Սաուդյան Արաբիայի կառավարության չորս գործակալություններ` Առաքինությունների խթանման և չարիքից հեռու պահելու կոմիտեն, ՆԳՆ-ն, Հեռահաղորդակցման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների կոմիտեն ու Աուդիովիզուալ կոմիտեն, մշակել են սոցիալական ցանցերում պոռնոգրաֆիայի դեմ պայքարի նոր համակարգ: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստակայանը:

«Մենք անկախ միավորում ունենք, որը մոնիթորինգ է անում` բացահայտելով պոռնոգրաֆիայով հետաքրքրվող ակտիվիստներին: Դրանց թիվը շատ է, բայց մենք չենք հրապարարկում երկու պատճառով: Նախ, որպեսզի չբացահայտենք մարդկանց ինքնությունը, և երկրորդ, որ հասարակությունը չընդօրինակի այդ վատ արարքը»,-ասել է Առաքինությունների խթանման և չարիքից հեռու պահելու կոմիտեի նախագահ Աբդուլլատիֆ Ալ-Աշեյխը:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայում խստիվ արգելված է պոռնոգրաֆիկ ցանկացած ռեսուրս, սակայն իշխանությունները հասկացել են, որ չեն կարող բնակչությանն արգելել օգտվել ինտերնետից և սոցիալական ցանցերից:

Վերջերս անցկացրած վիճակագրության տվյալների համաձայն` թագավորությունում տարեցտարի աճում է ինտերնետ ծառայություններից օգտվողների թիվը: Եթե 2000-ական թվականների սկզբին սաուդցիների միայն 1 տոկոսն ուներ համացանց մուտք գործելու հնարավորություն, ապա այսօր այս ցուցանիշը հասել է բնակչության մոտ կեսին: Տեղացիների շրջանում առավել տարածված են Facebook, Twitter սոցիալական ցանցերը:


Աղբյուր՝ www.panorama.am