Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների դեպքի առթիվ, որի արդյունքում վիրավորվել էր 5 մարդ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Առաքելյանը:
Ոստիկանությունից հայտնում են, որ վերջինը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին: Առաքելյանը ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ: Գոռ Առաքելյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Ի դեպ, Գոռ Առաքելյանը ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է ` դստեր ամուսինը: Այս առթիվ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հարգելով անմեղության կանխավարկածը, նշել է, որ իրավասու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից հայտարարել` ում մերձավորը կամ ազգականը մասնակից եղած լինի «Վերնիսաժում» հնչած կրակոցներին, պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, գրում է Tert.am-ը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեպքի օրը ուշ երեկոյան «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիրում այցելել է կրակոցներից տուժածներին։ Նախարարը հետաքրքրվել է բոլոր հինգ վիրավորվածների վիճակով, մասնագետների հետ քննարկել ցուցաբերված բժշկական օգնությունը և հետագա բուժման անհրաժեշտ գործողությունները: Կրակոցներից տուժածների բուժման հետագա ընթացքը կգտնվի նախարարի ուշադրության ներքո։ Բժիշկների հավաստմամբ` բոլոր հինգ վիրավորների վիճակը կայուն է, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գրում է Panorama.am-ը: