NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանն ասաց, որ մայիսի 12-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբան Գեւորգ Սամվելի Հարությունյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ հայտարարելով նկատողություն այդ արարքի համար։
Հիշեցնենք, որ սոցցանցերում հայտնվել էր հայցադիմում՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որում փաստաբանը օգտագործել էր սեռական բնույթի հայհոյանքներ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այդ մասին տեղեկացրել է ՀՀ Փաստաբանների պալատին: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ իր հերթին որոշում է կայացրել կարգապահական վարույթ հարուցել փաստաբան Գեւորգ Սամվելի Հարությունյանի (արտոնագիր N1457) նկատմամբ՝ պարզելու դեպքի հանգամանքները:
Իսկ Գեւորգ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրել էր, որ դատարան ներկայացրած հայցադիմումի մեջ ինքը սեռական բնույթի հայհոյանք չի օգտագործել: «Ողջամիտ չէ, որ որեւէ փաստաբան նման հայհոյանքներով հայցադիմում ներկայացնի դատարան: Անորոշ վիճակ է, վերջնական արդյունքը պարզ կլինի վարույթի որոշմամբ, որը կունենա նաեւ պատճառաբանական մաս»,- ասաց նա:
Թե ով է փաստաբանի փոխարեն հայհոյանք գրել հայցադիմումում, Գեւորգ Հարությունյանն ասել էր, որ այդ ամենը պարզ կլինի քննության ավարտից հետո: «Սա գրասենյակային աշխատանք է, ելումուտ կա, թեեւ այդ ամեն ինչը վերահսկվում է, այլ անձինք մեր համակարգիչներին մոտենալու հնարավորություն չունեն, բայց հազար ու մի բան կարող է կատարվել: Չեմ կարծում եւ ոչ էլ ուզում եմ մեղք վերցնել վրաս եւ որեւէ մեկին կասկածել դրա մեջ»,- ասել էր փաստաբանը: Նա տեղեկացրել էր, որ դեպքից հետո ժողով է արել, ինչ-որ միջոցներ ձեռնարկել է, սակայն չի կարողանում պարզել, թե ինչ է կատարվել:
Աղբյուր՝ news.am