Տուժողի մորը վրդովեցրեց պաշտպան Կրոմվել Գրիգորյանի միջնորդությունն ու քմծիծաղ տվող ամբաստանյալը՝ Դավիթ Թամրազյանը: Նա այն աստիճան բարկացավ, որ ձեռքին եղած տոպրակը նետեց փաստաբանի ուղղությամբ. «Ամենադաժան ձևով ա երեխուս սպանել, թուրքի նման սպանել ա երեխուս, ի՞նչն ես հետազոտում, դիտավորյալ, դաժանաբար սպանել ա երեխուս, դու չափն անցել ես արդեն: Մի տարի ա՝ դու ինձ տանջում ես: Նստած դեմս ժպտում ա էս թուրքի ծնունդը: Դու իմ երեխուն կյա՞նք ես տվել, որ խլես»,- բղավեց տուժողի մայրը, որն իրեն վատ զգաց ու դուրս եկավ նիստերի դահլիճից:
Դատապաշտպան Գրիգորյանը միջնորդեց հրապարակել մեկ ամսվա ընթացքում ամբաստանյալի կատարած զանգերի ցանկը՝ պատճառաբանելով, որ դատարանը հետազոտել է միայն դեպքի օրվա զանգերը, մինչդեռ քննիչը որպես ապացույց ճանաչել է մեկ ամսվա զանգերի ցանկը: Դատարանը հրաժարվեց դրանք հրապարակել ու դիտել որպես ապացույց՝ փոխարենն առաջարկելով, որ պաշտպանն ինքն այն հրապարակի: Պաշտպանն ասաց, որ կրիչով իրեն տրամադրած զանգերի ցանկը թողել է տանը եւ պահանջեց այդ պահին իրեն տրամադրել 106 էջից բաղկացած ցանկի տպագիր տարբերակը, ինչը հունից հանեց դատավորին: Փաստաբանին տրամադրվեց ցանկի մի մասը, ինչի պատճառով էլ պաշտպանն ու դատավորը սկսեցին բանավիճել, մինչև որ պաշտպանը հայտարարեց, որ ցանկանում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին: Միջնորդությանը պատրաստվելու համար նա խնդրեց դատական նիստն այլ օր նշանակել:
Դատավորը, սակայն, նրան կես ժամ ժամանակ տվեց՝ միջնորդության տեքստը պատրաստելու համար:
Կես ժամ անց դատական նիստը շարունակվեց, սակայն ամբաստանյալի պաշտպանները չներկայացան նիստին. նրանք 15 րոպե առաջ հեռացել էին դատարանից՝ առանց դատավորին տեղեկացնելու: Դատարանը որոշեց դիմել փաստաբանների պալատ՝ պաշտպանին պատասխանատվության ենթարկելու համար:
Նշենք, որ Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վիրավորված լինելով իր հետ հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, 2013թ. մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի բնակարան, ասել, թե իբր անակնկալ նվեր ունի նրան տալու, խնդրել է աչքերը փակել և իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքով աղջիկը տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել է դեպքի վայր հանդիսացոող բնակարանը՝ սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նշենք, որ տուժողը մատուցողուհի է աշխատել այն հյուրանոցում, որտեղ նախկինում աշխատել է ամբաստանյալը: