Այս շաբաթ Լոնդոնում ՄԹ Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարար Ուիլիամ Հեյգն ու ՄԱԿ ՓԳՀ ի հատուկ դեսպանորդ Անջելինա Ջոլին հյուրընկալում են «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնությանը» համաժողովը, որի նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել այս կարևոր և հաճախ անտեսված խնդրին:
Հայաստանը՝ աշխարհի այլ 147 երկրների հետ միասին, անցյալ տարվա սեպտեմբերին Ժնևում ստորագրել է այս նախաձեռնությանը միանալու հռչակագիրը և ի դեմս Արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանի այժմ ներկայացել է միջազգային համաժողովին:
Այսօր Երևանում Բրիտանական դեսպանատունը՝ համաժողովին զուգահեռ, իր շենքի պատի վրա ներկայացրեց որմնանկար (Սթրիթ արթ), որը խորհրդանշում է Լոնդոնում ընթացող «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնությանը» համաժողովի գաղափարը, մեկ անգամ ևս ազդարարելու և ներկայացնելու խնդրի լրջությունը: ՄԹ դեսպան Քեթի Լիչը բացման արարողության ժամանակ նշեց.
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանը նույնպես ջանքեր է գործադրում վերջ դնել այս չարիքին: Որպես երկիր, որն ուղարկում է իր խաղաղապահներին միջազգային առաքելությունների, շատ կարևոր է Հայաստանի դերը այս պայքարում, քանի որ խաղաղապահները չափազանց մեծ գործ են կատարում խաղաղ բնակության պաշտպանության և բռնությունների կանխարգելման առումով: Եվ բացի դա՝ հայերը նույնպես տարբեր տեղերում՝ վերջերս ներառյալ Սիրիայում, նման բռնությունների զոհ են դարձել: Ուստի, դեսպանատան պատին խորհրդանշական այս որմնանկարը պատկերելով մենք փորձում ենք մեկ անգամ ևս կոչ անել մարդկանց պայքարել հակամարտություններում սեռական բռնության դեմ»:
Բրիտանական դեսպանատան նախաձեռնությանը միացավ նաև Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ջենիֆեր Յիփ Հեուգ Վին, ով նշեց, որ Հայաստանում իրենց գրասենյակը պարբերաբար աշխատանքներ է կատարում այս ուղղությամբ, մասնավորապես սիրիահայ համայնքի հետ:
Աղբյուր՝ 168.am