Ես մինչև երկրորդ կուրսը շատ լավ էի սովորում, հետո արդեն սկսեցի մասնակցել КВН-ին, ու առաջադիմությունս իջավ… Բացարձակ անշահախնդիր կերպով շատերի համար հումորային սցենարներ էինք գրում, նախ` որ սովորեինք, հետո` մեզ էլ էր հետաքրքիր այդ ամենը: Ես խաղացել եմ КВН-ում, անգամ ներկայացումներով հանդես ենք եկել ОРТ-ով: Հիմա «Վիտամին ակումբի» աշխատանքներն եմ կարգավորում, հաղորդումը, մինչ եթեր գնալը, ես եմ վերջնական տեսքի բերում, թե գույնը, թե ձայնը, թե այն կտորները, որ եթերի համար չեն` ես եմ առանձնացնում և ընտրում»,- մինչ հարցազրույցին անցնելը պատմեց Վաչե Թովմասյանը:
– «Վիտամին ակումբը», բացի հումորային շոուից և հաղորդումներ պատրաստելուց, ի՞նչ այլ ծրագրերով է զբաղվում:
– «Վիտամին» ակումբը շատ մեծ փրոդաքշն է: Մենք մտածում ենք ունենալ նաև ոչ եթերային ներկայացումներ: Մասնակցում ենք նաև արտերկրի մի շարք ներկայացումների: Ես և Արմուշը Ռուսաստանի 14 քաղաքներում ներկայացումներ ունենք: Հիմա դրանով ենք զբաղվում, արդեն պետք է մեկնենք:
– Սկզբում քո հումորային համարների ընթացքում չէիր երգում, բայց հիմա երաժշտական շատ համարներ ունես: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Գիտեմ, վերջերս էլի եմ լսել, որ լավ եմ երգում: Մարդ, որ 5 տարի եթերում է` շատ դժվար է զարմացնում իր հանդիսատեսին: Այնպես չի եղել, որ ես ամենասկզբից պահել էի երաժշտական իմ այդ ունակությունները՝ հիմա ցուցադրելու և հանդիսատեսին զարմացնելու համար: Ամենասկզբում, երբ ես КВН -ում էի խաղում, երաժշտական համարներ էինք անում: Հետո ստեղծվեց «32 ատամ» ակումբը, հետո` «Վիտամինը»: Արամը կար, ու նրա կողքին չէր ստացվում երգել, կամ ամաչում էի նման ձայնի կողքին երգել: Հիմա ստացվել է այնպես, որ իմ երգելու կարիքը կա, և համարներ են գրվում, որտեղ ես կարողանում եմ նաև երգել:
– Տատիկների կերպարներ ես կերտում: Ինչո՞ւ որոշեցիր հենց իրենց անդրադառնալ:
– Տատիկի կերպարը կերտել եմ Գավառի բնակիչների հետ շփվելով: Ծանոթանալով, ուսումնասիրելով Գավառի բնակիչների առոգանությունն ու խոսքը, ես կարողացա կերտել նրանց կերպարը, նմանակել նրանց խոսքը, պահվածքը: Հետո, երբ հասկանում ես, որ կերպարն ընդունվել է, շարունակում ես աշխատել այդ կերպարի հետ: Հիմնականում ես իմ կերպարները վերցնում եմ կյանքից: Վերցնում եմ ինչ-որ մեկի կերպարը և նրան նմանեցնելով` կերտում եմ իմ հերոսին:
– Կրկնությունը չի՞ ձանձրացնում հանդիսատեսին:
– Իրականում ձանձրացնում է, և ինձ մոտ հիմա այնպիսի փուլ է, որ մտածում եմ, թե կարող եմ ձանձրացնել հանդիսատեսին: Նույն բանը մի քանի անգամ կրկնելով` դու ինքդ ես լճանում: Ամեն շաբաթվա պարտադրված եթերաժամին դիմանալը մի քիչ դժվար է: Այն, ինչ դու անում ես տասը օրում, և այն, ինչ կանեիր մեկ ամսում` որակապես տարբեր բաներ կլինեն: Մեր երկու հաղորդումը մի ներկայացման չափ է: Այդ սցենարը գրում ենք 10 օրում: Իսկ եթե մենք այդ նույն սցենարի վրա աշխատեինք մեկ ամիս, պատկերացրեք, թե ինչ որակ կունենայինք: Բայց այս աշխարհը և եթերն այն տեղն է, որտեղ արագություն է անհրաժեշտ: Մենք անընդհատ փորձում ենք մի նոր բան անել, փորձում ենք մենք մեզ փոխել, որ ձանձրալի չլինի: Փորձը ցույց է տալիս, որ մարդ արարածը սահմանափակ է: Երբ մենք 2 տարի էր, ինչ եթերում էինք, մտածում էինք, թե հետո ի՞նչ ենք անելու, բայց ժամանակը եկավ, և հասկացանք, որ մենք մեզ չենք սպառել, դեռ կարողանում ենք զարմացնել հանդիսատեսին:
– Ունե՞ս եզրագիծ, որին հասնելը քեզ համար երազանք է:
– Կարող է մեծամիտ հնչել, բայց ես նպատակներ չեմ դնում իմ առջև: Անգամ, երբ КВН-ում էի խաղում` չէի մտածում, որ այսքան հայտնի կդառնամ, հաղորդում կունենամ: Առհասարակ, երբ դու քո առջև նպատակ ես դնում և հասնում ես դրան, գալիս է մի պահ, որ դա քեզ մոտ հիասթափություն, դատարկություն է առաջացնում: Բայց եթե դու անում ես մի բան ու քո սիրած ձևով ես դա անում` կրկնակի հաճելի է:
– Ունե՞ս կերպար, որը դեռ չես կերտել, բայց ցանկանում ես:
– Իրականում կան մի քանի կերպարներ, որոնց ճիշտ ժամանակը դեռ չի հասել: Փորձը ցույց է տալիս, որ ոչինչ չի կորչում: Լինում է ժամանակ, երբ ես այդ կերպարն ունենում եմ, հետո պահ է գալիս, որ հենց այդ կերպարի ի հայտ գալու տեղն ու ժամանակն է առաջանում: Թեկուզ մեկ տարի հետո, բայց այդ կերպարը բարձրանում է բեմ: Այսինքն՝ ոչինչ երբեք չի կորչում:
– Եթե հումորով չզբաղվես, ինչո՞վ կզբաղվես:
– Եթե հումորով չզբաղվեմ, ապա կզբաղվեմ երաժշտությամբ: Չեմ ուզում խոսել այն աշխատանքների մասին, որին ինձ կդրդի ֆինանսական վիճակը: Իմ հոբբին երաժշտությունն է: Առավոտյան արթնանում և լսում եմ տարբեր ժանրերի երաժշտություն: Հիմա սովորում եմ, գնում եմ ինչ-որ մարդկանց մոտ նվագել սովորելու: Իրականում ես այն երջանիկ մարդկանցից մեկն եմ, որ այն աշխատանքն եմ անում, որը սիրում եմ:
Ես աշխատում և շփվում եմ այն մարդկանց հետ, որոնց հետ հաճելի է: Այս աշխատանքը, բացի ծանրությունից, մեծ հաճույք է պատճառում: Բնականաբար, ժամանակ եմ գտնում նաև իմ երաժշտության համար: Երեկոյան ընկերներով գնում ենք ստուդիա, լավ երաժշտություն ենք լսում, հաճելի ժամանակ ենք անցկացնում:
– Ընտրո՞ւմ եք հումորները, թե՞ այսօրվա հասարակությունը պատրաստ է ընկալել ամեն տեսակի հումոր:
– Բնականաբար, ընտրում ենք: Հայկական մտածելակերպը շատ բաներ է պարտադրում: Մենք զրկված ենք սև հումոր անելուց: Հայերը դա չեն սիրում: Մենք սև հումորին այլ կերպ ենք վերաբերվում: Եվ քանի որ մեր ազգն ավանդապաշտ է, և դա շատ լավ է, մենք հրաժարվում ենք այդ ամենից: Բայց լինում են նաև դեպքեր, երբ հումորն այնքան ծիծաղելի է լինում, որ դրանից ուղղակի չենք կարողանում հրաժարվել: Այդ պարագայում մենք հաշվարկում և հասկանում ենք, թե որտեղ և ինչ կերպ կարելի է օգտագործել այդ հումորը: Բայց այն, ինչ դրսում է արվում, մենք այստեղ կիրառել չենք կարող: Հայաստանում հումոր անելն ավելի դժվար է, քան որևէ երկրում: Մենք հանում ենք սև և հայհոյախառն հումորները, որոնք հումորի հեշտ տեսակներն են, և մեր աշխատանքը կրկնակի բարդանում է:
– Անձնական կյանքում փոփոխություններ չկան: Ինչո՞ւ:
– Ես միայն հասցնում եմ իմ աշխատանքին ժամանակ տրամադրել: Ես ուղղակի չարչարվում եմ որևէ աղջկա հետ հանդիպելու համար, բայց դեռ չի ստացվում ոչ մեկի հետ ունեցած հարաբերությունները լրջացնել: Ընկերուհի չունեմ, կին կամ, առավել ևս, երեխաներ աշխարհի ոչ մի երկրում չունեմ: Սա և ժամանակի, և իմ դիրքի խնդիրն է: Օրինակ, իմ ընկերների դեպքում ամեն բան ավելի հեշտ է եղել: Իմ ընկերներն իրենց սիրելիներին ճանաչել են մինչև հայտնի դառնալը: Իսկ իմ պարագայում ամեն ինչ մի փոքր այլ է: Աղջկա մոտ իմ մասին կարծիքը ձևավորվում է թե դրական, թե բացասական եթերից: Նա մինչ ինձ ճանաչելն արդեն ունի իմ մասին իր պատկերացումները: Բայց իրականում այն, ինչ ես եմ ցույց տալիս բեմում, իմ բնությունից շատ տարբեր է:
Շատերի մոտ ֆիքսված կարծիք կա իմ մասին, որն իրականությանն այնքան էլ չի համապատասխանում: Ես իրականում շատ լուրջ եմ: Դա էլ երևի խանգարում է ինձ հասկանալ՝ արդյոք դիմացինս ի՞նձ գիտի, թե՞ իմ բեմական կերպարն է նրան ծանոթ: Այն փաստը, որ մենք չենք հաճախում շատ հասարակական վայրեր, փոքր-ինչ դժվարացնում է իմ գործը: Ես աղջիկների հետ ոչ մի տեղ չեմ ծանոթանում: Գալիս-գնում եմ ընկերներիս հետ: Բայց, ամեն դեպքում, ես ընդամենը 26 տարեկան եմ և դեռ ժամանակ ունեմ: Ինքս համեստ մարդ եմ, բայց երբ մարդկանց հետ ծանոթանում եմ, մտածում են, թե ես գոռոզ եմ: Դա երևի գալիս է նրանից, որ շատ չեմ շփվում: Բայց դա այդպես չէ: