40 տարեկանից հետո ամուսնական զույգերի սեռական կյանքում ի հայտ եկող խնդիրները շատ հաճախ կրում են հոգեբանական բնույթ: Պատճառներից մեկը միապաղաղությունն է, նոր հույզերի բացակայությունը: Ինչպե՞ս այս տարիքում միասին երկար տարիներ ապրած զույգերը վերստին կյանքի կոչեն իրենց հարաբերությունները:
Ինչպես փորձը ցույց է տալիս, զույգերի մոտ նման խնդիրներ հանդիպում են նաև 40 տարեկանից շուտ. սովորաբար դա 30+ կատեգորիան է: Սեռական կյանքի խնդիրները միջանձնային հարաբերությունների խախտման հետևանք են, ընդ որում` զուգընկերները չեն գիտակցում կուտակված կոնֆլիկտներն ու դժգոհությունները և համարում են, որ հիմնական պատճառը սեռական կյանքում առկա անհաջողություններն են: Այլ կերպ ասած` սեռական աններդաշնակությունը ամուսինների միջև հոգեբանական տարաձայնության հետևանք է: Եթե զույգի միջև չկա վստահություն, մարդիկ չեն կիսվում իրենց հույզերով ու զգացողություններով, ամենքն ապրում է իր համար, սա սեռական  ցանկության թուլացման, առանց զգացմունքայնության մեխանիկական սեքսի, հաճախ անգամ սեռական հարաբերությունների դադարեցման ուղիղ ճանապարհ է: Երբ կորում են հետաքրքրությունն ու ցանկությունը, զուգընկերոջ հանդեպ սիրո առկայության կասկած է առաջանում: Իրականում դա բնավ չի նշանակում, որ դուք այլևս չեք սիրում. դա “փարոս” է, որը հուշում է, որ ժամանակն է ուղղել Ձեր էներգիան ու սերը դեպի մտերիմ մարդը, հավանաբար այն պատճառով, որ հարաբերությունների սկզբում զուգընկերոջն ուղղված Ձեր էներգիան աստիճանաբար ուղղել եք կյանքի այլ բնագավառներում խնդիրների լուծմանը: Ամուսիններին պետք է հասկանալ, թե հոգեբանական որ պահանջմունքները չեն բավարարվում. այդպիսիք կարող են լինել սեփական նշանակալիության զգացողությունը, կարեկցանքի և աջակցության պահանջը: Կանանց կարելի է խորհուրդ տալ զուգընկերոջ դրական հատկանիշների մասին ինքնաներշնչման թերապիան, որը սեռական գրավչության հզոր ձգան է հանդիսանում: Իմաստն այն է, որ մեկ ամսվա ընթացքում նա ամեն օր պետք է բարձաձայն թվարկի ամուսնու 10 լավ որակները, իսկ դրանք, հավատացե՛ք, կարելի է գտնել անգամ ամենահասարակ “ոչ սպիտակ ձիով արքայազնի” մոտ: Երկրորդ շաբաթից սկսած նա պետք է սկսի գովել ամուսնուն, իսկ երրորդ շաբաթից դա պետք է դառնա հարաբերություններում հաղորդակցման սովորական ձև:
Մյուս կողմից, երբ զուգընկերը դառնում է չափազանց մտերիմ, հասկանալի, կանխատեսելի, իսկ հարաբերությունները վերածվում են եղբայրածնողականի, զույգի մոտ էրոտիկ բաղադրիչը հօդս է ցնդում, չէ՞ որ բարդ է ցանկանալ այն, ինչն արդեն ճամաչում ես ծայրից ծայր: Կորցրածը վերադարձնելու համար անհրաժեշտ է զարմանք, անսպասելիություն, ինքնաբերականություն, թո՛ղ ժամանակ առ ժամանակ զուգընկերը դառնա անծանոթ: Ձեր վրայից հանեք և դեն նետեք ամուսինների, կանանց, մայրերի ու հայրերի դերը, դարձե՛ք սիրեկաններ: Եթե ընտանիքում կան երեխաներ, կարելի է մեկ գիշերով գնալ հյուրանոց, և այնտեղ միասին ժամանակ անցկացնել: Հայտնի է, որ սեքսը խաղ է, իսկ խաղեր խաղում են երեխաները: Երբ հասուն մարդու մեջ հասունությունը, լրջությունը  չափազանց շատ է, սեքսը կորցնում է իր թեթևությունն ու անկաշկանդությունը: Ձեզ թույլ տվեք որոշ ժամանակով վերադառնալ մանկական խելացնորությանը, ստեղծարարությանը, ֆանտազիաներին` առանց վարանման ու մեղքի զգացումի: Փորձեք միապաղաղությունը փոխարինել հետաքրքիր խաղով, պատմեք միմյանց Ձեր ֆանտազիաների մասին, չէ՞ որ երևակայությունը խթանում է սեռական գրավչությունը:
“Ախորժակը գալիս է ուտելու ընթացքում” արտահայտությունը վերաբերում է նաև սեքսին. երբեմն արժե սկսել անգամ, երբ ցանկություն չկա: Ընկղմվելով սեռական կոնտակտների ռիթմի մեջ` կարելի է սեռական ցանկության ալիքի վրա սկսել փորձարկել ու նորարարություն մտցնել:
Անգամ ամսագրում կարդալով մի քանի խորհուրդ այն  մասին, թե ինչպես բարելավել սեփական սեռական կյանքը, կինը կարող է այդպես էլ չհամարձակվել փորձել դրանցից ոմանք: Ինչը՞ կարող է օգնել նրան ազատվել կաշկանդվածությունից, գրում է Harmonia.am-ը:
Սեռական հարաբերություններում նորույթ մտցնելու ցանկությունը կարող է արգելակվել, քանի որ կինը մտածում է ոչ թե իր, այլ այն մասին, թե ինչպես դրան կվերաբերվի զուգընկերը, ունի ամաչկոտության և ամոթի` դաստիարակությունից և հասարակական նորմերից եկող զգացում: Վախից և ամոթից ձերբազատվելու համար որոշակի ժամանակ է պետք: Նախ կարելի է փորձել սցենարը մի քանի անգամ մտքում խաղալ, երբ վստահություն առաջանա, կարող եք դա առաջարկել զուգընկերոջը կամ միանգամից գործել: Վախերն ու նախապաշարմունքներն աստիճանաբար կանհետանան, իսկ նոր գաղափարներն ամուր տեղ կգտնեն ձեր կյանքում: Հիշե՛ք, թե որքան սարսափելի ու անհարմար էր մի նոր բան սկսելը, իսկ այժմ դա արվում է պարզությամբ ու թեթևորեն: Նորույթին վերաբերվեք ինչպես խաղի և ոչինչ, եթե այդ խաղը չստացվի: Կենտրոնացեք գործընթացի, այլ ոչ թե արդյունքի վրա:
Հաճախ տարիքով կանայք սկսում են ամաչել իրենց արտաքին տեսքից` ցելյուլիտից, կնճիռներից և ֆիզիկական այլ անկատարություններից: Ինչպե՞ս հաղթահարել անվստահությունը:
Ժամանակակից հասարակության մեջ սեքսուալությունը հաճախ նույնականացվում է երիտասարդ, բարեկազմ մարմնի հետ, սակայն դրանք միևնույն բանը չեն: Կինը կարող է լինել երիտասարդ ու գեղեցիկ, սակայն իրեն սեքսուալ չզգալ, և հակառակը` տարիքով, խնամված կինը կարող է գրավել իր ներքին սեքսուալությամբ, ինչը զգում են տղամարդիկ: Արտացոլումը հայելու մեջ և զուգընկերոջ աչքերում տարբեր բաներ են: Հայելու մեջ նայելիս պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել սեփական առավելություններին` բաց թողնելով թերությունները, ինքդ քեզ սիրել և ընդունել այնպիսին, ինչպիսին որ կաս:

 


Աղբյուր՝ www.slaq.am