Ինչպե՞ս է անդրադարձել փոխարժեքը տրանսֆերտներ ստացողների եկամուտների վրա: Ենթադրենք, մի դեպքում աշխատանքային միգրանտը դրամը փոխանցելիս օգտվում է ռուբլին դոլարի փոխարկելու համակարգից, մեկ այլ տարբերակով փոխանցումը կատարվում է ռուբլով:

Մեկ տարի առաջ 10 հազար ռուբլին համարժեք էր ավելի քան 295 դոլարին, այժմ՝ 153 դոլարից էլ քիչ է կազմում:

Բացասական տարբերությունը 142-ից ավելի է: Նույն այդ ընթացքում դոլարը Հայաստանում ուժեղացել է, բայց ոչ այնքան, ինչքան մեր հյուսիսային հարեւանի մոտ: Այսպիսով, մեկ տարի առաջ 10 հազար ռուբլին դրամական փոխանցման հասցեատիրոջ համար 120 հազար դրամ էր ապահովում, այժմ՝ 72 հազար դրամից քիչ:

Երկրորդ տարբերակի դեպքում մեկ տարի առաջ 10 հազար ռուսական ռուբլին մեզ մոտ փոխանակվում էր 119 հազար դրամով, իսկ այժմ 71 հազար դրամից էլ քիչ է կազմում: Առաջին տարբերակը երկրորդից տարբերվում է միայն հազար դրամով: Եվ այսպես, Ռուսաստանում եւ Հայաստանում արժույթի փոխարժեքի հետեւանքով վնասը 10 հազար ռուբլու դեպքում կազմում է 48 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ, ռուսական փոխանցումներից հայկական դրամական եկամուտը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 40%-ով: Դրան հավելենք Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտների նվազման միտումը: Անշուշտ, փոխանցումներ ստացող հարյուր հազարավոր ընտանիքների կենսամակարդակը զգալի վատացել է, իսկ երկրում աղքատության մակարդակը՝ ավելացել:

Մյուս խնդիրը կապված է բնական գազ սպառող հայրենական առեւտրային ընկերությունների հետ: 10 հազար եւ ավելի քմ բնական գազ սպառող բաժանորդների համար սակագինը կազմում է 276,98 դոլար՝ 1 հազար քմ-ի դիմաց: Ընդ որում, հիմք է ընդունվում ամսավճարին նախորդող ամսի 25-ի դրությամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը:

Անցյալ տարվա հունվարին 10 հազար քմ բնական գազ սպառելու դեպքում բաժանորդը պետք է վճարեր 4,05 մլն դրամ, իսկ այժմ՝ 4,60 մլն դրամ: Դոլարի ուժեղացման պատճառով հավելյալ վճարը ավելի քան 0,5 մլն դրամ է կամ 13%-ով ավելի: Արդյունքում ավելանում են արտադրական ծախսերը:

news.am