Խանդը նեգատիվ զգացողություն է, որն առաջանում է այն ժամանակ, երբ անբավարար է հատկապես շատ սիրելի մարդու կողմից սերը, հարգանքը, ուշադրությունը և այլն: Միևնույն ժամանակ ընկալվում է, որ այդ սերը, հարգանքը, համակրանքը տրվում է ուրիշին:
Խանդը կարող ենք ասել, որ կարծես պահանջ է տիրանալու մեկին, որի հետ գոյություն ունի հուզական կապ: Այն առաջանում է հատկապես այն ժամանակ, երբ առաջանում է ուժեղ, իռացիոնալ կորցնելու վախ նույն այդ մարդու նկատմամբ: Զգացողություն է առաջանում, որ ինչ որ մեկը վերցնում է մի բան, որը հանդիսանում է իր իրավունքը կամ առավելությունը: Եվ դա հիմնականում սերն է, որը շատ կարևոր է մարդու համար:
Խանդի արդյունքում կարող է առաջանալ զայրույթ, չարություն, վիրավորվածություն, և մարդը կարող է գործել նույնիսկ ոչ գիտակցված:
Շատ մեկնաբանություններում սերը և խանդը միահյուսվում են: Այսինքն սիրո արտահայտման ձև դառնում է խանդը: Միահյուսվում է սիրո և ուշադրության դրսևորման ձևի հետ, որը նաև մշակութային առնձնահատկություն: Եվ սա կարող ենք գնահատել այն չափանիշներով, երբ բարելավվում են միմյանց միջև փոխհարաբերությունները և նպաստում են հարաբերությունների վերակառացումանը:
Խանդի մեջ կարևոր է առանձնացնել անձնային բաղատրատարրերը՝ ցածր ինքնագնահատականը, թերարժեքության զգացողությունը, չավարտված անձնային նույնականացման գործընթացը: Եթե ամբողջացնենք խանդի պրոբլեմները կարող ենք դուրս բերել նաև տարբաբնույթ դրդապատճառներ և զգացողություններ: Խանդոտ մարդը երբեմն արտահայտում է իր անգիտակցական ցանկությունը և իր ցանկությունը վերագրում է ուրիշներին, այսինքն այն ինչը կաներ կամ անում է նույն ինքը: Արդյունքում սկսում է կորցնել վստահությունը և փչացնում ու տառապանք է պատճառում հարաբերություններին: Խանդի վերլուծությունը բազմանշանակ է և խանդը որպես հույզ, որը դրսևորվում է տարբեր վարքային ձևերով միշտ երկրորդային է ու հետևանք է անձի մի շարք ներքին հոգեբանական խնդիրների: Ինչու չէ այն երբեմն նաև կախվածություն է ներքին վստահության ամրապնդման, այլ մարդուց ուշադրության արժանանալու, սեփական ես – ը զգալու միայն այլ մարդու միջոցով, հեղինակության հաստատման և այլն: Անձի զարգացման և ինքնակայացման համար ռավել խանգարող և վտանգավոր է կպչուն կամ հիվանդագին խանդը, որը երկու ձևով է դրսևորվում:
Առաջին դեպքում առկա է սեփականության զգացողությունը: Այս ձևը առաջանում է այն ժամանակ, երբ զուգընկերներից մեկի մոտ առկա է իշխանություն կամ
իշխանության զգացողություն մյուսի նկատմամբ և առկա է բարձր ինքնագնահատական: Այս դեպքում խանդը կարծես ավելի շատ հեղինակության կորստի վախ է: Նման իրավիճակում երբ զուգընկերը ակտիվորեն փորձում է ապացուցել, որ ինքը մեղավոր չէ, խանդոտը հանգում է այն եզրակացությանը, որ ՙգողի գլխին գլխարըկը վառվում է՚ իսկ երբ անգամ լռում է, նա գնահատում է, որ ՙ գող շունը գիտի, թե ինքն ինչ է արել՚: Սեփականության զգացողությունը այնքան ուժեղ է, որ անիմաստ է համարում դիմացինի՝ ինչ որ բան ապացուցելը: Խանդի մասին միտքը նույնիսկ օգտագործում է որպես մանիպուլյացիայի միջոց, որպեսզի զուգընկերոջ մոտ առաջացնի մեղքի զգացողություն: Այս տիպի խանդի դեպքում պարտադիր չէ, որ զուգընկերը դավաճանի, հետո նոր մեղադրվի կամ պատժվի: Խանդոտը պնդում է, որ արել է և թող իր մեղքերը տանի կամ ապացուցի իր մաքրությունը:
Այնուամենայնիվ այս ամենը խորը վախի արդյունքէ որ կկորցնի իր հեղինակությունը կամ հեղինակության զգացողությունը, որը իհարկե չի գիտակցվում անձի կողմից և միայն խորը վերլուծության արդյունքում է անձը հասկանում արմատները:
Որպես կանոն հոգեբանական օգնության այս տեսակի խանդոտները չեն դիմում, և սա անհանգստացնող խնդիր է դառնում ավելի շատ զուգընկերոջ համար:
Երկրորդ տեսակը վախն է, որ կկորցնի իր զուգընկերոջը: Այս դեպքում հիվանդագին է ընդունում զուգընկերոջ կողմից ուշադրության պակասը և դա կախվածության աստիճանի է հասնում: Այս տեսակի խանդոտնին հատուկ է ցածր ինքնագնահատականը և անվստահությունը: Նա մտածում է, որ բացի տվյալ զուգընկերոջից ինքը ոչ մեկին պետք չէ և առանց այդ մարդու կկործանվի: Մշտապես ունի ցածր ինքնագնահատակ ունեցող անձին բնորոշ հարցեր. ՙինչում եմ ես վատը, ինչը այնպես չեմ անում ևայլն՚: Ամբողջ ընթացքում հիվանդագին կերպով փորձում է հետևել զուգընկերոջ կողմից ցուցաբերված ուշադրությանը և հիվանդագին կախվածության մեջ է մնում նրանից: Չի կարողանում ազատագրվել զուգընկերոջը կորցնելու վախից, որի համար տառապում է: Նա բոլոր միջոցներով փորձում է հետապնդել զուգընկերոջը, փորձում է ամեն կերպ հաստատել իր ինքնությունը, ցույց տալ որ ինքը ունի արժանիքներ, ինքը լավն է: Սակայն իր կասկածամտությունը և անվստահությունը սեփական անձի նկատմամբ ինչ որ մի փուլում որպես կանոն ձախողվում է և սկսում է զուգընկերոջը ավելի բարձր գնահատել, փչացնել հարաբերությունները:
Այս տեսակի խանդոտները իրենց սեփական նախաձեռնությամբ դիմում են հոգեբաններին, որոնք տառապում են անինքնավստահության և մեղքի զգացողությունից:
Եթե ընտանիքում առկա է խանդը, ընտանիքը վերածվում է իսկական քաոսի և խախտվում է ընտանեկան անդորրն ու ներդաշնակությունը:
Խանդի հետևանքները կարող են լինել.
– Վատանում են փոխհարաբերությունները. մշտական վեճեր, պարզաբանումներ, ստորացումներ:
– Շատ դեպքերում կասկածները կարող են հանգեցնել իրական դավաճանության:
– Կպչուն խանդի ժամանակ, որը ուղեկցվում է զառանցական մտքերով կարող են ագրեսիվ գործողություններ տեղի ունենալ:
– Երեխաների վրա բացասաբար է անդրադառնում և այդ ընտանիքներում մեծանում են նևրոտիկ խանգարումներով երեխաներ:
– Անդրադառնում է զույգերի սեփական առողջության վրա, տառապում են գլխացավերց, մարսողական համակարգի խնդիրներից, անքնությունից և այլն:
Հոգեբանական կայունության հասնելու, իրեն լիարժեք գնահատելու և իր ինքնության հստակեցման պայմաններում մարդը կարողանում է իրական գնահատական ձևավորել իրավիճակների նկատմամբ:
Շատ կարևոր է հիշել, որ խանդը քայքայիչ հույզ է և այն կարող է փչացնել ներդաշնակ հարաբերությունները: Վստահությունը ներքին ուժերին և ներքին հնարավորություններին ամենակարևոր հատկանիշն է հոգեկան բավարարվածության համար: Պետք է կարողանալ հասնել սեփական անձի ուշադրության և սիրո պահանջմունքի բավարարմանը տարբեր ճանապարհներով: Շատ կարևոր է ներքին վերլուծությունը և հիմնական դրդապատճառների դուրս բերումը, որը ձեր մոտ առաջացրել է խանդի զգացողություն և վարքային դրսևորումներ: Եթե առաջանում են դժվարություններ և ինքնուրույն չեք կարողանում ձերբազատվել տանջող ապրումներից և քայքայիչ հույզերից ձեզ կարող են օգնել հոգեբան մասնագետները: