Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Ծառայողական քննության արդյունքում կուսումնասիրվեն դեպքի հանգամանքները, մասնավորապես՝ ինստիտուտի աշխատակիցների հնարավոր թերացումները եւ բացթողումները: Ծառայողական քննության արդյունքում կլինեն նկատողություններ, չեն բացառված նույնիսկ պաշտոնանկությունները:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայկազ Բարսեղյանը ծեծված է եղել: Զինվորի մոտ հայտնաբերվել է նաեւ նամակ, որը հայտնի չէ՝ ով է գրել: Այնտեղ, մասնավորապես, ասվում է, որ կներեք ամեն ինչի համար եւ նրա համար, որ այս քայլով խառնաշփոթ եմ ստեղծում:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ գործի շրջանակներում ձերբակալվել է 4 անձ, նրանք Վազգեն Սարգսյանի անվան սպայական ինստիտուտի սաներ են:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ։ Զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:

news.am