Ահազանգողը Երևանի Դավիթաշենի կամրջի հարևանությամբ գտնվող «Ձոր-1» թաղամասի բնակչուհի էր, ահազանգի պատճառը` ողջ-ողջ այրված շունը, որն ամբողջությամբ արյունոտված այս տարվա փետրվարին հայտնվել էր նրա տան բակում.
«Կինն այս ընթացքում փորձել էր օգնել շանը, բայց հասկանալով, որ նրան հատուկ մշակումներ են պետք` դիմել էր մեզ»,- Aysor.am-ի հետ զրույցում պատմել է «Դինգոյի» կամավորներից Աստղիկ Հարությունյանը, ով ահազանգից անմիջապես հետո համաձայնել է իր վրա վերցնել վառված շան խնամքը:

...

«Կենդանուն անմիջապես տարանք բժշկի մոտ, որտեղ նա ստացավ համապատասխան դեղորայքն ու հիմա պարբերաբար հատուկ քսուկներով մշակում ենք նրա այրված մաշկը: Բժիշկները հույս ունեն, որ նրա մազածածկույթը կվերականգնվի»,- ասում է Աստղիկն ու ավելացնում, որ համոզված է դրանում:
«Վառվածիկը», հենց այսպես են նրան անվանում «Դինգոյի» կենդանասերները, արդեն զգալիորեն կազդուրվել է: Շունը լավ ուտում է, այրված մաշկը վերականգնվում է ու, ինչն ամենակարևորն է, վերականգնվում է նաև նրա վստահությունը մարդկանց նկատմամբ:
Միևնույն ժամանակ, այն, որ շունը սրտացավ մարդկանց շնորհիվ փրկվել է, չի նվազեցնում անձնավորության մեղքը, ով ուղղակի կարողացել է բենզին լցնել կենդանու վրա ու այրել: Դժվար է անգամ խոսել, գրել, քննարկել այն պատճառները, որոնք կարող էին նման արարքի հիմք լինել:
Շան հարցով «Դինգոյին» ահազանգած կինը չի ցանկացել խոսել շանն այրողի մասին, բայց կամավորները տեղեկություններ ունեն, որ նա «Ձոր-1» «էլիտար» համարվող թաղամասում բնակվող երիտասարդ է:
Թաղամասը մեծ չէ` հավանական այրողին գտնելն էլ, կարծես, ոչ այնքան դժվար, սակայն այս դեպքում իրավապահներին դիմելը գրեթե անիմաստ է:
Ինչպես «Դինգոյի» կամավորները բազմիցս ահազանգել են` մեզ մոտ կենդանիների պաշտպանության մասին օրենք դեռևս չկա:

...

Գործում է միայն ՀՀ վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 92 հոդվածը (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով), որն ընդամենը տուգանք է սահմանում: