Թղթախաղով շահած ահռելի գումարները Իգորին ճանաչում ու հեղինակություն բերեցին: Ջանալով ավելի ու ավելի շատ փող շահել, Իգորը չնկատեց, թե ինչպես փողը սկսեց ամբողջությամբ իշխել իր վրա:
«Ես չէի ցանկանում կորցնել հեղինակությունն ու ճանաչումը: Ինձ դուր էր գալիս այդ համբավը: Եվ ես սկսեցի վախենալ, որ մի օր կկորցնեմ այդ ամենը: Վախը սկսեց մշտապես և ամենուր հետապնդել ինձ: Դա էլ ստիպում էր ինձ ավելի մեծ փողեր շահել՝ խաղալով կամ մարդկանց խաբելով»:
Փող «վաստակելուց» հետո Իգորը «հանգստանում էր» ռեստորաններում ու գիշերային ակումբներում: Եվ շուտով ի հայտ եկավ նոր մոլություն՝ խմիչքն ամբողջությամբ զավթեց խաղամոլի էությունն ու նրան դարձրեց հարբեցող: Ավելին՝ հաճախ հարբելու հետևանքով նրա խոսքը սկսեց «համեմվել» փողոցային բառերով ու հայհոյանքով:
«Չէի կարողանում տիրապետել նույնիսկ սեփական լեզուս: Խոսքս ամբողջովին հագեցված էր նեգատիվ բառերով ու դարձվածքներով: Այս ապրելակերպը հպվեց նաև ընտանիքիս, ամեն բան հասավ իր տրամաբանական ավարտին: Ընտանիքս կործանվեց՝ կինս հեռացավ: Եկան ահավոր հուսահատության օրերը: Ես կորցրի ամեն բան, ինչի սպասել էի, ինչի մասին երազել էի»:
Տեսնելով Իգորի տառապանքները, ծանոթ կանանցից մեկը Նրան տարավ եկեղեցի: Իգորը հնազանդորեն ենթարկվեց և երկու ամիս կանոնավոր հաճախեց եկեղեցի: Յուրաքանչյուր ծառայությունից հետո նույն կանոնավորությամբ այցելում էր գարեջրատուն և հարբում մինչև գիտակցության կորուստը: Բայց ծառայություններից մեկի ժամանակ Իգորն ինքն իրեն զգաց որպես վերջին ստահակ ու մեղսագործ, և սրտում Աստծո առաջ զղջալու, ապաշխարելու ցանկություն առաջացավ: Ապաշխարությունից հետո սկսվեցին հրաշքները:
«Նախկինում մեծ ճիգեր էի գործադրում, որպեսզի խոսեմ առանց հայհոյանքների, բայց ոչինչ չէր ստացվում: Եվ հանկարծ, ապաշխարության հաջորդ օրը, զարմանքով հայտնաբերեցի, որ ես խոսում եմ մաքուր, պարկեշտ լեզվով: Եվ ես ոչինչ չէի արել դրա համար: Աստված Ինքն էր ազատել ինձ հայհոյություններից: Դրանից հետո առայսօր ես չեմ արտասանել ոչ մի հայհոյական բառ: Սա իմ կյանքի առաջին հրաշքն էր»:
Նույն օրը Իգորը մտավ այն խորտկարանը, որտեղ սովորաբար խմում էր: Բայց ի զարմանս իրեն, խմելու ցանկությունն իսպառ բացակայում էր: Այդ օրվանից Իգորը ոչ մի կաթիլ ալկոհոլային խմիչք չի խմել: Սա Իգորի կյանքի երկրորդ հրաշքն էր: Սակայն սա դեռ վերջը չէր:
Տուն գնալիս Իգորը վազեց դեպի ավտոբուսը, բայց վարորդը փակեց դռները հենց Իգորի քթի առաջ: Սովորաբար Իգորի մոտ դա բարկության փոթորիկ կառաջացներ՝ համեմված «քաղցր» խոսքերով: Բայց այս անգամ Իգորն անկախ իրենից օրհնեց վարորդին ու ասաց ինքն իրեն՝ «Ոչ մի տեղից չեմ ուշանում»:
Սա էլ դեռ վերջը չէ: Այսօր Իգորն ունի սիրող կին, ով սատարում ու հավատում է նրան: «Քանի դեռ Իգորը սիրում է Աստծուն, նա կսիրի նաև ինձ: Եվ քանի դեռ մեր ընտանիքում ապրում է Աստվածը, ամեն բան հիանալի կլինի»,- համոզված է կինը:
«Նախկինում մեր հարաբերութունները զուտ ցուցադրական էին, – ասում է Իգորը: – Հիմա ես սիրում եմ կնոջս, սիրում եմ երեխաներիս: Ու այս ամենն Աստծուց է, որովհետև Նա է դարձել իմ ընտանիքի «առանցքը»: Նախկինում ես ունէի փող, բայց չունեի երջանկություն: Հիմա փողն այն քանակությամբ չէ, որքան նախկինում, բայց այն երբեք չի պակասում իմ ընտանիքում: Ներկայումս ոչ թե փողն է տիրում իմ տրամադրությանը, այլ ես եմ տիրում նրան»:
«Ես փորձել եմ ապրել և՛ առանց Աստծո, և՛ Նրա հետ: Ու ասում եմ Ձեզ՝ ավելի ճիշտ է ապրել Նրա հետ, կենդանի Հիսուսի հետ: Եվ ես ձեզ մարտահրավեր եմ նետում՝ փորձեք ապրել Հիսուսով: Դա շատ ավելի լավ է»:
Նյութի աղբյուր