NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ԵՊՀ սոցիոլոգիայի դասախոս Ժաննա Անդրեասյանի եւ Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանի՝ «The Washington Post»-ում հրապարակված հոդվածը:

Հայաստանում՝ ոչ մեծ, ռուսամետ հետխորհրդային հանրապետությունում, վերջերս տպավորիչ զանգվածային բողոքի ցույցեր անցկացվեցին: Առաջին հայացքից դրանք ուղղված էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Սակայն Մոսկվայում պահպանողական լրագրողները սկսեցին ահազանգ հնչեցնել՝ հայտարարելով, որ Ամերիկան կրկին փորձում է «ռեժիմի փոփոխություն» իրականացնել:

Հայկական զոհաբերության պատմությունը մեծ դեր ունի Դյուրկհեյմի տեսության դասական իմաստով. արտաքին կոնֆլիկտը նպաստում է սոցիալական խմբերի համախմբվածությանը: Արտակարգ կոնֆլիկտը, ինչպիսին է, օրինակ, Ցեղասպանության զոհերի հիշատակումը, նպաստում է արտակարգ համախմբմանը: Դա օգնում է բացատրել, թե ինչու այն բանից հետո, երբ առաջին բախումը հակառակ արդյունքի հանգեցրեց, Հայաստանի իշխանությունները փորձեցին խուսափել ուժի կիրառումից: Այդպիսով, բողոքի շարժումը քաղաքական հնարավորությունների պատուհան բացեց:

Սակայն հայկական բողոքի ցույցերը տարբերվում էին անցյալ տարի տեղի ունեցած ուկրաինական հեղափոխությունից: Եվրամիության դրոշներ պարզելու՝ փոքրիկ խմբի փորձերը (ինչպես դա տեղի ունեցավ ուկրաինական Եվրամայդանում) հակազդեցություն առաջացրեցին: Մինչ կառավարությունը փորձում էր խուսափել բռնությունից, ցուցարարները պնդում էին, որ իրենք քաղաքական օրակարգ չունեն: Իշխանություններն իրենց հերթին ցույցերը խաղաղ եւ զուտ սոցիալական ճանաչեցին:

Ամեն դեպքում, առանց առաջնորդի շարժումը որոշակի պահի սպառնում էր վերանալ: Ի վերջո, ո՞վ կհայտարարի հաղթանակի մասին եւ կդադարեցնի ակցիան: Այդպիսով, ցույցերը ձգվեցին ու ձգվեցին՝ աստիճանաբար կորցնելով էմոցիոնալ էներգիան:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին հայտարարեց փոխզիջման մասին՝ դեմքը պահպանելու համար. Հայաստանի բյուջեն կփոխհատուցի սակագնի ավելացված մասը, իսկ անկախ հանձնաժողովը՝ ցուցարարների ներկայացուցիչների մասնակցությամբ, կարող է ստուգել էլեկտրաէներգիայի նոր սակագնի տնտեսական հիմնավորումը:

Ցուցարարները, չնայած կարճատեւ փառքին, որին հետեւեց ճեղքվածքը, հնարավոր է՝ երկարաժամկետ հեռանկարում շահեցին: Դեռեւս պետք է հասկանալ, թե քաղաքական ինչ ձեւեր կընդունի այդ շարժումը: Շատ բան կախված է այն հանգամանքից, թե հետագայում ինչպես կսովորեն երիտասարդ հայ ակտիվիստները: Դյուրին չի լինելու: Շարժումն այն աստիճան աճեց, որ ստիպված կլինի հստակեցնել իր քաղաքականությունը:

Ամեն դեպքում, արդեն այսօր կարելի է միանգամայն հստակ ասել, որ քաղաքական նոր սերունդը հասունացել է: Այս շարժման արդյունքում Հայաստանի հերթական ընտրություններն ավելի պակաս կանխատեսելի են թվում, քան ընդամենը մեկ ամիս առաջ: