Լինելով 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրող՝ ինձ թվում էր, որ բացահայտ եւ լկտի ցինիզմի դրսեւորումներով ինձ այլեւս չեն զարմացնի, քանի որ տարիների ընթացքում արդեն իմունիտետ եմ ձեռք բերել։ Սակայն ռուսաստանյան «Առաջին ալիքը» վաղուց արդեն սահմանել է ցինիզմի եւ կեղծ քարոզչության համաշխարհային բոլոր ռեկորդները։ Այս հեռուստաալիքը վստահաբար կարող է հավակնել ամենաէժան, պոռնոգրաֆիայի երանգներով, բացահայտ «դեղին» հեռուստաընկերությունների վարկանիշային աղյուսակի առաջին տեղին։ Իսկ «Пусть говорят» հաղորդումը նախատեսված է միջին վիճակագրական «быдло»-ի համար։ Հենց այդպիսինն են նաեւ դրա հաղորդավարը, հյուրերը եւ հանդիսատեսը։

«Առաջին ալիքը», որը նախընտրեց լռել Գյումիրում գազանաբար կատարված դաժան ողբերգության մասին, հունվարի 14-ին՝ սպանվածների հոգեհանգստի օրը, եթեր է հեռարձակում մի հաղորդում, որտեղ հայերին ներկայացնում են որպես սարերից իջած վայրենիների։

Մալախովը շատ սիրալիր ձայնով բարբառում է Կրասնոդարի երկրամասում հայերի միջեւ ծագած վիճաբանության մասին։ Ոմն Զավեն պաշտպանել է ռուս ընկերուհուն իր հայրենակիցներից, ինչի արդյունքում վիճաբանություն է սկսվել, որն էլ վերածվի է կռվի։ Ոստիկանների լեզվով ասած՝ «бытовуха» (կենցաղային վեճ)։ Բայց այս հասարակ փողոցային վիճաբանությունից ի՜նչ ուռճացված շոու էր կազմակերպել Մալախովը, եւ այս ներկայացման բոլոր հերոսները պարզապես գարշանք էին առաջացնում։ «Վայրենի» հայերին քննադատում էին «քաղաքակիրթ» ռուսները, ամոթանք եւ խորհուրդներ տալիս։ Եվ այս ամենը եթեր է հեռարձակվում Գյումրիում կատարված ողբերգության ֆոնի վրա։ Հանդիսատեսի շարքերում նստած մի կին վրդովված բացականչում է. «Հայեր, մի՞թե չեք ամաչում»։ Եվ ստանում պատասխանը՝ «ինչի՞ համար»։ Մի խոսքով, այս «ներկայացման» իմաստն ու նպատակը պարզից էլ պարզ էր. «ինչ սովորել այս կովկասյան վայրենիներից. նրանք անգամ նորմալ ռուսերեն չեն կարողանում խոսել»։ Ահա հենց սա էր այս ամբողջ «շոուի» ենթատեքստը։ Ռուսաստանցիներին (բնականաբար, բացառապես սլավոնական ծագում ունեցողներին) ենթագիտակցաբար, կաթիլ առ կաթիլ փորձում են ներշնչել իրենց «գերազանցության» մասին՝ բացահայտ ռասիզմ հրահրելով եւ առանց ամաչելու ֆաշիզմ քարոզելով։ Եվ այս ամենը շատ ավելի հեշտ է անել «быдло» հեռուստաընկերության ոճով, քանի որ «быдло»-ն ունակ չէ մտածել, այն կենդանու նման խժռում է ամեն ինչ՝ լինի դա հնդկաձավար, թե ֆուա գրա։ Ավելին, Ռուսաստանում ֆուա-գրա ուտելն արդեն իսկ հայրենասիրական չէ։

Շատ հետաքրքիր է, «Առաջին ալիքի» ղեկավարությունը չի՞ ամաչում նման բացահայտ ցինիզմի եւ հակահայկական քարոզչության համար, չե՞ք ամաչում ձեր զինվորի համար, ով կրակել է քնած ընտանիքի, այդ թվում՝ երկու փոքրիկ երեխաների վրա։ Ո՞չ, խիղճ անունով ոչինչ չի՞ շարժվում այնտեղ՝ ձեր ներսում։ Մի՞թե Մալախովը չի ամաչում ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի համար, մի՞թե նրան դուր է գալիս «быдло»-ի կուռք լինելը։

Իսկ Մալախովի պատասխանը շատ հակիճ էր. «Եթերի հեռարձակման օրը պատահաբար էր համընկել. տվյալ հաղորդումը հեռուստացանցում եղել է դեռեւս 10.01.15-ին»։

Մալախովի ներողությունն ու պնդումները, որ եթերը «պատահաբար» էր համընկել, ոչ մի գրոշի արժեք չունեն։ Հաշվի առնելով այն փաստը, որ սպանությունը կատարվել է հունվարի 12-ին՝ ցանկության դեպքում կարելի էր հետաձգել հեռարձակումը։

Իսկ մյուս կողմից մեղավոր ենք նաեւ մենք. ավելի ճիշտ՝ մեր ղեկավարները։ Հենց նրանք են թույլ տվել եւ շարունակում են թույլ տալ ուրիշներին նվաստացնել սեփական ազգին՝ տալով «Տհաճ էր, բայց…» ոճի երկարաշունչ բացատրություններ։

NEWS.am STYLE