NEWS.am լրատվական գործակալության նախաձեռնած բարեգործական ցուցահանդես-վաճառքում մի քանի ժամ պաղպաղակ վաճառեց մանկական երկաթուղուն կից զբոսայգում:
«Չար աղջիկ չեմ եղել, ինքնամփոփ եմ եղել: Փորձանքը պտտվում էր, պտտվում ու ինձ կպնում: Դպրոցական տարիներին հիշում եմ, որ գնացել էինք Բյուրական հանգստանալու չորրորդ դասարանում էի, ոտքս բան մտավ, ինչ որ երկաթի կտոր էր: Դրանից հետո մայրիկս չէր թողնում էլ տեղ գնամ երեխաների հետ, վախենում էր ինձ համար»,- ասաց Լիլուն։
Լիլուն պատմեց, որ մանուկ ժամանակ նա շատ խաղալիքներ չի ունեցել, խաղում էր միայն մի տիկնիկով.«Տիկնիկս անունը Անուշիկ էր: Մինչեւ վերջերս ես այն պահպանում էի իր հագուստներով: Տուն տունիկ խաղալու համար էլ խելքս իմը չէր: Միշտ հավաքվում էինք ընկերուհիներով ու խաղում, իրանք իմ տուն էին գալիս, ես իրենց»:
Երգչուհի Լիլուի մոտ պաղպաղակ վաճառելը լավ էր ստացվում, նրանից պաղպաղակ գնելու, նրա հետ նկարվելու համար մարդիկ անգամ հերթ էին կանգնում:
«Կարծում եմ իրոք լավ է ստացվում: Բարձր գոռում եմ, թե ես եմ թխել այս պաղպաղակների վաֆլիները: Կամ ասում եմ՝ այս ուր առանց պաղպաղակի»,- պատմեց Լիլուն:
Լիլուն NEWS.am-ին ասաց, որ երբ երեխա ունենա չի ցանկանա, որ նա իր մասնագիտությունն ընտրի. «Չեմ ցանկանա արվեստի բնագավառում աշխատի, կուզեմ բժիշկ դառնա»:
Զբոսայգում պաղպաղակ էր վաճառում նաեւ DJ Vakcina-ն, որը ծիծաղելի հիշողություններ ուներ մանկական երկաթուղու հետ կապված։
«Ես շատ եմ սիրում մանկական երկաթուղին: Հիշում եմ, մայրիկիս հետ էի, եկանք տեսանք, որ այստեղ ձորում մարդիկ պիկնիկ էին անում, որոշեցինք իջնել: Հիշում եմ հազիվ գլորվելով իջանք, ես ընկա ցած գետի մեջ: Հետո տեսանք, որ երկու մետր այն կողմ աստիճան կար»,- ծիծաղով պատմեց DJ Vakcina-ն։
Նշենք, որ NEWS.am-ի նախաձեռնած բարեգործական ցուցահանդես-վաճառքին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաեւ զբոսայգու բոլոր այցելուները, որոնք տեղեկանալով, որ ցուցահանդե- վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն՝ գնումներ էին կատարում ավելի հաճույքով։
Այս տարի բարեգործական ակցիայի հասույթը գերազանցեց նախորդ տարվա արդյունքները, 6 ժամվա ընթացքում պաղպաղակի և այլ իրերի վաճառքից նախնական հաշվարկով հավաքվել է 810 հազար դրամ:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացրեց բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։
Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունը ցուցաբերեցին «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր էին։ Հովանոցները տրամադրել էր «Կոկա-կոլա» ընկերությունը։ Ակցիան տեւեց ժամը 11-ից մինչեւ 18-ը։