րա դեմ մի քանի ամիս առաջ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ այս տարվա հունվարին նա ապօրինի մուտք է գործել հարեւանի բակ ու այդտեղից իրենց տուն տեղափոխել վառելանյութ: Ավելի կոնկրետ Վերոնիկան մեղադրվել է գողության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Դատական գործընթացն արդեն ավարտվել է, 28-ամյա Վերոնիկան ենթարկվել է վարչական տույժի: Սակայն ամենագլխավորն այն է, թե ինչն է ստիպել երիտասարդ կնոջը գնալու այդ քայլին:

1

1

ԳԱԼԱ-ի լրագրողն այցելել է Վերոնիկայի բնակարան: Սկզբում ինքն ու իր անչափահաս երեխաները զարմացած, տարօրինակ հայացքներով դիմավորեցին մեզ, կարծես կռահել էին, թե ինչն է տարել մեզ իրենց տուն: Վերոնիկան սկսեց պատմել, որ ապրում են սոցիալական վատ պայմաններում: 3 անչափահաս երեխաների մայրը՝ Վերոնիկա Սուքիասյանը, հազիվ է կարողանում հոգալ ընտանիքի առաջնային խնդիրները: Աշխատանք չունի, ամուսինն արդեն մի քանի տարի է գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, եւ ընտանիքի հետ կապ գրեթե չունի: Հետո սկսեց խոսել մեծ դստեր՝ Լյուբա Չիլինգարյանի առոողջական խնդիրներից ու պատմեց, թե այս տարեսկզբին ինչ պատմության մեջ է ընկել:

2

2

«Երեխաս դաունով հիվանդ է, խոռոչները չկան, ի ծնե էդպես է, ու չգիտեմ ինչ է լինելու: Ոչ մի օգնություն չեմ ստանում, ոչ մի բան, նույնիսկ ակնոցներ, որ նշանակեցին, ասում են անպայման փողով է, դեղորայքը նույնպես, բայց չունենք փող, որ պոլիկլինիկան գնացել եմ, ճվալով վրես դուրս են հանել ինձ, նույնիսկ նպաստի տեղը, որ գնում եմ, ասում են՝ 2-3 ամսվա գումար բեր տուր, որ մենք նպաստդ դասավորենք: Էս ձմեռ անգամ վառելիք չունեինք, տոլ ենք բերել, ճյուղ ենք բերել էս կողմից-էն կողմից, վառել ենք: Հիմա էդ հարցերը լուծվել են, էկան մեր վիճակը տեսան, բարեկամներն էլ օգնեցին, վճարեցինք դատարանի սահմանած գումարը: Հարեւանի հայաթից էր դա, վառելիք չկար, էրեխեքը հիվանդ…»,- պատմում ու արտասվում է երիտասարդ կինը:

3

3

Նրա մեծ դուստրը անբուժելի հիվանդությամբ է տառապում, նրա մոտ նաեւ արյան քաղցկեղ են ախտորոշել, ձմռան ցրտից հիվանդ երեխայի ոտքերը ցրտահարվել են, ինքն էլ ստիպված է եղել հարեւանի վառելափայտից օգտվել: «Հմի էլ կերթամ կնայեմ՝ տեսնիմ ուր ինչ կա, կհավաքեմ կբերեմ, որ մեկ-մեկ ցուրտ օրերին կվառեմ: Տունը շատ խոնավ է, ու Լյուբայի համար դա վատ է, իրա ոտքերը ձմռուկ էր էղել ձմեռը: Ստիպված էս կողմից – էն կողմից կբերեմ»,- նշեց Վերոնիկան: Երիտասարդ կինը չի մտածել, որ իր այդ քայլը մեծ աղմուկ կբարձրացնի, եւ որ ինքը դատարանում կհայտնվի, հիմա ուրախ է, որ երեխաների կողքին է, հարազատներն օգնել են, ու ինքը վճարել է դատարանի սահմանած տույժը: «400 հազար դրամ վճարեցի հարեւանին, մորքուրիս տղաներն օգնեցին, չնայած դա էլ մաս-մաս վճարեցինք, 100 հազար դրամներով, ինչ անեմ, ասին՝ մենք մեր տուժածն ենք ուզում, ես էլ տվեցի, որպեսզի ավել-պակաս խոսակցություններ չլինեին»:

4

4

Սոցիալական այս ծանր պայմաններում Վերոնիկային հետաքրքրում է միայն հիվանդ դստեր վիճակը: Ամուսնու հարազատները խորհուրդ են տվել երեխային մանկատուն հանձնել, սակայն նա հրաժարվել է: «Ճիշտ է, շատ վատ են պայմանները, ես մենակ չեմ հասցնում, բայց ես իմ երեք երեխաներիս տեր եմ, չեմ հրաժարվի ես իրանցից, հիվանդ էրեխուցս առավել եւս, որ ասում են էլ բուժում չկա, իրա մոտ նաեւ արյան քաղցկեղ է: Ինչ անեմ, պարտքով, վերասյայով յոլա կտանիմ, նպաստ-թոշակը կստանամ, տանիմ պարտքերը կվճարեմ»,- պատմեց Վերոնիկան: Լյուբայի մոտ վերջին շրջանում նկատվում են նաեւ հոգեկան շեղումներ, նա խոսել չի կարողանում, շրջապատում էլ իրեն տարօրինակ է պահում, բժիշկներն ասել են, թե երեխայի կյանքը փրկել չի լինի, նրան բուժել հնարավոր չէ, սակայն մայրը հույս ունի, որ ինչ-որ հրաշք տեղի կունենա, ու երեխան երկար կապրի: Նրա միակ հույսը արտասահմանյան բուժումն է, ինչի հնարավորությունը չունեն:

galatv.am