Աֆրիկյանների շենքը շրջապատող ցանկապատը քանդելիս հունիսի 9-ին ոստիկանները կանգնած հետևել են ակտվիստների գործողություններին և նրանց բերման են ենթարկել այն բանից հետո, երբ նրանք Տերյան փողոցի հատվածում ամբողջությամբ քանդել են ցանկապատը: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողներին ասաց Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեմ պայքարող «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահագն Գեւորգյանը, որը մասնակցել էր ցանկապատի ապամոնտաժմանը և բերման էր ենթարկվել Աֆրիկյանների շենքի մոտից:

«Երբ մենք սկսեցինք հեռացնել ցանկապատը, ոստիկանները հենց սկզբից հետեւում էին մեզ: Նրանք համբերատար սպասում էին, որ ապամոնտաժումը կավարտվի, ու միայն դրանից հետո են անցել մեզ բերման ենթարկելու պրոցեսին: Մենք Տերյան փողոցի կողմից բոլոր ցանկապատերն արդեն հեռացրել էինք, երբ ինձ բերման ենթարկեցին»,- ասաց Վահագն Գեւորգյանը:

Նախաձեռնության անդամներից Ստեփան Փաշինյանը նշեց, որ ինքը ցանկապատը քանդելուն չի մասնակցել և ոստիկանության բաժին է գնացել այլ վայրից: Ակտիվիստի խոսքով՝ իրեն բերման են ենթարկել մեքենայից իջնելուց 3 րոպե անց՝ առանց որևէ բան ասելու:

Նշենք, որ Վահագն Գեւորգյանի, ինչպես նաև ոստիկանության բաժնի մոտից բերման ենթարկված մյուս 9 ակտիվիստների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքը դիտավորությամբ  ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ ոստիկանությունն ակտիվիստներին ենթարկում է քրեական և ոչ թե վարչական պատասխանատվության, քանի որ հասակացել է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթները հյուծող, մաշող են, և իրենց ռեսուրսները բավարար չեն դրանք սպասարկելու համար:

«Վարչական դատարանում այժմ 200 հայց է քննվում՝ ակտիվիստներին վարչական  պատասխանատվության ենթարկելու պահանջով: Նման պրոցեսները հրապարակային են, դրա համար այս գործը ոստիկանությունը տեղափոխել է քրեական հարթություն, որպեսզի կարողանա ամեն ինչ գաղտնիության քողի վրա իրականացնել»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ այս գործով թե ոստիկանների, թե տեղական իշխանությունների գործողությունները ոչ իրավաչափ են եղել:

Ակտիվիստների խոսքով՝ իրենք չեն դադարեցնելու պայքարը, և եթե իրավական դաշտում պայքարը արդյունք չտա, կդիմեն պայքարի այլ միջոցների: Նրանք նշեցին, որ դեռ սպասում են վարչապետին ուղղված նամակի պատասխանին, միեւնույն ժամանակ, իրենց պահանջները ներկայացնող նոր նամակ են պատրաստվում ուղարկել նրան:

«Մենք պայքարում ենք, որ շենքը չքանդվի, չտեղափոխվի: Այս ճանապարհին մենք ընդունելի ենք համարում մեր քայլերը: Մենք շարունակելու ենք խոչընդոտել շինարարությունը, որովհետև եթե չանենք, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կարող է որոշել, որ Գառնիի տաճարում պետք է կարաոկե ակումբ բացի, եւ կառավարությունն էլ թույլ տա»,-ասաց Վահագն Գեւորգյանը:

Աֆրիկյանների շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին: 20-րդ դարի մեկնարկին այն ակումբ է եղել, որի այցելուները ժամանակի հայտնի գործիչներն էին` քաղաքականությամբ զբաղվող անձնինք, ձեռնարկատերեր, մշակույթի գործիչներ եւ արտասահմանյան հյուրեր: Առաքել եւ Տիգրան Աֆրիկյանները մեծ գումարներ են հատկացրել` դպրոցների եւ ճանապարհաշինության կարիքները հոգալու համար: Նրանց ֆինանսավորմամբ Երեւանում խմելու ջրի խողովակաշար է կառուցվել: Բացի այդ, ժամանակին Երեւանում Աֆրիկյան եղբայրների բամբակի եւ կոնյակի գործարաններն էին գործում: 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկի հավելվածում, ինչը նշանակում է, որ այն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։


Աղբյուր՝ news.am