Հնդկաստանում հայտնի Tehelka ամսագրի նախկին խմբագիր Թարուն Թեյփալը մեղադրվում է գործընկերուհու նկատմամբ սեռական  ոտնձգությունների, նրա «արժանապատությունը ոտնահարելու» եւ բռնաբարելու մեջ:

Թեյփալը նոյեմբերի 30-ից գտնվում է բանտում, նա չի ընդունում իր մեղավորությունը:

Տուժողը, որի անունը չի հրապարակվում, պնդում է, որ Թեյփալը հարձակվել է իր վրա նոյեմբերին Գոայում կազմակերպված միջոցառման ժամանակ: Մեղավոր ճանաչվելու դեպքում Թեյփալը կարող է դատապարտվել առնվազն 7 տարվա ազատազրկման:

Նախքան մեղադրանք ներկայացնելը հարցաքննվել է ավելի քան 152 վկա, այդ թվում՝  տուժողը և ամսագրի աշխատակազմը։ 2700 էջանոց մեղադրականում ասվում է, որ նախկին խմբագիրը «լուրջ հոգեբանական տրավմա է հասցրել լրագրության մեջ մեծ ներդրում ունեցած կնոջը»։

Ամսագրի 6 աշխատակիցներ սկանդալից հետո  աշխատանքից ազատվելու դիմում են գրել։


Աղբյուր՝ news.am