1in.am-ը գրում է.
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Արայիկ Խաչատրյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 48-ամյա Արայիկ Խաչատրյանը ոգելից խմիչք օգտագործած, հարբած վիճակում 2013 թվականի հուլիսի 28-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում պահանջել է, որ Ամալյա Առաքելյանը (անուն-ազգանունը փոխված է) բացի Արզնի գյուղի իր տան մուտքի դուռն ու իրեն ներս թողնի: Սպառնացել է, թե հակառակ դեպքում կկոտրի տան պատուհանի ապակիները, այնտեղից մուտք կգործի և տանտիրուհու հետ սեռական հարաբերություն կունենա:
Նա այդպես էլ արել է՝ ջարդել է պատուհանի ապակին, պատուհանով ապօրինի մուտք է գործել Ամալյայի տուն, նրա կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ հետը: Ամալյան դիմադրել է, Արայիկին հարվածել մահակով ու փախել իր տնից:
Ըստ մեղադրանքի՝ Արայիկ Խաչատրյանը տուժողի կամքին հակառակ, բռնություն գործադրելու սպառնալիքով ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, որից հետո փորձել է նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ հետը: Իր կամքից անկախ հանգամանքներում Արայիկ Խաչատրյանն այդ հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Արայիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 2-րդ, 34-138 հոդվածի 1-ին մասերով:
Ընդհանուր իրավասության դատարանում Արայիկ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա հայտնել է, թե դեպքի օրը՝ 2013 թվականի հուլիսի 28-ին, ինքն ու ծանոթ Վաղինակը իրենց տանը հաց են կերել:
Վաղինակը տեսել է, որ ինքն է սեղան գցում, ասել է, թե մի ծանոթ աղջիկ կա, ով մի քիչ տարօրինակ, բայց նորմալ աղջիկ է, նրա հետ կարող է ծանոթանալ:
Վաղինակը տվել է այդ աղջկա հեռախոսահամարը: Ինքը զանգահարել է նրան, պայմանավորվել են, որ հանդիպեն Աբովյան քաղաքի բաղնիքի մոտ:
Ինքը տաքսիով այնտեղ է գնացել ու վերցրել այդ աղջկան: Աղջիկն ասել է, թե ավելի լավ կլինի՝ ի՛ր տուն գնան:
Ճանապարհին աղջկան հարցրել է, թե ուտելու ինչ վերցնի: Նա պատասխանել է՝ քաբաբ:
Գնացել են կինոյի շենքի մոտ, այնտեղից գնել են քաբաբ ու օղի: Աղջկա տանը նստել են, զրուցել ու հաց կերել: Ինքը գնացել է խանութ, սուրճ է գնել: Հետո իրենք խմել են մնացած օղին: Իր սիրտը սկսել է խառնել: Ինքը դա ասել է Ամալյային ու քուն է մտել:
Դրանից հետո իրեն արթնացրել են ոստիկանության աշխատակիցները, տարել են բաժին ու ծեծել են: Իրեն ասել են՝ իբր ինքը պատուհանից մտել է Ամալյայի տուն ու փորձել է բռնաբարել նրան: Բայց ինքն այդ աղջկան ձեռքով անգամ չի դիպել, այդ աղջիկն իր գրպաններից գումարներ է վերցրել: Ինքը նրա տուն մտնելիս կոտրված ապակի չի նկատել, քանի որ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին:
Ամալյան իրեն ռետինե մահակով չի հարվածել: Իր մոտ եղած գումարը՝ 120 հազար դրամը, ինքը վարկով բանկից էր վերցրել՝ մոր հիվանդության պատճառով հիվանդանոցի վճարումներ կատարելու համար:
Իր և Ամալյայի առերես հարցաքննության ժամանակ քննիչները Ամալյային հուշել են, թե նա ինչ պիտի ասի, նա էլ շարունակել է քննիչների միտքը:
Տուժող կինը դատարանում ցուցմունք է տվել, որ բնակվում է Արզնի գյուղում:
Արայիկ Խաչատրյանի հետ ծանոթացել է Վաղինակի միջոցով: Վաղինակն իր նախկին ընկերն է եղել: Իր համար անակնկալ էր, որ Վաղինակը իր հեռախոսահամարը փոխանցել էր ուրիշ մեկին: Նա իր համարը տվել էր Արայիկին, որ իրենք ծանոթանան ու շփվեն:
Ինքն ու Արայիկը հանդիպել են Աբովյանում: Արայիկը հենց սկզբից իր դուրը չի եկել:
Այո, ինքն է Արայիկին առաջարկել, որ իր տուն գնան, բայց չի մտածել, որ նման դեպք կարող էր տեղի ունենալ:
Արայիկը իրենց տուն գնալուց առաջ գնումներ է կատարել: Իր տանը նստել են, զրուցել, հաց կերել: Օղի են խմել, հետո պաղպաղակ են կերել:
Ուտելուց հետո ինքը Արայիկին խնդրել է գնալ իր տանից: Նա գնացել է:
Մոտ մեկ ժամ անց՝ ժամը 18-ի սահմաններում, նորից հետ է եկել: Նա արդեն հարբած էր: Ինքը դուռը կողպել է, որ նա ներս չմտնի: Նույնիսկ դրսում կանգնած տաքսիների վարորդներն են Արայիկին հորդորել, որ չմտնի իր տուն:
Բայց նա ջարդել է իր պատուհանների ապակիները: Պատուհանով տուն է մտել: Ինքը ռետինե մահակով խփել է նրա ձեռքին:
Արայիկն իրեն ասել է, թե ծախսեր է արել և իր տուն է եկել՝ հաճույքները բավարարելու:
Նա ասել է, թե պետք է սեռական հարաբերություն ունենա իր հետ: Իրեն հրել, գցել է մահճակալին, պառկել է, շոյել իրեն, փորձել է հանել իր շորերը և սեռական հարաբերություն ունենալ, բայց ինքը դիմադրել է, ոտքով հրել նրան և դուրս է եկել տնից:
Շատ է վախեցել, գնացել է հարևանուհու մոտ: Նրա հեռախոսով զանգել է, ոստիկանները եկել են ու Արայիկին տարել են ոստիկանություն:
Արայիկի հետ առերես հարցաքննության ժամանակ Ամալյան ասել է, թե դեպքի օրը ինքը գնացել էր Աբովյանի բաղնիք:
Ժամը 15-ն անց 30-ին, երբ դուրս է եկել բաղնիքից, մի տղամարդ է զանգել իրեն, ներկայացել որպես Վաղինակի ընկեր:
Վաղինակն իր նախկին ընկերն է եղել, նա իրեն ասել էր, թե մի նորմալ տղամարդ է գտնելու իր համար, ում հետ կկարողանա ամուսնանալ:
Որոշ ժամանակ անց այդ տղամարդը եկել է բաղնիքի մոտ: Իրենք ծանոթացել են: Նստել են տաքսի: Ինքն առաջարկել է գնալ Արզնի՝ իր տուն:
Արայիկը գնումներ է արել, հետաքրքրվել է իրենով, ասել է, թե նպատակ ունի ամուսնանալու: Ասել է նաև, որ նախկինում դատապարտված է եղել:
Դրանից հետո ինքը հասկացել է, որ Արայիկը ստում է: Խաբում է ամուսնանալու ցանկություն ունենալու հարցում:
Նա ի սկզբանե իր դուրը չի եկել: Դրա համար էլ իր տանը զրուցելուց հետո նրան ասել է, որ իր տանից գնա: Նա դուրս չի եկել, ասել է, թե Վաղինակը նրան հայտնել է, որ մի քաբաբով կարող իր հետ սեռական հարաբերություն ունենալ:
Ինքը նրան ասել է, որ վերցնի բերած ուտելիքը, օղին ու հեռանա: Մի կերպ, հրելով՝ նրան տանից դուրս է հանել: Դուռը ներսից փակել է:
Արայիկն ասել է, թե միևնույնն է՝ գալու է, իր համար փակ դուռ չկա, իրենք պիտի սեռական հարաբերություն ունենան, ինքը հաճույք պիտի ստանա:
Ինքը դուռը փակել է, պառկել է քնելու: Հանկարծ լսել է, որ տան մուտքի դուռը թակում են, իրեն ձայն են տալիս:
Ինքը ճանաչել է Արայիկի ձայնը, նրան խնդրել է, որ հեռանա, իր հետ գործ չունենա:
Դրսից մարդկանց ձայներ է լսել, ովքեր Արայիկին համոզում էին, որ հեռանա: Բայց Արայիկը շարունակել է պահանջել, որ դուռը բացի, սպառնացել է, թե պատուհանը կջարդի, պատուհանով ներս կմտնի:
Ինքը շատ է վախեցել: Օգնություն է կանչել: Ոչ ոք չի լսել:
Արայիկը ջարդել է պատուհանի ապակին, պատուհանից ներս է մտել: Ինքը նրանից վախենալով՝ նստել է աթոռին ու չի շարժվել:
Արայիկը շոյել է իրեն, հետո քաշելով տարել, գցել է մահճակալին, փորձել է հանել շորերը, բայց ինքը ոտքով հրել է նրան, փախել է մահճակալից: Իր ունեցած ռետինե մահակով հարվածել է Արայիկի ձեռքերին, մարմնին, որ մոտ չգա, վերցրել է տան բանալին, Արայիկին թողել է տանը և օգնություն կանչելով փախել է: Օգնություն է խնդրել հարևաններից, հարևանուհու հեռախոսով զանգել է ոստիկանություն:
Երբ ոստիկանները ժամանել են, Արայիկը քնած է եղել իր տանը…
Ամալյան, ըստ մասնագիտական եզրակացության, տառապում է հոգեկան հիվանդությամբ, իր ներկա հոգեկան վիճակով կարող է աղավաղել իր հետ կատարված գործողությունները: Նրան բնորոշ է զառանցական մտքերի առկայությունը: Նա բավարար տեղեկացված է սեռերի փոխհարաբերությունների, սեռական հարաբերությունների վերաբերյալ:
Ամալյայի մարմնին հայտնաբերվել են արյունազեղումներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել:
Արյունազեղումներ են հայտնաբերվել նաև Արայիկ Խաչատրյանի աջ բազկին, ձախ ազդրին:
Ամալյայի օգտագործած ռետինե մահակը ճանաչվել է իրեղեն ապացույց: