Գարեգին կաթողիկոսը, նստած իր աթոռին, իրեն Աստված ու թագավոր է զգում՝ վերացնելով մեր բոլոր ազնիվ հոգևորականներին: Ձեռնադրությունն անջնջելի և անկրկնելի խորհուրդ է, եթե հավատում են ու հավատացյալ են, սակայն երբ բախտի բերմամբ ու Քաջ Նազարի հաջողությամբ նստել են այդ աթոռին ու հրամաններ են արձակում՝ ձեռնադրվածին հեռացնելով, ուրեմն վայ մեր ժողովրդին: Նախագահից ու Ազգային ժողովից, կառավարությունից բռնած բոլորը հանցավոր ձևով լռում են՝ կանաչ լույս վառելով Գարեգին Բ կաթողիկոսի առաջ, և նրանք այսօր հայ եկեղեցու վիճակի համար մեղավոր են»:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Տիրան արքեպիսկոպոս սրբազան Կյուրեղյանը, ով 25 տարի եղել է Մոսկվայի հայոց թեմի առաջնորդ ներկայացուցիչն ու հովիվը եւ ով ձեռնադրել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանին: Վերջինս կարգալույծ է արվել վերջերս:

Տիրան սրբազանի հետ ԳԱԼԱ-ի ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

-Իրենք չեն խառնվում եկեղեցու գործերին, նրանք պարզապես գործիք են դարձրել իրենց անարդարությունները կաթողիկոսի օրհնությամբ հաստատելու համար: Դժբախտաբար այս է վիճակը՝ արտագաղթ ու անվստահություն հայկական հողի հանդեպ, անգամ օսմանյան կայսրության ժամանակ նման իրադրություն չի եղել: Որևէ սուլթանի մտքով չի անցել, որ հային կարելի է կտրել Էջմիածնից և նա կոչնչանա… Խնդրեմ, Գարեգին Ներսիսյանը իր հայրապետական վճիռներով ու քմահաճ ձևով որոշումներ է կայացնում: Իսկ այն հոգևորականները, ովքեր չեն կատարում իր «հրամանները», հեռացվում են: Գարեգին Ներսիսյանն իմ հոգևոր եղբայրն է՝ մենք միասին ձեռնադրվել ենք Սուրբ Էջմիածնի խորանին:

-Մեր հոգևորականների անունները հաճախ են կապվում այս կամ այն բիզնեսի հետ, ըստ Ձեզ՝ սա ինչի՞ հետևանք է:

-Այսպես շեղակի մոտենալով հարցին՝ նշեմ, որ ինձ ցավ պատճառեց այն, որ Գարեգին Բ Ներսիսյանը Ազգային ժողով ներկայացրեց մի ցուցակ՝ 400 կառույցներ («օբյեկտ» բառը օգտագործելով) հարկերից ու տուրքերից պետք է ազատվեն: Ես իբրև հոգևորական համամիտ եմ, որ եկեղեցին պետք է տուրքերից որոշ տեղերում ազատվի, սակայն սա այն դեպքում, երբ խոսքն անմիջապես եկեղեցու ու հոգևոր հարցերին է վերաբերում, մնացած դեպքում բարի եղեք բոլորին հավասար հարկեր և տուրքեր վճարեք՝ գործարան եք կառուցում, ագարակներ եք պահում, թե մեկ այլ բան: Այդ 400 կառույցի ցուցակի մեջ ինչեր են մտնում՝ գետեր, լճեր, մարզադաշտեր, շենքեր և այլն: Իսկ Ազգային ժողովի անբարոյական անդամները ընդունեցին այն՝ դա մեծ անբարոյականություն է, քանզի այդ տուրքերը գնում են երեխաներին, ուսուցիչներին, թոշակառուներին և մեր հանրային կյանքի բոլոր կարիքներին, և հետևաբար Ազգային ժողովը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ մեկտեղ կողոպտում են մեր ժողովրդին: Ազգային ժողովն այդ նախաձեռնությունը հաստատելով՝ կանաչ լույս է տալիս որոշ անձանց՝ զբաղվելու բիզնեսով: Հոգևորականը չի կարող զբաղվել բիզնեսով:

-Այս ընթացքում բազմաթիվ դժգոհություններ են հնչում ներկայիս կաթողիկոսի հետ կապված: Ի՞նչ ձևով է տեղի ունեցել Գարեգին Բ Ներսիսյանի ընտրությունն իբրև կաթողիկոս:

-Ընտրությանն իշխանության կողմից խստագույն ճնշում բանեցվեց բարձրաստիճան հոգևորականների վրա՝ ստիպելու, այսպես ասած, հանդուրժելի և ցանկալի անձի վրա կանգ առնել: Հոգևորականներից յուրաքանչյուրը կարող է պատմել այն ճնշումների մասին, որը եղել է Գարեգին Բ Ներսիսյանի ընտրության ժամանակ: Իմ անձի նկատմամբ հատկապես մեծ է եղել ճնշումը, քանզի թեմը մեծ էր, և ժամանակը կգա ու պարզ կդառա այդ ամենը: Ավանդությունն էլ, կարգ ու կանոնն էլ խախտված է: Ընտրության ժամանակ Մայր տաճար պետք է մտնեին միայն ընտրության իրավունք ունեցող պատգամավորներ, սակայն այդ օրը Մայր տաճարի դռները բաց էին, և ակնհայտ մուտք ու ելք էին անում և ոչ պատգամավորներ, այն դեպքում, երբ բավական է ներս մտնի մեկ օտարական, և ընտրությունը համարում են չեղյալ:

-Տեր Մարտիրոսին, ով ևս ծառայում էր Մոսկվայի հայ եկեղեցում, կարգալույծ անելու հարցը աղմուկ բարձրացրեց: Տիրան սրբազան, Դուք այս առնչությամբ ի՞նչ կասեք և առհասարակ ինչի՞ հետ եք կապում վերջին շրջանում հաճախ տեղի ունեցող կարգալույծի երևույթը:

-Տեր Մարտիրոսին երկար տարիներ եմ ճանաչում: Երբ նա տեղափոխվեց Մոսկվա, մանկական խաղալիքների գործ, բիզնես էր անում և օգտակար էր լինում, որպեսզի հայկական դպրոցը գոյություն ունենա: Երբ ես երիտասարդի մեջ տեսա ծառայելու պատրաստակամությունը, ցանկությունը, գիտելիքները՝ լինելու հովիվ՝ քաջատեղյակ լինելով մեր եկեղեցու ոչ միայն պատմության, այլև ավանդական կարգուկանոնին, ես նրան առաջարկեցի, և հպարտ եմ զգում, որ մեր հոգևոր դասում կա այդպիսի պատրաստված ու նվիրված հոգևոր հովիվ: Եվ այսօր միակ հովիվը, որ կա Մոսկվայի տարածքում, ինքն է, իսկ մյուսները, ներեցեք, բայց ծիսակատար քահանաներ են: Ներսիսյան եղբայրները որևէ մի տեղ հովիվների երկար չեն պահում, որպեսզի ժողովուրդին բաժանեն: Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր բազմահազարանոց ժողովուրդը սիրում ու հետևում է տեր Մարտիրոսին: Կաթողիկոսի եղբայրը չի կարող հարցերին պատասխանել, եղել են դեպքեր, և ես քաջատեղյակ եմ, որ երիտասարդներ են նստած դահլիճում, իսկ բեմին նստած են կաթողիկոսի եղբայրը, տեր Մարտիրոսն ու տեր Հակոբը, և երբ հարցեր են տալիս դահլիճից, նա ասում է, թե՝ տեր Մարտիրոս, պատասխանեք, տեր Հակոբ, պատասխանեք ու այդպես շարունակ:

-Ներկայումս ինչպիսի՞ մթնոլորտ է հայ եկեղեցում, ինպիսի՞ն է մեր հոգևոր դաշտը հիմա:

-Մի փոքր ետ գնալով՝ նշեմ, որ Վազգեն կաթողիկոսի վախճանից հետո՝ արդեն 1995-1999 թվականի կաթողիկոսական ընտրություններն անցան շատ արտառոց պայմաններում, և դժվար կարելի է այդ ընտրություն անվանել: Այդ ընթացքում շատ խիստ ձևով միջամուխ եղան իշխանությունները՝ ճնշելով բոլոր բարձրաստիճան հոգևորականներին ու պատգամավորներին՝ իրենց կամքը թելադրելու: Եկեղեցին ժողովուրդն է, և եկեղեցին էլ կոչված է ծառայելու ժողովրդին, քարոզելու Ավետարանն ու հոգևոր սնունդ հայթայթելու ժողովրդի համար: Ժողովուրդն է ընտրում իր հովիվին, իր առաջնորդին: Ի տարբերություն շատ ուրիշ ժողովուրդների՝ մենք բավականին ժողովրդական եկեղեցի ենք, և հավատացյալ ժողովուրդն է ընտրում իր տիրացուին, ապա ասում, որ ուզում ենք նա լինի մեր հոգևոր հովիվը, և ոչ թե վերևից են նրանց ասում: Սակայն վերջին երկու ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդի կամքն անտեսվել է և տեղի չի ունեցել ընտրություն, իսկ այդ ամենի հետևանքները ասօր տեսնում ենք մեր հոգևոր դաշտում՝ մանավանդ 1999 թվականի ընտրությունները: Իսկ այսօր մեր եկեղեցին շատ ծանր պայմաններում է գտնվում, քանզի խախտվում է ամբողջ կարգ ու կանոնը, որը եկել է դարեր ի վեր: 22-23 թվականի Կիլիկիայի վերջին ջարդերը ստիպեցին, որ Կիլիկիո հոգևոր դասն ու ժողովուրդը դեպի Լիբանան և Մերձավոր Արևելք մազապուրծ լինեն և հույս ունենալով, որ մեր Կիլիկիան կվերադառնա մեզ, պահպանեցին Կիլիկիո աթոռն ու ստեղծեցին մի կառույց, որը կոչվում է Կիլիկիո կաթողիկոսություն. Լիբանան, Սիրիա և Կիպրոս հոգևոր թեմերն էլ պատկանում են նրան: Գարեգին Առաջին Հովսեփյան մեծն կաթողիկոսի մահից հետո՝ արդեն 1956 թվականից հետո բաժանում մտավ մեր եկեղեցու մեջ, և Կիլիկիո աթոռը դարձավ առանձին թև: Ներկայումս մենք կազմած ունենք եկեղեցական մի կանոնադրություն, որտեղ հստակ ցույց է տրված ամեն մի կառույցի իրավունքն ու գործելու հնարավորությունները՝ սկսած Ամենայն հայոց կաթողիկոսից, մինչև ծխական խորհուրդ: 1998 թվականին Գարեգին Առաջին Սարգսյան կաթողիկոսը Կիլիկիայից տեղափոխվեց Ամենայն հայոց կաթողիկոսարան. նա ծանր վիճակում էր, լեզուն էր հեռացված, չէր կարողանում խոսել, և հանկարծ Հայաստանում հայտնվում է մի կանոնադրություն, որտեղ 13-րդ հոդվածը գրում է, որ աշխարհի բոլոր հայաստանյան եկեղեցիները իրենց շարժական և անշարժ գույքերով պատկանում են Ամենայն հայոց կաթողիկոսարանին: Հենց այդ կանոնադրությամբ էլ սկսվեցին լուրջ խնդիրներ եկեղեցու ծոցում: Առաջին հատվածը, ինչպես հայտնի է, եկավ Մոսկվա՝ իմ գրպանին ու իմ անձին, ապա նոր այն տարածվեց Եվրոպայով ու մինչ օրս էլ այն շարունակում է խանգարել մեր եկեղեցական կարգ ու կանոնը:

-Ի՞նչ է լինում այդ կանոնադրության հետևանքով:

-Ազգային եկեղեցական ժողովն ունի երեք կարևոր հանգամանք՝ ընտրում է կաթողիկոսին, փոփոխություններ է մտցնում մեր կանոնադրության մեջ, և երրորդ՝ ընտրում է գերագույն հոգևոր խորհուրդ: Գարեգին Ներսիսյանը առաջին օրից, երբ եկավ բազմեց Լուսավորչի գահին, պատվեր արձակեց և իր համար ոչ հանդուրժելի եկեղեցական անդամներին հանեց և կազմեց նոր հոգևոր խորհուրդ: Հետևաբար այդ օրվանից էլ նոր կազմավորված այդ հոգևոր խորհրդի ստորագրություններն ապօրինի են ու հետևանքները տեսնում ենք առ այսօր: Մեսրոպ արքեպիսկոպոս Պոլսո պատրիարքի նամակը՝ հղված Գարեգին Երկրորդ կաթողիկոսին, ամբողջությամբ կետ առ կետ նշում է այդ տարիների ընթացքում նրա թույլ տված սխալները: Գործունեության սխալն այդտեղից է գալիս ու շարունակվում:

galatv.am