«Երեւան սիթի» սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ դրած Էմիլ Դոխոյանը գտնվում է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայում՝ հատուկ ռեժիմի հսկողության տակ: Նրա ծնողները բողոքում են, որ իրենց որդուն անհիմն են պահում հատուկ հսկողության տակ, ինչը վատ է անդրադառնում տղայի առողջության վրա:
«Ինչ ա թե Վրաստանի քաղաքացի է, փողի հոտ էլ չեն առել, կոմիսիոն են արել, թեթև ռեժիմից տեղափոխել են հատուկ ռեժիմ: Թե ինչի, չգիտեմ, խելոք տղա է: Կամ թող տան մեր երեխուն տանենք, կամ էլ տեղափոխեն թեթև ռեժիմի տակ, երեխեն արևի երես տենա: Դեմքը դեղնել ա, գույն չկա, լյարդը ցավում ա, տենց կմահանա»,-NEWS.am-ի հետ զրույցում բողոքեցին Էմիլ Դոխոյանի ծնողները:
Նրանք պատմեցին, որ Վրաստանի Թբիլիսի քաղաքից են, տղան Հայաստան էր եկել կարճ ժամանակով՝ որպես հյուր: Պատահածի մասին ծնողները տեղեկացել են տղայի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի մասին իրենց ուղարկված ծանուցագրի միջոցով: Մինչեւ այսօր տարբեր պատճառներով հետաձգվել է երկու դատական նիստ: Այսօր՝ փետրվարի 28-ին, մեղադրող կողմի բացակայության պատճառով գործով հերթական նիստը նույնպես հետաձգվեց: Էմիլ Դոխոյանի ծնողները հուսահատվել են դատական համակարգի նման վերաբերմունքի պատճառով: Արդեն 8-րդ անգամ է՝ Հայաստանում են, իսկ դատական գործընթացը նրանց համար տարօրինակ պատճառներով ձգձգվում է:
«Մենք էսքան չեն կարող գնանք գանք: Ամեն գալուց 300 դոլար փող ենք ծախսում: Ի՞նչ անեմ ես, տունս ծախեմ, բերեմ իրե՞նց տամ, որ երեխուս էդ հատուկ ռեժիմում չպահեն: Տոկոսների տակ ենք արդեն: Չի կարելի սենց, հետո էլ ասում են՝ եկեք Հայաստանում ապրեք: Էս ի՞նչ երկիր ա: Մեր ուզածն ա, որ երեխուն տեղափոխեն թեթև ռեժիմի տակ, հիվանդանոցում ասեցին՝ դատարանը պիտի որոշի»,- ասաց Էմիլի հայրը՝ Ռոման Դոխոյանը, որն այսօր մոտեցավ նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին՝ տղայի գտնվելու վայրը փոխելու՝ ընդհանուր հսկողության ռեժիմի տակ պահելու հարցով: Դատավորը նրանց ասաց, որ հոգեբուժարանում պետք է որոշեն, թե հսկողության ինչ ռեժիմի տակ պահեն նրան:
Նուբարաշենի հոգեբուժական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սամվել Թորոսյանը NEWS.am-ին ասաց, որ իրենք իրավասու չեն նման որոշում կայացնելու. «Դատաքննական մարմինները պետք է նշանակեն դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներից էլ պարզ կդառնա, թե տղան որ բաժնում պետք է լինի»,-ասաց Սամվել Թորոսյանը:
Էմիլ Դոխոյանի ծնողները NEWS.am-ին պատմեցին, որ իրենց տղային հոգեբուժարանում ծեծել են: Դա իրենք հասկացել են տղայի աչքի և մարմնի տարբեր կապտած հատվածներից: Նրանք կարծում են, որ իրենց տղային ոչ միայն ծեծել են, այլև վախեցրել են, որ չասի դրա մասին, քանի որ Էմիլ Դոխոյանը ծնողներին ասել է, թե ինքն իբր ընկել է ու կապտուկներ ստացել: Հոգեբուժարանի գլխավոր տնօրենն ասաց, որ անհնար է՝ հիվանդանոցում որևէ մեկին ծեծած լինեն:
Հիշեցնենք, որ 29-ամյա Էմիլ Դոխոյանը այս տարվա հունվարին Տիգրան Մեծի 10 հասցեում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ էր դրել: Նա մեղադրվում է դիտավորությամբ կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու մեջ: Քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Գործը քննում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Աղբյուր՝ news.am