Հայաստանի կառավարության ջանքերով 776 ապրանքների դրույքաչափեր մնացել են անփոփոխ. դրանք կհավասարվեն մաքսային միության դրույքաչափերին` սկսած 2022 թվականից։ Այս մասին հայտարարել է Ֆինանսների նախարարության Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արամ Քոչարյանը:
Նա հայտնել է, որ տնտեսվարողներն, ըստ էության, ամենաշատն են առնչվում Արարատյան տարածաշրջանային մաքսատան հետ. այստեղ գրանցված մոտ 19400 արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներից գործում են 9000-ը, իսկ մոտ 3000 մասնակիցներ արտաքին տնտեսական գործունեություն են իրականացնում ԵՏՄ անդամ պետություններում գրանցված կազմակերպությունների հետ։ «Փոփոխություններով, փաստորեն, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն այլեւս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չունեն. նոր կարգով ներմուծման կամ արտահանման վերաբերյալ ընդամենը 2 փաստաթղթերը տնտեսվարողը ներկայացնում է հարկային մարմին»,-տեղեկացրել է Արամ Քոչարյանը: ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված` փոփոխություններ են կատարվել նաեւ ներմուծման դրույքաչափերում. որոշ խումբ ապրանքների համար նվազեցվել կամ նույնիսկ զրոյացվել են դրույքաչափերը, իսկ որոշ ապրանքերի դեպքում՝ բարձրացել:
Նրա խոսքով՝ նվազել են սառեցված ձկան, ավտոպահեստամասերի որոշ տեսակների, պլաստմասե խողովակների, պլաստմասե այլ արտադրանքի, արեւադարձային մրգերի մաքսատուրքերը, իսկ հանվել է կանաչ սուրճի, պոմպերի, կոմպրեսորների, կենցաղային էլեկտրատեխնիկայի որոշ տեսակների մաքսատուրքը։ Կան նաեւ որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացում. կահույքի, կենցաղային էլեկտրատեխնիկայի, փայտանյութի, ավտոպահեստամասերի որոշ տեսակների։ Մաքսատան պետ Արամ Քոչարյանի խոսքով` համաձայն Մաքսային Միության մաքսային օրենսգրքի 185-րդ եւ 170-րդ հոդվածների` նորամուծություններ կան նաեւ ոչ ԵՏՄ անդամ երկրներից ապրանքների ներմուծման մասով. «Օրենսդրական փոփոխությունների արդյունքում երկարացվել են ոչ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների հայտարարագրման համար սահմանված ժամկետները. նախկին 10 օրվա փոխարեն սկզբնական 2 ամիս՝ հետագայում եւս 2 ամսով երկարաձգելու հնարավորությամբ»։
Այսինքն, ներկրողներին հնարավորություն է ընձեռնվել ապրանքների մաքսատուրքերի, հարկերի վճարումները կատարել հայտարարագրումից հետո մինչեւ սահմանված ժամկետում այդ ապրանքների բաց թողնումն՝ առանց տույժերի եւ տուգանքների։