Ռոբերտ Քոչարյանը ոչ մի բարոյական իրավունք չունի Հայաստանում կատարվող որեւէ երեւույթի մասին խոսելու, մեկնաբանելու կամ կարծիք հայտնելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահի վերջին հարցազրույցին:

«Մի մարդ, որը բռնաբարել է սահմանադրությունը, գնդակահարել 10 անձի, իրավունք չունի սահմանադրական բարեփոխումների մասին խոսելու: Ինչ վերաբերվում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ նրա հայտնած կարծիքին, ապա տասը տարի եղել է իշխանության, ժողովրդի օգտին ոչ մի անգամ ոչ մի բան չի արել, իր ժամանակ ոչ մի բանին տեղ չի դրել, հիմա ի՞նչ է խոսում: Ցինիզմն էլ սահման ունի, մարդու բարոյականությունը պետք է թույլ չտա ցինիզմի սահմաններն անցնել»,- ասաց նա:

Արամ Կարապետյանի խոսքով՝ Քոչարյանը պետք է երբեք եւ ոչ մի դեպքում Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին կարծիք հայտնի. «Կարմիր գծերի եւ տեսախցիկների մասին էլ խոսում է, որովհետեւ երեւի փողը պրծել է, սա իհարկե կատակ, բայց նորից եմ ասում ՝ նա բարոյական ոչ մի իրավունք չունի խոսելու»:

Նշենք, որ հունիսի 23-ին նտված հարցազրույցում Քոչարյանն անդրադարձել է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն եւ ճանապարհային տուգանքներին:


Աղբյուր՝ news.am