Վաղ առավոտյան մի կին, 6-7 տարեկան աղջկա հետ դուրս գալով կիսադատարկ միկրոավտոբուսից, վճարել է միայն իր համար, ինչն էլ վարորդի բարկության պատճառ է դարձել: Վերջինը կասկածել է, որ մանկահասակ ուղեւորուհին 6 տարեկան է, քանի որ վերջինը, իր կարծիքով, ավելի մեծ էր երեւում: Բնականաբար, երեխայի մայրը հակառակն էր պնդում:

Խառնաշփոթն ավարտվել է նրանով, որ բարկացած ուղեւորուհին բառացիորեն նետել է 100 դրամանոցը վարորդի դեմքին եւ շրխկացրել դուռը: Իսկ երթուղայինի մյուս ուղեւորները ստիպված են եղել 5 րոպե լսել վարորդի բարկացած մենախոսությունը՝ երբեմն ոչ պարկեշտ արտահայտություններով համեմված:

Հասարակական տրանսպորտի աշխատակցին կարելի է հասկանալ. նա առավոտից ուշ երեկո աշխատում է, ամեն օր հարկեր վճարում գծատիրոջը, իր հաշվին վառելիք գնում եւ այլն: Այնպես որ՝ նրա համար յուրաքանչյուր 100 դրամ կարեւոր է:

Ծնողներին նույնպես կարելի է հասկանալ, քանի որ, որպես կանոն, հասարակական տրանսպորտից օգտվում են հիմնականում անապահով մարդիկ, եւ օրական 200 դրամը կենսական նշանակություն ունի նրանց համար: Ամեն օր հնարավո՞ր է երեխայի ծննդյան վկայականով շրջել: Իսկ եթե այդ կարեւոր փաստաթուղթը կորչի՞ գերբեռնված երթուղայինում: Մի խոսքով՝ դժվար լուծելի հարց է..

news.am