Որքան էլ որ զարմանալի թվա իմ հայրենակիցների համար, մեր քաղաքում մարմնավաճառաներ եղել են, կան եւ կարծում եմ՝ կլինեն։ Լավ է դա, թե վատ, ամեն մեկն իր կարծիքն ունի, բայց այսպիսին է կյանքը։ Սիրո քրմուհիները միշտ էլ ցանկացած երկրի անբաժանելի մասիկն են եղել։ Երեւանյան մարմնավաճառները կազմում են մեր քաղաքի վառ պատկերի մի մասը. իհարկե, ոչ այնքան հայտնի, ինչպես Կարմիր լապտերների թաղամասը Ամստերդամում, այլ ամայի մի տարածքում, ծածուկ, քողարկված։ Եվ քանի որ մեր քաղաքում նույնպես մարմնավաճառներ կան, որոշեցի անդրադառնալ այս թեմային։
Մարմնավաճառությամբ զբաղվելը չի կարող տվյալ կնոջ մոտ սպանել «պարկեշտ հայուհու» կերպարը։ Չնայած այն հանգամանքին, որ նա կանգնած է փողոցում եւ իր սեփական մարմինն է վաճառում, նա երբեք չի դիմի այլանդակ քայլերի, օրինակ՝ մինետ, օրալ կամ խմբակային սեքս։ Ավելին, նրա արտաքին տեսքն, ասես, հուշում է, որ նա մեծ զոհողությունների է գնում հանուն քեզ, իսկ դեմքի մունաթը միեւնույնն է, անփոփոխ պահպանվում է՝ նույնիսկ եթե նա բարեհաճում է նստել հաճախորդի մեքենան։ Կոլորիտային է ոչ միայն հայ մարմնավաճառի մոտեցումը հաճախորդին, այլեւ նրա արտաքին տեսքը։ Նրանք, ում հետ առիթ եմ ունեցել շփվել, հիմնականում եղել են «ավելի սարսափելի, քան 41 տարեկանը»։ Ինձ միշտ ապշեցրել է այն փաստը, որ այս կանայք, որոնց հիգիենայի տարրական կանոններին հետեւելու փաստը մեծ հարցականի տակ է, պահնաջարկ վայելել ու շարունակում են վայելել։ Բայց կա մի հանգամանք, որը երբեք ոչ մի կասկածի տեղիք չի տվել. կինն այդ քայլին դիմում է ոչ թե «փչացած», այլ հիասթափված ու հուսալքված լինելու պատճառով։ Ես հանդիպել եմ հղի մարմնավաճառների, որոնք, իրենց կլորիկ փորիկները դուրս ցցած, կանգնում էին փողոցում՝ մի կտոր հացի փող վաստակելու համար։ Եվ ոչ մի տղամարդ չէր ցանկանում հենց այնպես օգնել նրանց՝ թեկուզ միայն այն պատճառով, որ նրանք հղի էին։ Ես հանդիպել եմ նաեւ կախված կրծքով, կաղ, խուլ, ծեր կանանց, որոնց տանում էին մարմնական հաճույքները բավարարելու համար։ Ես նաեւ տեսել եմ շատ երիտասարդ աղջիկների, որոնց աչքերի վախն անհնար էր չնկատել։ Նրանք բոլորը դժբախտ եւ հուսահատված կանայք էին, որոնք հանգամանքների, մի շարք խնդիրների պատճառով խաչ էին քաշել իրենց ճակատագրի վրա ու պատժում էին իրենց… Հետեւաբար, ինչ-որ մեկին քարկոծելուց առաջ հիշեք Մարիամ Մագդաղենացու մասին…
Տարիներ առաջ ես մասնակցում էի մի «բարեգործական ստուգայցի», որի նպատակը անվտանգ եւ ապահով սեքս քարոզելն էր մարմնավաճառների շրջանում։ Ես բժշկի, հոգեբանի եւ սոցիոլոգի հետ գնացի «ստուգայցի»։ Բժիշկն աշխատում էր հայտնի դիսպանսերում եւ բավականին տեղեկացված էր այս տեսակ կանանց կյանքից, քանի որ նրա մշտական այցելուներն էին։ Ստուգայցը սկսեցինք «ամենացածրերից»՝ ամենացածր վարձատրվողներից (մոտ 500-1000դր)։ Նրանց հիմնական հաճախորդները երթուղային տաքսիների եւ ավտոբուսների վարորդներ էին։ Տեսնելով ծանոթ բժշկին՝ այս կանայք սկսեցին դժգոհել, որ «գործ չկա» եւ վերցրեցին մեր առաջարկած փաթեթներից մի քանիսը (փաթեթը ներառում էր պահպանակ, ատամի մածուկ, օճառ եւ սրբիչ)։ Բժիշկը մի քանի րոպե նրանց հետ զրուցելուց հետո, շշուկով ասում էր նրանց ախտորոշումը, ինչը սարսափեցնում էր ինձ։ Հիշում եմ, մեզ մոտեցավ մի փոքրամարմին, թխադեմ, կաղ կին, որն այնքան սարսափելի թափթփված տեսք ուներ, որ ես սկզբում մտածեցի՝ մուրացկան է։ Փորձառու բժիշկը նայեց ինձ եւ ասաց, որ նրա բոլոր կանացի օրգաններն արդեն հեռացված են, իսկ իմ ապշահար եւ համրացած հայացքը տեսնելուց հետո բժիշկն ավելացրեց. «Այսպիսիներին էլ են տանում»։ Այս «ստուգայցի» ընթացքում ես լսեցի մի շարք դաժան եւ արտառոց պատմություններ, որոնք բոլորը վկայում էին միայն այդ կանանց խոցելի եւ անպաշտպան լինելու մասին։ Կանայք, ումից անգամ իրենց հարազատներն էին հրաժարվել։ Հիշում եմ, մի անգամ միջազգային կարեւոր միջոցառումից առաջ, որի շրջանակներում բազմաթիվ զբոսաշրջիկներ պետք է գային, ոստիկանները «ստուգայց» էին անցկացրել, հավաքել բոլոր մարմնավաճառներին, ճաղատացրել, որպեսզի նրանք «չխայտառակեին» երկիրը։ Կանանցից ոմանք որոշել էին բողոքել իրավապահ մարմիններին, սակայն հետո դիմումը հետ էին վերցրել…
Գիտեք, ինձ հանդիպած բոլոր այս տեսակ կանայք, չնայած ամեն ինչի, հարգանքի էին արժանի։ Իհարկե, խոսքը բոլորին չի վերաբերում, այլ նրանց, որոնք պահպանել էին իրենց մարդկային արժեքները՝ թեպետ հայտնվել էին կյանքի ամենակեղտոտ ու զզվելի կողմում…