Մասնավորապես` կենսաթոշակային բարեփոխումներում, ինչպես նաեւ ընդդիմությանն էր մեղադրել անհետեւողականության ու անսկզբունքայնության մեջ:
Սակայն ոչ այնքան հարցազրույցի բովանդակությունն է կարեւոր, այլ ինքնին հարցազրույցի ի հայտ գալու փաստը, իսկ ավելի ճիշտ` դրա դրդապատճառները:
Բոլորի համար էլ պարզ է, որ Կարեն Կարապետյանի հանդես գալը պատահականություն չի կարող լինել: Կարեն Կարապետյանը ռուսաստանցի գործարար, միլիարդատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է։ 2013 թվականին Սամվել Կարապետյանի կարողությունը, ըստ Ֆորբս ամսագրի, $ 3,8 միլիարդ էր գնահատվել, նա Ռուսաստանի 29-րդ ամենահարուստ մարդն է:
Ռուսաստանի իշխանությունների վստահությունը վայելող միլիարդատերը կարո՞ղ է հավակնություններ ունենալ` մասնակցություն ունենալ հայաստանյան քաղաքական դաշտում… Կարող է` իհարկե: Իսկ, եթե ունի այդ հավակնությունները, նշանակում է, որ կարող են արդեն լինել որոշակի պայմանավորվածություններ նրա` հայաստանյան քաղաքական դաշտում «մասնակցության» հնարավորությունների թեման թեժացնելու հարցում:
Ի՞նչ շանսեր ունի Սամվել Կարապետյանը… Նրա անձի շուրջ բոլոր դրական հիմքերը կան: Հայաստանի համար միլիոնավոր գումարներ է ծախսել` առանց ակնկալիքի ու հավակնությունների, ընդ որում ծախսել է դրսի գումարները, ոչ թե Հայաստանի հասարակությունից «թալանածը» հետ վերադարձրել ընտրությունից ընտրություն` 5000 դրամի տեսքով` ձայն ստանալու դիմաց: Նա, այսպես ասած` չվարկաբեկված, «մաքուր» կերպար է, որի մուտքը հայաստանյան քաղաքական դաշտ կարող է, իսկապես, բոլորովին նոր վիճակ ստեղծել:
Սամվել Կարապետյանը կարող է հայտ ներկայացնել իշխանական համակարգում լուրջ դերակատարություն ունենալ, ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը դառնալու հարցում, իսկ դա կնշանակի, որ իշխող ՀՀԿ-ում ներքին «գզվռտոցը»` իրավահաջորդի հարցում, կարելի է փակված ու անիմաստ համարել:
Սամվել Կարապետյանի` հայաստանյան քաղաքական դաշտում մասնակցություն ունենալու հայտ ներկայացնելը կարող է լուծել նաեւ Հայաստանի ընդդիմության, այսպես կոչված` «հրաշալի քառյակի» հարցը: Լինելով դարձյալ Մոսկվայի աջակցությունը վայելող նոր անձնավորություն, նրա ի հայտ գալը անիմաստ կդարձնի` ռուսական ազդեցության հետ հաշվի նստող «քառյակի» գոյությունը: Ինքը` Կարեն Կարապետյանն իր հարցազրույցում մի թափանցիկ ակնարկ էր արել. «Իմ խնդիրն է՝ օգտակար լինել երկրին ու պետությանը, ու ոչ միայն բարեգործություններով: Եթե բոլորս լռենք կամ աղավաղենք իրականությունը, ոչ մի քայլ առաջ չենք շարժվի»: Կարելի է ենթադրել, որ Կարապետյանը խոսքն ուղղում է քաղաքական դաշտում բարեգործությամբ զբաղվող ԲՀԿ ղեկավարին ու շարունակում է. «Պետք է մի կողմ դնել աճպարարությունները, որոնք հասարակությունը հրաշալի տեսնում է: Ընդդիմության գործառույթները հստակ են ու դասական: Ուրեմն, հարկավոր է պարզ ու հստակ հայտարարել՝ կամ X ես կամ Y: Գոնե ինձ համար միջին սեռն անընդունելի է»:
Դե ինչ, ՀՀԿ-ական պատգամավոր եղբոր միջոցով ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ներկայացրած «հայտը» կարելի է բավական ուշագրավ փաստ համարել: Իհարկե, դեռ պետք է սպասել, դեռեւս վաղ է միանշանակ գնահատականների համար, ժամանակը դեռ ցույց կտա, թե «դրսից» նոր անհատի ուղղությամբ տարվող աշխատանքը Հայաստանում ինչ նպատակ կամ խնդիրն է լուծում` իշխանության փոխանցմա՞ն, թե՞ նոր ընդդիմության ձեւավորման:
Սամվել Կարապետյանը կարող է «լուծել» իշխանության եւ «քառյակի» հարցերը
Comments are closed.