Ֆրանսիայի Բուր-լե -Վալանս քաղաքի գրադարանի սրահում Ֆրանսիայում ապաստան ստացած թուրք սոցիոլոգ եւ գրող Փնար Սելեքը ներկայացրել է իր հեղինակած վերջին «Որովհետեւ նրանք հայ են» գիրքը։

Ինչպես գրում է Nouvelles d’Arménie պարբերականը, գրքի ցուցադրությանը ներկա է եղել 120 մարդ, որոնց թվում՝ բազմաթիվ պաշտոնական անձինք։ Գրքի ցուցահանդեսին ներկա է եղել Վալանսի եւ Բուր-լե -Վալանսի քաղաքապետներ Նիկոլյա Դարագոնը եւ Մարլեն Մուրյեն։

Փնար Սելեքը գրքից մի քանի հատված կարդալուց հետո խոսքի թույլտվություն է խնդրել եւ ներկայացրել իր գործունեությունը, Հայոց ցեղասպանության իր տեսլականն ու ճշմարտությունն «այս Թուրքիայում, որը թուրքերի փառաբանման եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման հիման վրա կառուցել է ազգ-պետության մասին պատմող առասպելը»։

Գրքի հեղինակը նշել է, որ Թուրքիան կառուցվել է հայերի, հույների եւ այլ ազգերի ստեղծած քաղաքակրթության մոխիրների վրա, եւ «խոսել այդ ազգերի մասին, նշանակում է հարցականի տակ դնել Թուրքիայի գոյությունը՝ ամբողջապես կառուցված ուժեղ եւ համարձակ թուրքի մասին պատմող ստի վրա»։

news.am