NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Վերնիսաժի» մոտ, այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցած կրակոցների մասին:

Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») փեսան՝ 29-ամյա Գոռ Առաքելյանը, ով ապրում է «Պրոգրեստեխ Արմենիա» ընկերության շենքում, իր Toyota Landcruiser մեքենայով ցանկացել է դուրս գալ ստորգետնյա ավտոկայանատեղիից, սակայն Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը BMW X 6 մակնիշի մեքենայով մոտ կես ժամ փակել էեն ճանապարհը՝ առաջացնելով խցանում եւ թույլ չտալով տարածքում մեքենաների երթեւեկություն:

Գոռ Առաքելյանը, ում մեքենայում եղել է իր կինը (Կարո Կարապետյանի դուստրը) եւ երեխան, նրանցից ճանապարհ է խնդրել, սակայն, Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը ճանապարհ չեն տվել: Դրանից հետո Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, սկսել վիճաբանել նրանց հետ:

Վիճաբանությունը թեժացել է: Տարածքում գտնվողները փորձել են նրանց կարգի հրավիրել, ասելով, թե չեք տեսնում, որ կնոջ եւ երեխայի հետ է, բայց Վալերին եւ Նորայրը նշել են, թե տեսնում ենք, դրա համար էլ մեքենայից հանում ենք, որ դրսում սատկացնենք:

Դրանից հետո Կարո Կարապետյանի փեսան հանել է հրազենը եւ արձակել 5 կրակոց, որոնց հետեւանքով տուժել է ոչ միայն վիճաբանող կողմը, այլեւ պատահական անցորդներ: Ի դեպ, Նորայրի եւ Վալերիի մասին առայժմ քիչ բան է հայտնի, մեր աղբյուրները միայն տեղեկացրին, որ նրանք վերջերս են եկել Ռուսաստանից:

Ըստ մեր տեղեկությունների՝ ոստիկանությունը պարզել է միջադեպի բոլոր մանրամասները եւ ունի հանցագործության լրիվ պատկերը. առաջիկայում կլինի ձերբակալություն:

Ի դեպ, Գոռ Առաքելյանի եղբայրը՝ Գառնիկ Առաքելյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, այժմ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի երգչուհի դստեր՝ Լուսինայի ամուսինն է, ով աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում: Մեր աղբյուրները հերքում են տեղեկությունները, թե նա եւս եղել է դեպքի վայրում:

Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել է. «Դեպքի ժամին փեսաս եղել է մեր տանը՝ իմ թոռնիկի ու աղջկա հետ: Նա այդ դեպքին չէր կարող մասնակցել: Զարմացած եմ, որ նրա անունը կապել են կատարված դեպքի հետ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: ԱկանատեսներըNEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

news.am