«168 ժամ»-ն իր այսօրվա համարում մի շատ ուշագրավ նյութ է հրապարակել: Պարզվում է՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «C-Quadrat Ampega Asset Management Armenia»–ի տնօրենների խորհրդի նախագահ Էռնստ-Լուդվիգ Դրայսը վաղեմի ծանոթներ են։ «Նրանք ոչ թե ծանոթացել են Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ժամանակ, այլ շատ ավելի առաջ՝ 2002 թվականին: (Մտապահեք այս թվականը՝ 2002թ.-խմբ») Այդ ժամանակ Կենտրոնական բանկի և գերմանական գործընկեր բանկերի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ Գերմանիայում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության շրջանակներում բարեկամական համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Գերմանիայի Լորշ և Հայաստանի Գեղարդ վանքերի միջև։ Այստեղից սկսվել է Տիգրան Սարգսյանի բարեկամությունը Լորշի և գերմանացի ֆինանսիստների հետ»,- գրում է թերթը: Հիմա առաջարկում ենք երկու ամսով հետ գնալ եւ կարդալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որի ղեկավարման օրոք Տիգրան Սարգսյանը ԿԲ նախագահ էր: Ի՞նչ էր ասում Քոչարյանն իր հարցազրույցում կենսաթոշակային համակարգի ներդրման մասին: Նախ` մինչ բուն հարցին պատասխանելը Քոչարյանը փոքր, բայցեւ շատ ուշագրավ նախապատմություն է ներկայացնում: «Հարցը ակտիվորեն քննարկվել է 2004-2005 թվականներին՝ ՀՀ ԿԲ-ի նախաձեռնությամբ: Քննարկումներն, ըստ էության, դիմակայության ձևով ընթացել են կառավարության և Կենտրոնական բանկի միջև, քանի որ կառավարության միասնական դիրքորոշումը դեմ էր պարտադիր կուտակային ֆոնդի ներդրմանը: Ինձ մոտ մի քանի խոշոր խորհրդակցություններ տեղի ունեցան` վարչապետի, կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվում էր համաշխարհային փորձը, գնահատվեցին Հայաստանի ընդհանուր տնտեսության վրա այդ ռեֆորմների ռիսկերն ու ազդեցությունը: Կառավարության փաստարկները շատ ավելի համոզիչ էին, քան ԿԲ-ինը: Ընդ որում` ռեֆորմն իրականացնողը հանդիսանում էր հենց կառավարությունը, ոչ թե ԿԲ-ն, և պարտադրել կառավարությանը ռեֆորմ՝ հակառակ իր համոզմունքներին, կլիներ սխալ: Այդ պատճառով էլ որոշում կայացվեց չներդնել կենսաթոշակային ապահովագրության պարտադիր կուտակային համակարգ: Այսինքն՝ մնալ մայրցամաքային Եվրոպայի կենսաթոշակային ապահովման մոդելի պարագծում, որը հիմնված է սերունդների համերաշխության սկզբունքի վրա»,- ասում է Քոչարյանը: Հիմա հետ գնանք երեք ամիս, եւ տեսնենք, թե ի՞նչ էր ասում Տիգրան Սարգսյանն իր հայտնի` մեծ ասուլիսի ժամանակ, երբ Yerkir.am-ը նրանից հետաքրքրվել էր, թե արդյոք՞ հնարավոր է, որ կենսաթոշակային միջոցների երկու կառավարիչները ինչ-որ թելերով կապված լինեն այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Տիգրան Սարգսանն այն ժամանակ կտրականապես հերքեց դա: «Մեծ երջանկություն կլիներ, եթե երեք A ռեյտինգ ունեցող կորպորացիաները փոխկապակցված լինեին մեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ցավոք, այդպիսի վտանգավոր երեւույթներ ՀՀ-ում չկան, կան ուրիշ վտանգավոր երեւույթներ: Այդպիսի բան չկա եւ չի կարող լինել, հակառակ դեպքում` երեք A ռեյտինգ ունեցող ընկերությունները կկորցնեն իրենց ռեյտինգը, իսկ դա այն գործիքն է, որի շնորհիվ վաստակում են իրենց գումարները, դա նրանց սրբությունն է: Նման ռիսկեր, փառք Աստծո, չկան»,- ասել էր վարչապետը: Մենք ներկայացրեցինք երեք փաստ, հետեւությունները թողնում ենք ձեզ:

yerkir.am