Այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են:

Այնուհետեւ տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը:

Վարչապետը ողջունել է ներկաներին եւ նշել, որ ԵԱՏՄ զարգացման ներկա փուլում առկա է ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր շուկայի կայացման դրական դինամիկա: «ԵԱՏՄ շրջանակում արդեն ստեղծվել է ամուր պայմանագրային հիմք, մշակվում են փոխգործակցության մեխանիզմներ: Այս ուղղությամբ համաձայնեցված աշխատանքը, անկասկած, իր ներդրումը կունենա մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կբարձրացնի մեր տնտեսությունների մրցունակության մակարդակը եւ համաշխարհային տնտեսության մեջ դրանց ներգրավման աստիճանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը կարեւորել է միջազգային եւ տարբեր ձեւաչափերով համագործակցության ընդլայնումը, ԵԱՏՄ-ի ավելի սերտ առեւտրատնտեսական համագործակցությունն առանձին երկրների հետ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել ԵԱՏՄ-ի զարգացման մակարդակը: Այդ համատեքստում, ՀՀ կառավարության ղեկավարն այսօրվա օրակարգի առանցքային կետերից առանձնացրել է Չինաստանի հետ համագործակցության հարցը: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի՝ Չինաստանի հետ փոխգործակցության իրավական ամրագրումը թույլ կտա ոչ միայն ավելացնել առեւտրի ծավալը, այլեւ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար ներգրավել ներդրումներ, դիվերսիֆիկացնել լոգիստիկ հնարավորությունները: Այս տեսանկյունից, Հովիկ Աբրահամյանը կարեւորել է աշխատանքը եվրասիական նախագծի եւ Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունների ուղղությամբ, որը Եվրոպան եւ Ասիան կկապի տարբեր երթուղիներով՝ ինչպես ԵԱՏՄ պետությունների, այդ թվում Հայաստանի միջոցով, այնպես էլ Հնդկաստանով եւ Իրանով: Վարչապետի խոսքով՝ ունենալով պատմական փորձ եւ լինելով ԵԱՏՄ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանը պատրաստ է իրականացնել այդ նախագիծը:

Նրա խոսքով՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի ԵԱՏՄ-ում ընդհանուր շուկաների ձեւավորման հարցը, որոնց գործունեությունը թույլ կտա վերացնել ապրանքների շարժի ճանապարհին դեռեւս գոյություն ունեցող արգելքները, ավելացնել պետությունների միջեւ տնտեսական համագործակցության տեմպերն ու ծավալները: Այս համատեքստում, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգի ընդունման նշանակությունը: «Մենք կողմ ենք նիստի համար համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ներառում են ԵԱՏՄ-ում փոխգործակցության տարբեր ոլորտներ»,- նշել է վարչապետը՝ նիստի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք եւ փոխընդունելի որոշումների կայացում:

ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ընդունելության, հյուրընկալության եւ աշխատանքի, բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Նա կարեւորել է պարբերական հանդիպումների անցկացումը՝ ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման եւ իրենց առջեւ դրված խնդիրների լուծման տեսանկյունից: Դմիտրի Մեդվեդեւն անհրաժեշտ է համարել միության իրավապայմանագրային բազայի ամրապնդումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի ամբողջական ապահովումը եւ դեռեւս առկա արգելքների ու սահմանափակումների վերացումը, տնտեսության առաջնային ոլորտներում միասնական շուկաների ձեւավորումը: Ռուսաստանի վարչապետը կարեւորել է նաեւ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի արագ ընդունումը՝ գործարար հանրության համար ապահովելով հասկանալի, կանխատեսելի եւ նպաստավոր օրենսդրական դաշտ: Դմիտրի Մեդվեդեւն անհրաժեշտ է համարել առեւտրատնտեսական կապերի զարգացումը հիմնական գործընկերների հետ, այդ թվում՝ Չինաստանի, Վիետնամի եւ Հարավարեւելյան Ասիայի այլ պետությունների հետ:

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Կարիմ Մասիմովը եւս շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար՝ նշելով, որ Ղազախստանն առաջարկել է 2016 թվականը հայտարարել առանցքային՝ երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման եւ ինտեգրացիոն գործընթացների ընդլայման ուղղությամբ: Նա կարեւորել է ԵԱՏՄ երկրների ազատ առեւտրի իրականացումն այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են՝ Հնդկաստանը, Եգիպտոսը, Իրանը եւ այլն: Ըստ Մասիմովի, ԵԱՏՄ-ն ստեղծվել է որպես բաց տնտեսական ընկերակցություն եւ պետք է շեշտը դնել տեխնոլոգիական զարգացման եւ ներդրումների գրավչության վրա:

Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն իր ելույթում առաջնային է համարել նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ձեւավորման հայեցակարգը եւ կարեւորել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի ընդունումը:

Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի խոսքով՝ Ղրղզստանի համար ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության նպատակային եւ հետեւողական աշխատանքը հանդիսանում է առաջանային ուղղություն: Նա նշել է, որ իր երկիրը նպատակադրված է ակտիվորեն իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ եվրասիական ինտեգրացիայի ամրապնդման համար, համատեղ փոխգործակցությամբ գտնել նոր ուղղություններ՝ ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների մրցակցունակության եւ հնարավորությունների բարձրացման համար:

Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ձեւավորման հայեցակարգին, կոորդինացված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին արձանագրության դրույթների կիրառմանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերին, Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների միջեւ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման եւ բաշխման հաշվետվությանը, ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի պայմանագրի նախապատրաստման ժամկետներին եւ այլն:

Նիստի արդյունքում ստորագրվել եւ հավանության են արժանացել վերոնշյալ փաստաթղթերը, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Ստորագրվել է նաեւ ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ փաստաթուղթ:

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել օգոստոսի 12-ին Սոչիում:

Նիստից հետո ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին է ներկայացվել ՀՀ-ում արտադրված եւ ներմուծված ապրանքների վրա դրոշմապիտակների էլեկտրոնային կառավարման համակարգը:

news.am