուրերի՝ Ալեքսանյանի բուժկենտրոնում երիկամային փոխպատվաստում և նման կարգի թանկարժեք այլ վիրահատություններ են իրականացվելու:  

Հսկայական շինհրապարակըՆոր Նորքի 1-ին զանգվածի նախկին շուկայի տարածքից ձգվում հասնում է համարյա մինչև <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> հիվանդանոցի հարակից հատվածը՝ իր մեջ ներառելով տոնավաճառի մի հատվածը: Շուկայի առևտրականները արդեն տեղափոխվել են կիսակառույց շինության ծածկի տակ, որտեղ վեր է խոյանում Ալեքսանյանի ապագա հիպերմարկետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Hayeli.am-ը տեղեկացրել էր, որ Ալեքսանյանը ձեռք է բերել Նոր Նորքի շուկան և դեռ ամառվանից շուկայի հետնամասում սկսել է նոր բազմահարկ հիպերմարկետի կառուցումը: Հին շուկան քանդելուց հետո տեղի բոլոր առևտրականներին տեղափոխել են այդ կիսակառույց հիպերմարկետի առաջին հարկի ծածկի տակ, որի մի կողմը դեռ ամբողջությամբ բաց է՝ պատերը կառուցված չեն, ու զուգահեռ շարունակվում է նաև շինարարությունը: Շուկայի տարածքում անտանելի ցուրտ է, զգացվում է դեռ չչորացած բետոնի խոնավ հոտն ու անընդհատ սուրում է միջանցիկ քամին: Անմիջապես կիսակառույցի կողքը մեծ փոս է փորված, որտեղ բետոնային աշխատանք է կատարվում: Վաճառողները աշխատում են շինհրապարակի ցանկապատի անմիջական հարևանությամբ. ինչպես իրենք են ասում՝ ամբողջ օրը շնչեում են ցեխ ու փոշի և լսեում շինարարական մեքենաների անդուր ձայնը: Նման խայտառակ պայմաններում և բաց վիճակում դրված է նաև վաճառվող սնունդը՝ միս, պանիր, ձուկ և այլն: Այս հակասանիտարական  պատկերի վրա աչք է փակում հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վերահսկողությունը: Հավանաբար, նրանց տեսուչները ռիսկ չեն անում  օլիգարխի տարածքում ստուգումներ իրականացնել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Hayeli.am-ը տեղեկացրել էր՝ Սամվել Ալեքսանյանը նախորդ տարվա դեկտեմբերին Նոր Նրոքի նախկին «Սթար» սուպերմարկետի տեղում՝ շուկային կից բացել է նաև «Երևան Սիթի» սուպերմարկետ: Շուկայի առևտրականները բողոքում եմ, որ հունվարից սկսած՝ խիստ նվազել է առևտուրը, իրենց գործի վրա բացասաբար է անդրադառնում շինհրապարակը, որի պատճառով, օրինակ, մսավաճառները կորցրել են բազմաթիվ հաճախորդների. <<Իմ կլիենտների ուղիղ 30 տոկոսը էլ շուկայից միս չի առնում, գնում <<Երևան սիթի>>-ից են առնում: Նախկինում ես առևտուր էի անում շուկայում, որտեղ նորմալ պայմաններ էր ապահովված՝ ո՛չ կեղտ կար, ո՛չ փոշի: Հիմա շինարարության մեջ միս ենք ծախում, ինչքան էլ փորձում ենք վրան ծածկել, մաքուր անել ամեն ինչ, բայց պարզ է՝ մարդիկ չեն ուզենա նման տեղից առևտուր անել: Էսպես որ գնաց, բոլորս հերթով թողնելու ենք գնանք, որովհետև մեզ օգուտ չի մնում: Ո՛չ կարող ենք բողոքել, ո՛չ էլ ինչ-որ բան անել՝ մեր ձեռքն ի՞նչ կա>>,- մեզ հետ զրույցում ասաց առևտրականներից մեկը՝ ավելացնելով, որ ամեն ինչ հաշվարկված է. հատուկ են անում, որ միայն Ալեքսանյանի ապրանքը վաճառվի: <<Մեզ արդեն կողքից ասողներ կան, որ հետո Ալեքսանյանը մեզ գործի կվերցնի: Երևի կտանի 60 հազար դրամով հավաքարար և վաճառող կսարքի: Մենք ո՞վ ենք, որ մեր գործն ունենանք, անպայման պիտի իրենց մոտ ծառա լինենք՝ օրը 2-3 հազար դրամով>>,- նշեց մեր զրուցակիցը:

Վաճառողների պատմելով՝ Ալեքսանյանը իրենց ներկայությամբ հայտարարել է նաև, որ Նոր Նորքի շուկայում ոչ մի գյուղացի իր ապրանքը չի վաճառելու: «Եթե ուզում են վաճառել, կգան տեղ կվերցնեն, տարածքի փողը ամբողջ ամսվա համար կտան, կվաճառեն>>,- ասել է նա:

Նշենք նաև, որ Նոր Նորք վարչական շրջանում «Երևան սիթի» սուպերմարկետի բացումից հետո հարևանությամբ գործող բազմաթիվ փոքր խանութներն ու առևտի կետերը փակվել են:

Դավիթ Մանուկյան

 


Աղբյուր՝ hayeli.am