Երեկ՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում՝ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բախվել են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 45-ամյա Արա Հովհաննիսյանի վարած Գազ 3110 մակնիշի 34 MD 401 համարանիշի, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 10 փողոցի բնակիչ, 52-ամյա Արմեն Մարկոսյանի վարած Mercedes մակնիշի 08 ՏԼ 100 համարանիշի և 20-ամյա Ատոմ Մանուկյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 CQ 286 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գազ 3110-ի վարորդ Ա. Հովհաննիսյանը և նրա ուղևոր՝ համագյուղացի, 45-ամյա Հեղինե Ալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ Ա. Հովհաննիսյանը մահացել է: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս է բերել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով: Նրանց օգնել են նաև քաղաքացիներն ու Մարտունու ոստիկանության բաժնի ծառայողները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավոր Հ. Ալոյանը Մարտունու բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ այսօր վաղ առավոտյան մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն ամուսիններ էին: Վթարի վայր է ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտայիn պատահարը, որն անզգուշությամբ առաջացրել է 1-ից և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ը, Գազ 3110-ը և Mitsubishi Pajero-ն. ամուսինները մահացել են…
Comments are closed.