Համացանցի և տեղեկատվական ահռելի հոսքերի ներկայիս դարում տարբեր առիթներով հաճախ ենք լսում աշխարհի այս կամ այն անկյունում տեղի ունեցած հրաշքների ու հրաշագործությունների մասին: Նման դեպքերում մարդիկ գրեթե միշտ փորձում են բացատրություն գտնել` դիմելով այսօր արդեն հսկայական կարողություններ ունեցող գիտության օգնությանը: Երբեմն դա հաջողվում է նրանց, պարզվում է, որ հրաշքը խաբեության, շառլատանության դրսևորում է կամ բնության ինչ-որ արտասովոր երևույթ:
Սակայն քիչ չեն նաև դեպքերը, երբ նույնիսկ ժամանակակից գիտությունն իր արդիական տեխնիկայով ու փայլուն մասնագետներով չի կարողանում բացատրություն տալ հրաշքին, կատարված կամ դեռ շարունակվող արտառոց երևույթին, ակնհայտ փաստերին:
Մեր ընթերցողներին, կարծում ենք, կհետաքրքրի, թե Հայաստանում արդյոք նախկինում էլ եղե՞լ են զարմանալի, անբացատրելի ինչ-որ բաներ ու նույնիսկ հրաշքներ, որ գիտության տեսանկյունից հնարավոր կամ դեռ անհնար է բացատրել: Պարզվում է` միայն վերջին 100 տարում այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, դրանց մի մասի վերաբերյալ ընդամենն աղոտ հիշողություններ են պահպանվել, ականատես վկաներին գտնելը չափազանց դժվար է, եթե ոչ անհնար: Այնուհանդերձ, կան նաև համեմատաբար թարմ դեպքեր, որոնցից կներկայացնենք ընդամենը մի քանիսը:
«Հայաստանում մի քանի տեղ 88-ի երկրաշարժից հետո պատկերներ են հայտնվել բնակարանների պատերին,- մեզ հետ զրույցում պատմեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարինե Դանիելյանը:- Դրանք հայտնի են, դրանց մասին խոսվել է: Օրինակ` մեկը Էջմիածնի շրջանի մի գյուղում էր, մյուսը` Երևանում: Ինձ հրավիրեցին տեսնելու դա: Գնացի, և տեսածս կյանքում մինչ օրս իմ ստացած ամենամեծ տպավորություններից մեկն է:
1988-ի երկրաշարժից հետո էր` 88-ի վերջը կամ 89-ի սկիզբը: Պատկերները երևանյան բնակարաններից մեկում էին` հավատացյալ մի բուժքրոջ խոհանոցի պատին, գազօջախի և լվացարանի միջև: Բուժքույրը պատին հայտնաբերել էր երկու պատկեր: Մեկը կին էր` երեխայի հետ, որ շատ նման էր Աստվածամոր պատկերին, մյուսը տղամարդու պատկեր էր, որը շատերը նմանեցնում էին այս կամ այն առաքյալի պատկերին: Այն ժամանակ, եթե հիշում եք, մեզ աջակցող համերգներով հանդես գալու համար Հայաստան էին եկել Գալինա Վիշնևսկայան և Մստիսլավ Ռոստրոպովիչը: Նրանք էլ եկել, տեսել էին այդ պատկերները և բնակարանի տիրոջ մոտ գրառումներ թողել, թե ինչքան տպավորված են այդ պատկերներից:
Երբ ես ինֆորմացիայի գիտահետազոտական ինստիտուտի իմ աշխատակիցների հետ (երկու երիտասարդ կանանց, որոնցից մեկի բարեկամուհին էր տանտերը) մտա խոհանոց, առանձնահատուկ ինչ-որ բան չնկատեցի: Սկզբում տպավորիչ չէր. կարծես գորշ գույնի ինչ-որ հետքեր էին յուղաներկով ներկված պատի վրա: Ի դեպ, երբ կինը հայտանաբերել էր պատկերները, հարևաններին էր կանչել, հարևաններով, երևի կասկածները փարատելու համար, սպասք լվանալու փոշով սկսել էին լվանալ պատը, բայց պատկերները չէին լվացվել, չէին անցել:
Ինչևէ, սկզբում հիասթափություն ապրեցի` չտեսնելով պատկերները, որոնց մասին ասել էին: Նույնիսկ ինքս ինձ մտովի նախատեցի, թե արդեն այդ տարիքում, այն էլ` գիտաշխատող լինելով, ինչպե՞ս կարող էի հավատալ նման բանի: Ամաչեցի, բայց չարտահայտվեցի: Որոշեցի նստել, քանի դեռ աղջիկները տանտիրոջ հետ խոսում էին այդ թեմայով: Մտածեցի` մի քիչ կնստեմ, կթողնեմ-կգնամ, բայց պարբերաբար նայում էի պատին: Հետաքրքիրն այն էր, որ այդ պատկերները կարծես աստիճանաբար շփման մեջ էին մտնում նայողի հետ, և որքան շատ էիր նայում, այնքան պատկերներն սկսում էին ցայտուն երևալ: Ինձ համար հատկապես հստակ էր տղամարդու պատկերը, աղջիկներն ավելի հստակ տեսնում էին կնոջ պատկերը: Ես դրա միայն ուրվագծերն էի տեսնում. երիտասարդ կին էր` բարուրը ձեռքին և քողը գլխին: Աղջիկներն ավելի մանրամասն` նաև դեմքն էին տեսնում:
Տղամարդու պատկերն ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց: Նրա դեմքը կիսապրոֆիլով էր արտահայտված, բայց ինչքան նայում էիր, շուռ էր գալիս և ոչ թե կիսով չափ կողքից, այլ ուղիղ, դիմացից էր երևում: Կարծես շարժուն, դինամիկ պատկեր էր: Նույնիսկ այն տպավորությունն էր, որ գնալով մոտենում էր նայողին և ուղիղ ինձ էր նայում: Տղամարդու հայացքը շատ ծանր էր, կարծես երկու զգացում էր արտահայտում: Մեկը` տանջանք. նա մեզ համար շատ էր տանջվում, բայց հայացքը նաև նախատինք էր արտահայտում, թե այս ի՞նչ եք անում… Այս երկու զգացումները միասին էի զգում: Գլխին փշե պսակ կար, և իմ մեջ միտք ծագեց, որ Հիսուս Քրիստոսի պատկերն է:
Կարինե Դանիելյանի տեղեկացմամբ, հետաքրքիր մի բան էլ է եղել. երբ մթնել է, տան տիկինը լույսը չի վառել: Բերել է մոմեր, դրել սեղանին, և այդ պատկերները կարծես արձագանքել են մոմի լույսին: Սկսել են շատ թույլ լույս արձակել, իսկ հետո պատկերի շուրջն էլ առաջացել են խաչերից կազմված ուղղանկյունաձև շրջանակներ:
«Այդ խաչերը,- շարունակեց մեր զրուցակիցը,- սկսեցին նաև լույս արձակել: Շատ տպավորիչ էր, ես մի քանի օր այդ տպավորության տակ էի, անընդհատ հիշում էի կատարվածի մասին, հետո առօրյա կյանքը կամաց-կամաց իրենը վերցրեց:
Օրեր անց հերթական անգամ մտա աշխատավայր: Գրադարանում իմ աշխատանքն այն էր, որ նայում էի շաբաթվա ընթացքում ստացված ամբողջ գրականությունը, ընտրում էի այն հոդվածները, որոնք գիտատեխնիկական տեղեկատվության (տնտեսություն, գիտություն և այլն) առումով կարող էին պետք լինել մեր կառավարությանը և պետական այլ մարմիններին: Հանկարծ ամսագրերից մեկը ձեռքիցս ընկավ, և երբ բարձրացրի, թերթեցի, բացված էջի պատկերը նկատելով` անչափ զարմացա և ամբողջ գրադարանով մեկ գոռացի` պատին իմ տեսած տղամարդը… Ամսագրում պատկերվածը 19-րդ դարի ռուս հայտնի նկարիչ Նիկոլայ Գեի «Քրիստոսը և Պիղատոսը» նկարն էր, այն դրվագը, երբ Պիղատոսը դատում էր իր առջև կանգնած Քրիստոսին: Քրիստոսի պատկերը գրեթե 100%-ով նման էր պատին իմ տեսած պատկերին, միայն դեմքի պրոֆիլն էր տարբեր, սակայն դա, կարծում եմ, նշանակություն չունի: Մնացած ամեն ինչ, այդ թվում նաև դեմքի արտահայտությունը, շատ տպավորիչ աչքերի պատկերը նույնն էին: Հետո մի հեռուստաֆիլմ տեսա Նիկոլայ Գեի մասին, թե ինչ դժվարությամբ է նկարել այդ նկարը, քանի անգամ չի ստացվել և ոչնչացրել է, մինչև որ կհաջողվեր ստանալ իր ուզածը: Հասկացա նաև, թե ինչու եկեղեցին թույլ չի տվել, որ Քրիստոսի պատկերը, Աստծո պատկերը ինչ-որ մարդկանց նմանությամբ անեն, այսինքն` մարդուն ընտրեն որպես բնորդ: Այդ պատկերը պետք է գա, այդ պատկերը պետք է նկարչին տրվի, ինչպես, կարծում եմ, տրվել է Գեին»:
Կարինե Դանիելյանի պատմած դեպքի նման ուրիշ դեպքեր էլ են եղել. 1989 թ. Մասիսի գյուղերից մեկի բնակչի պատին նույնպես Աստվածամոր պատկերն է հայտնվել: Ականատեսներ կան, որ մինչև այսօր հիշում են դա:
«Ես այն ժամանակ փոքր եմ եղել, հորս պատմածն եմ ներկայացնում,- ասաց մեր հաջորդ զրուցակիցը` «Մխիթարիչ» ՀԿ նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը:- Քանի որ Վարդենիսում եղած փոքր, խոնարհ եկեղեցին ավերակ վիճակում է եղել, տեղացիները 20-րդ դարասկզբին որոշել են նոր եկեղեցի կառուցել: Այն ժամանակ Վարդենիսում շատ թուրքեր են եղել, նրանց առաջնորդը` Սամանդ աղան, իր պատշգամբում նստած, տեսել է, թե ինչպես են հայերը սայլերով քար տեղափոխում` Վարդենիսի այժմ գործող եկեղեցին կառուցելու համար: Լեռներից գալու ժամանակ եզներից մեկը ոլորապտույտ ճանապարհից դուրս է եկել և 5-10 մետր բարձրությունից ընկել ներքև: Սակայն ո՛չ եզներն են սատկել, ո՛չ սայլն է շրջվել, ոչ էլ քարերն են թափվել: Սա տեսնելով` թուրքերի առաջնորդն իր կողմից մի քանի սայլ քար է բերել, նվիրել հայերին»:
Այդ եկեղեցու հետ կապված հրաշքները, սակայն, սրանով չեն ավարտվում: Տեղի բնակիչներից մեկը, որը մյուսների նման մեջքին կապած քարը վեր բարձրացնելիս է եղել` վարպետներին փոխանցելու համար, մեր զրուցակցի տեղեկացմամբ, բավական մեծ բարձրությունից վայր է ընկել, բայց հրաշքով ոչ միայն չի մահացել, այլև լուրջ վնասվածք չի ստացել, ընկնելուց հետո նույնիսկ վեր է կացել ու քարը բարձրացրել վերև:
«Կոլեկտիվացման տարիներին կոմունիստներն այդ եկեղեցին վերածել են կոլտնտեսության պահեստի,- պատմեց Խաչիկ Ստամբոլցյանը:- 1935 թվականին, երբ մահացել է Վարդենիսի բնակիչներից Թովմաս սարկավագը, այդտեղ կարգված ժողովրդական կոմիսարից տեղացիները խնդրել են թույլ տալ նրա մարմինը հուղարկավորությունից առաջ դնել եկեղեցում: Քանի որ Թովմասի գերդաստանը Վարդենիսում բավականին հայտնի է եղել և հեղինակություն վայելել, նարկոմը, որ կաշվե բաճկոնով, ակնոցով, կարդացած մեկն է եղել, թույլատրել է: Այդ մարդը գիշերը բնական պետքերը հոգալու համար տնից դուրս գալով, հանկարծ տեսել է, որ եկեղեցին այրվում է:
Մտածելով, որ Թովմասի հարազատները դրանից ժամեր առաջ վառվող մոմերը մինչ տուն գնալը չեն հանգցրել, կարծել է, թե այդ պատճառով է այրվում կոլտնտեսության պահեստը: Գոռացել, իմաց է տվել շրջապատի բնակչությանը: Մեծ աղմուկ է բարձրացել: Մարդիկ, դույլերն առած, վազել են, որ հրդեհը հանգցնեն: Սակայն տեղում զարմանքից ապշել են` տեսնելով, որ եկեղեցին ոչ թե հրդեհվում է, այլ նրա պատերի վրայով բոցե լեզվակներ են բարձրանում: Երբ ձեռքերը մոտեցրել են այդ բոցերին ու նույնիսկ եկեղեցու պատերին դրել, ջերմություն չի եղել, ձեռքերը չեն այրվել: Մարտունուց, Վարդենիսի գյուղերից և այլ վայրերից ժողովուրդը հավաքվել, հուզմունքից արտասվել ու ծնկաչոք աղոթել է, որ հրաշք է տեղի ունեցել, Աստված այցելություն է կատարել: Սակայն կարճ ժամանակ անց եկեղեցու մոտ պահակներ են դրել ու մարդկանց արգելել մոտենալ: Երբ իրավակարգի այն ժամանակվա պահապանները Մարտունուց եկել, գանահարել, ծեծել են մարդկանց, պահանջել հեռանալ եկեղեցուց, մեկն ասել է` ինչո՞ւ եք մեզ ծեծում, ձեր նարկոմն է տեսել: Իմանալով այս մասին` կուսակցական ղեկավարները նրան կանչել են Մարտունի, և երբ կոմիսարը նույնությամբ պատմել է իր տեսածը, ինչ-որ մեկն ուժգին հարվածով նրան տապալել է գետնին, հետո անշարժացած մարմինը ձիու վրա գցել, տարել են, և վարդենիսցիները դրանից հետո այդ մարդու մասին այլևս չեն լսել»: