Վրաստանի Ադիգենիի շրջկենտրոնում տեղի քրիստոնյա եւ մուսուլման վրացիների միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։

Տուժել է մի քանի մարդ։ Այսօր Ադիգենի են ժամանելու Կրոնի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչները, որոնք հանդիպումներ կունենան տեղաբնակների հետ, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Մոտ 30 տարի առաջ Ադիգենիում Աջարիայից մի քանի տասնյակ ընտանիք էր տեղափոխվել, որոնց տները սողանքի հետեւանքով քանդվել էին։ Իսլամադավան վերաբնակները հարմարվել էին նոր տեղին։ Խնդիրն առաջացել էր վերջերս՝ այն բանից հետո, երբ Կրոնի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչները տեղացի մուսուլմաններին թույլ էին տվել առանձին գերեզմաններ բացել։ Նախքան այդ ուղղափառներին եւ մուսուլմաններին նույն գերեզմանոցում էին թաղում։

Այդ որոշումը ուղղափառների բողոքն էր առաջ բերել։ Նրանք լրագրողներին հայտնել էին, որ գերեզմանից հետո մուսուլմանները կպահանջեն մզկիթներ եւ հետո կարող են առհասարակ ուղղափառներին դուրս վռնդել Ադիգենիից, քանի որ վերջին 3 տարում մեկ ուղղափառ նորածին երեխայի դիմաց ծնվում է 3 մուսուլման երեխա։

news.am