Մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը երեկ Ծիծեռնակաբերդում էր` Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հիշատակման միջոցառումներն էին, մինչ աշխարհի մամուլը հեղեղված են Ցեղասպանության ճանաչման մասին հրապարակումներով, մինչ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներն ու միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչները Թուրքիայի իշխանություններից պահանջում էին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակին նվիրված միջոցառումներ էին:
Նախապես հայտարարվել էր, թե մասնակցում էլ 21 պետության ղեկավարներ, երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, վարչապետեր, նախարարներ, դեսպաններ: Սակայն պարզվեց, որ թուրքական լրատվամիջոցները ուռճացրել են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցող պետությունների նախագահների եւ վարչապետների թիվը` առնվազն երկուսով, հայտնում էր «Արմենպրեսը»: Թմբկահարվող հայտարարությունը, թե միջոցառումներին մասնակցելու են 17 երկրների նախագահներ եւ 5 երկրների վարչապետներ, իրականությանը չի համապատասխանում: Դեռ երեկ առավոտյան թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հաղորդում էր, որ մասնակիցների թվում են լինելու Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը եւ Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան: Հատկանշական է, որ նյութը գործակալության կայքէջում հրապարակվել էր առավոտյան ժամը 10:38-ին եւ խմբագրվել 12:29-ին, որից հետո անգամ եվրոպական երկու երկրների առաջնորդների անունները եղել են նյութում: Ինչպես հաղորդել էր «Արմենպրես»-ի թղթակիցը Բուխարեստից, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան երեկ Կրայովա քաղաքում ընդունել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին եւ Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչին: Քիչ հավանական է, որ Պոնտան թողել է հյուրերին եւ մեկնել Գալիպոլի, մանավանդ, որ վերջիններիս քննարկման օրակարգում Գալիպոլիի տոնակատարությունների հարցն ընդհանրապես կարելի է բացառել: Ինչ վերաբերում է Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորին, նա ընդհանրապես նախընտրել է օրն անցկացնել մշակութային միջավայրում եւ մտավոր սեփականության խնդիրների քննարկման համար ընդունել է երկրի երաժշտական էլիտայի ներկայացուցիչներին:
Ինչեւէ, թուրքական մամուլը երեկ հաղորդում էր Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին, հրապարակվում էին լուսանկարներ` Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը` Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ նստած, որտեղ նրանք հայացքներն ուղղել էին երկինք, ռազմական շքերթ հիշեցնող ինչ-որ անհասկանալի օդային վարժություններ էին դիտում…
Սա իսկապես խորհրդանշական պատկեր էր: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը Հայաստանի ու հայերի կողքին էր երեկ, իսկ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը նստած էր Էրդողանի եւ Ալիեւի ընկերակցությամբ:
Մեծ Բրիտանիայից, որը Թուրքիայի բազմամյա դաշնակիցն է, իհարկե, այլ բան ակնկալելը միամտություն կլիներ, սակայն հատկանշական է, որ մի քանի շաբաթ է, ինչ բրիտանական մամուլի ուշադրությունը Հայաստանում է` սկսած Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցելությունից մինչեւ այսօր: Բրիտանական մամուլն աննախադեպ ինտենսիվությամբ է արդեն մի քանի շաբաթ լուսաբանում ու ներկայացնում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իրականությունը, կարծես, փորձելով ծածկել իր երկրի ղեկավարության ամոթը:
Սա, իսկապես, արքայազն Չարլզի ամոթն էր, եւ դա դեռ երկար կհիշեն բրիտանացիները:
Տապալված Գալիպոլին ու արքայազն Չարլզի ամոթը…
Comments are closed.