Վճռաբեկ դատարանը օրինական ուժ է տվել առաջին ատյանի կայացրած դատարանի վճռին, որով 31-ամյա երիտասարդը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:

31-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պատահական հանդիպել է իրեն նախկինում անծանոթ` մտավոր հետամնաց մի աղջկա։ Վերջինս հայտնելով, որ կորել է, խնդրել է օգնել իրեն և զանգահարել եղբորը ու հայտնել իր գտնվելու վայրը։ Սակայն երիտասարդը, ըստ առաջադրված մեղադրանքի, օգտվելով աղջկա առկա վիճակից, խաբեությամբ նրան երթուղային տաքսիով տարել է այգի:

Ըստ մեղադրանքի՝ այգում 31-ամյա տղամարդը հանդիպել է իր կանչով եկած ընկերոջը, ում հետ աղջկան տուն տանելու խոստումներ տալով, ինչպես նաև հոգեկան ազդեցություն գործադրելով նրա վրա, մոտակայքում գտնվող մթերային խանութից գնումներ կատարելուց հետո, այդ թվում ոգելից խմիչք, աղջկան տարել են Երևանի բենզալցակայաններից մեկի ետնամաս` Հրազդան գետի աջ ափին գտնվող հողամասերից մեկը, որտեղ երկու երիտասարդները, իրենց կանչով նրանց միացած մեկ այլ երիտասարդի հետ ստիպողաբար աղջկան ոգելից խմիչքներ են խմեցրել, որից հետո, օգտվելով նրա անօգնական վիճակից, բռնություն գործադրելով նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել նրա նկատմամբ և դիմել փախուստի:

Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում 31-ամյա երիտասարդը իրեն մեղավոր չի ճանաչել: Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ երիտասարդը ցուցմունք է տվել, որ դեպքի օրն ռավոտյան աշխատանքի մեկնելու նպատակով գնացել է Դավիթաշեն թաղամաս, որտեղ սպասել է աներոջը։ Այնտեղ, կանգառի դիմացի մայթում իրեն մոտեցել է աղջիկը և խնդրել իր բջջային հեռախոսը` զանգահարելու համար։ Ըստ դատարանի վճռի՝ 31-ամյա տղամարդը ցուցմունք է տվել, որ ինքը բջջային հեռախոսը տվել է աղջկան:

Քիչ անց աղջիկը վերադարձրել է հեռախոսը և հայտնել, որ նրա հեռախոսազանգին չեն պատասխանում, որից հետո հեռացել է։ Այնուհետև, ինքը զանգահարել է աներոջը և տեղեկացել, որ այդ օրն աշխատանքի չեն գնալու։ Այդ պահին, երիտասարդի ցուցմունքի համաձայն, իրեն կրկին մոտեցել է աղջիկը և հարցրել, թե արդյոք իր բջջային հեռախոսին զանգահարե՞լ են, թե՞ ոչ։ Ինքը պատասխանել է, որ չեն զանգահարել, որից հետո միասին քայլել են դեպի մոտակայքում գտնվող այգի։ Այնտեղ նստել և զրուցել են։

Աղջիկն ասել է, որ իր հեռախոսով զանգահարել է նրա ընկերոջը։ Պատմել է նաև, որ մի քանի օր տուն չի գնացել, մնացել է ընկերոջ հետ, իսկ նախորդ օրը գինի է խմել։ Որոշ ժամանակ զրուցելուց հետո ինքը աղջկան  ասել է, որ պետք է տուն գնա, սակայն վերջինս խնդրել է մնալ նրա հետ։

Ըստ երիտասարդի ցուցմունքի՝ ինքը չի մերժել և աղջկա հետ թիվ 13 երթուղային տաքսիով գնացել են Գ.Նժդեհի հրապարակ։ Այնտեղից միասին քայլել են Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկի մոտ, որտեղ գտնվող մթերային խանութից ինքը գնել է գարեջուր և կարկանդակներ, որից հետո իջել են Հրազդան գետի ափի մոտ։

Այնտեղ միասին կերել են կարկանդակները, գարեջուր խմել, զրուցել են։ Այդ ժամանակ աղջիկը գարեջուրն անզգուշորեն թափել է կարկանդակների վրա, որի համար ինքը դիտողություն է արել նրան, ինչին ի պատասխան աղջիկը իրեն հայհոյել է:

Երիտասարդը պատմել է, որ ինքը բարկանալով մեկ անգամ ձեռքով ապտակել է աղջկան։ Այդ պահին իրենց են մոտեցել երկու անծանոթ տղաներ և հետաքրքրվել, թե ինչ են անում այդ տարածքում։ Այնուհետև, նրանք իրեն հարցրել են, թե ով է այդ աղջիկը, ինքն էլ պատասխանել է, որ անծանոթ աղջիկ է, որից հետո հեռացել է, իսկ աղջիկը մնացել է այդ տղաների հետ։

Երիտասարդն ասել է, որ ինքը աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ չի կատարել։ Ըստ դատարանի վճռի՝ տղան չի կարողացել բացատրել, թե ինչու քննիչի կողմից ոստիկանություն ներկայանալու պահանջից հետո ինքը չի ներկայացել և թաքնվել է քննությունից։

Որպես տուժող ներգրավված աղջիկը ցուցմունք է տվել, որ դեպքի օրը իրեն զանգահարել է եղբայրը, ում հետ պայմանավորվել են հանդիպել արհեստագործական ուսումնարանի կանգառում, որպեսզի նա իրեն ուղեկցի ուսումնարան։ Ուսումնարան ինքն ուղևորվել է երթուղային տաքսի ավտոմեքենայով, սակայն անուշադրության պատճառով բաց է թողել համապատասխան կանգառը, ավտոմեքենայից չի իջել և` կորցնելով կողմնորոշումը, հայտնվել է անծանոթ վայրում` Դավիթաշեն թաղամասում։

Այնտեղ իջել է երթուղայինի վերջին կանգառում և փորձել է ճշտել ուսումնարանի տեղը։ Տարբեր մարդկանց հարցուփորձ է արել, սակայն նրանք անտեղյակ են եղել ուսումնարանի գտնվելու վայրի մասին։ Այդ ընթացքում մոտեցել է նաև անծանոթ 31-ամյա երիտասարդին և հարցրել ուսումնարանի գտնվելու վայրի մասին, ով պատասխանել է, որ այդ վայրում ուսումնարան չկա։

Այնուհետև ինքը տղային խնդրել է նրա բջջային հեռախոսով զանգահարել եղբորը։ Սակայն 31-ամյա երիտասարդը մի քանի անգամ զանգահարելով իր կողմից տրված հեռախոսահամարով, նախ պատասխանել է, որ հեռախոսահամարն անհասանելի է, իսկ հետո` որ եղբայրը հեռախոսազանգերին չի պատասխանում։ Աղջիկը ցուցմունք է տվել, որ դրանից հետո 31-ամյա երիտասարդն առաջարկել է իրեն ուղեկցել տուն, ինչին համաձայնել է։

Քայլելով միասին մտել են մոտակայքում գտնվող այգի, որտեղ 31-ամյա երիտաարդը զանգահարել է մի տղայի, նրա հետ պայմանավորվել են հանդիպել «3-րդ մասի» այգում։ Այնուհետև, ինքն ու 31-ամյա տղան երթուղային տաքսիով գնացել են այդ այգի, որտեղ հանդիպել են այդ տղային, նրանք առանձնացել են և ինչ-որ բանի մասին զրուցել։

Ըստ աղջկա ցուցմունքի՝  ինքը լսել է իրենց միացած տղայի խոսքերը, որ նա խնդիր չունի։ Այդ պահին ինքը ցանկացել է հեռանալ, սակայն 31-ամյա տղամարդը թույլ չի տվել. համոզելով, որ որոշ ժամանակ անց տուն կուղեկցի, հրավիրել է հաց ուտելու։

Ճանապարհին տղամարդը մտել է մթերային խանութ, որտեղից օղի և սնունդ է գնել, որից հետո իրեն տարել են ծառերով շրջապատված ինչ-որ տարածք։ Քիչ անց եկել է նաև նրանց մյուս ընկերը, որի անունը չի իմացել։

Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ աղջիկը պատմել է, որ իրենք այնտեղ հաց են կերել, իսկ տղաները` նաև օղի են խմել։ Իրեն նույնպես առաջարկել են օղի խմել, սակայն ինքը հրաժարվել է։ Այդ ժամանակ տղաները ստիպողաբար իրեն օղի են խմեցրել, որից հետո ինքը քնել է մոտակայքում գտնվող տնակում։ Աղջիկը պատմել է, որ արթնանալուց հետո ցանկացել է հեռանալ, սակայն տղաները թույլ չեն տվել` պահանջելով հանել հագուստները, այդ ընթացքում նրանք հարվածներ են հասցրել իրեն:

Այնուհետև երեք երիտասարդները հերթով, բռնի կերպով իր նկատմամբ կատարել են սեքսուալ բնույթի գործողություններ` կենակցելով հետանցքից և բերանից, ինչից հետո հեռացել են: Ըստ դատարանի վճռի՝ աղջիկը ցուցմունք է տվել, որ հագնվելուց հետո, ինքը նույնպես դուրս է եկել այդ տարածքից և հայտնվել «Երևանյան» լճի մոտ անցնող փողոցում։

Ըստ դատարանի վճռի՝ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ աղջկա անհատական-հոգեբանական առանձնահատկություններին բնութագրական են վարքի պասիվ ենթարկվող տիպը, ներշնչվողականությունը, անհամարձակությունը, պարզամտությունը, հուզական անկայունությունը, նրա ինտելեկտը զգալիորեն ցածր է և չի համապատասխանում նրա տարիքին ու ստացած կրթությանը։

Նա դժվար է հասկանում վերացարկումները, ասացվածքների հարաբերական իմաստը, փոխաբերությունները։ Ըստ փորձաքննության եզրակացության՝ աղջիկը երևակայության հանդեպ պաթոլոգիական խախտումներ չունի, ընդունակ է ադեկվատ ձևով ընկալել քրեածին իրավիճակներում տեղի ունեցած իրադարձությունները, մտապահել դրանք և դրանց մասին տալ ճիշտ ցուցմունքներ. ստեղծված  իրադրություններում նրա մոտ խախտվել է դիմադրություն ցույց տալու ընդունակությունը, ինչին նպաստել են անծանոթ վայրերը, նրա կամքին հակառակ բռնի սեքսուալ բնույթի գործողությունները, արժանապատվության նվաստացումները, ստիպողաբար ալկոհոլային խմիչքների օգտագործումը, հոգնածությունը, շիվարածությունը, ուշադրության կենտրոնացման թուլացումը:

Մեկ այլ փորձաքննության եզրակացության համաձայն՝ աղջկա կուսաթաղանթի անատոմիական ամբողջականությունը խախտված է, խախտումը թարմ է և վաղեմությամբ կարող է համապատասխանել դեպքի ժամանակվան։ Նրա մարմնի վրա եղել են վնասվածքներ: Նրա մոտ հայտնաբերվել են նաև հեշտոցամուտքի նախադռան, հետանցքի անցման շրջանի և ուղիղ աղու վերջնային հատվածի լորձաթաղանթների պատռվածքներ, որոնք պատճառվել են` բութ առարկաներով…

Առաջին ատյանի դատարանը ապացուցված է համարել 31-ամյա տղայի կողմից աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու հանգամանքը և նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման: Որպես պատիժը մեղմացնող հանգամանքներ դիտվել են նրա խնամքի տակ կնոջ և մինչև տասնչորս տարեկան երեխայի առկայությունը, նախկինում դատապարտված չլինելը և դրականորեն բնութագրվելը, պատիժն ու պատասպանատվությունը ծանրացնող հանգամանքները բացակայել են:

Առաջին ատյանի դատարանի այդ վճիռը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, նրա պաշտպանները պահանջել են այն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ մեկ այլ կազմով քննելու համար, նրան արդարացնել կամ նշանակել ավելի մեղմ պատիժ: Քրեական վերաքննիչ դատարանը բողոքը մասնակիորեն է բավարարել, փոխել է նրա նկատմամբ նշանակված պատժի չափը և դատապարտել 4 տարվա ազատարզրկման:

Գործով դատախազը քրեականբ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել է վճռաբեկ դատարան: Մեղադրողը պահանջել է բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի վճռին:Վճռաբեկ դատարանը բավարարել է մեղադրողի բողոքը, բեկանել վերաքննիչ դատարանի որոշում ու օրինական ուժ տվել առաջին ատյանի դատարանի վճռին:


Աղբյուր՝ 168.am